Սինգլիշ | |
---|---|
Տեսակ | կրեոլյան լեզուներ |
Ենթադաս | անգլերեն |
Երկրներ | Սինգապուր |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
Singlish Վիքիպահեստում |
Սինգլիշ կամ Անգլերենի սինգապուրյան տարբերակ (անգլ.՝ Singlish), անգլերենի հիմքով կրեոլական լեզու, որ տարածված է Սինգապուրում։ Մայրենի լեզու է շատ սինգապուրցիների համար և երկրորդ լեզու կղզու այլ բնակիչների համար։ Կրթված բնակիչները հավասար չափով լավ տիրապետում են ստանդարտ անգլերենին և նրա սինգապուրյան տարբերակին։
Բառապաշարը բաղկացած է անգլերեն, մալայերեն և չինարեն ծագումով բառերից, ինչպես նաև թամիլերենից, բենգալերենից, փանջաբերենից, ավելի քիչ եվրոպական, հնդկական ու չինական այլ լեզուներից կատարված փոխառություններից։
Հեռուստատեսության ու կինոյի շնորհիվ` լեզու են ներթափանցում ամերիկյան ու ավստրալիական ժարգոնի բառեր։ Քանի որ չինացի բնակչությանը, որ լրացուցիչ ցանկանում է սովորել Սինգապուրի լեզուն, դպրոցում դասավանդվում է պուտունհուա (նույնպես լայն կիրառություն ունի Սինգապուրում), փոխառվել են նաև որոշակի տարրեր այդ լեզվից։
Լեզվի շարահյությունը ենթարկվել է չինարենի հարավային բարբառների ազդեցությանը։
Անգլերենի սինգապուրյան տարբերակը զարգացել է անգլերենի հիմքով մալայերենի հետ (անգլ.՝ Manglish) զուգահեռ և տարածված է Մալայզիային մերձական տարածքում և մասամբ Սինգապուրի մալայական բնակչության շրջանում։
Սինգապուրի կառավարությունը չի խրախուսում անգլերենի տեղական տարբերակը` հանրահռչակելով անգլերենի ստանդարտ տարբերակը։ Կա կարծիք, որ նրա տարածումը կհեշտացնի սինգապուրցիների շփումը անգլերեն լեզվակիրների հետ։ Այս նպատակով գործում է «Խոսի'ր լավ անգլերենով» (անգլ.՝ Speak Good English Movement) ծրագիրը։
Ուղղագրության ու կիրառվող համառոտագրությունների առումով սինգլիշը հիշեցնում է անգլերենի բրիտանական տարբերակը, մինչդեռ բառապաշարը ամերիկյան ու բրիտանական տարբերակների համադրումն է։ Այսպես, սինգապուրյան տարբերակում կիրառվում է ամերիկյան անգլերենին բնորոշ «sports» բառը (բրիտանական տարբերակով` «sport»): Ֆուտբոլը մատնանշելու համար կիրառվում են ինչպես ամերիկյան «soccer», այնպես էլ բրիտանական «football» բառերը։
Սինգապուրյան անգլերենում շատ են չինարենի հարավմինյան բարբառի բառերը, որոնք հարազատ են Սինգապուրի չինական բնակչության 75 %-ի համար, ինչպես նաև մալայերեն բառերը։ Չինարենից առավել տարածված փոխառություն է «kiasu» (չինարեն՝ 怕輸— «ինչ-որ բան զիջել վախեցողները» (Օրինակ` You went to get a handicapped sticker just to chope a parking space? How kiasu can you get?[1])), իսկ մալայերենից — «makan» («ուտել»)։
Շատ դեպքերում անգլերեն բառերի նշանակությունը փոփոխվում է համապատասխան չինարեն բառերի ազդեցությամբ։ Մասնավորապես, սինգապուրյան տարբերակում «borrow» («պարտք վերցնել») և «lend» («պարտքով տալ») բառերը հոմանիշներ են (օրինակ` Oi, can borrow me your calculator?), «send» բառը հնարավոր է չինարեն 送 (sòng) բառի կամ մալայերեն «(meng)hantar» բառի ազդեցությամբ (կամ էլ մալայերեն ու չինարեն տարբերակների միասնական ազդեցությամբ) գործածվում է «մեկին ուղեկցել» իմաստով (օրինակ` Let me send you to the airport):
Ի սկզբանե սինգապուրյան անգլերենը հիմնված է եղել բրիտանական արտասանության վրա, որը կիրառվել է բրիտանական պաշտոնյաների և տեղի կրթված հասարակության շրջաններում, որոնք հիմնականում ապրել են երկրի արևելյան ափին։ Հետագայում արևելյան ափի բարբառի հնչյունաբանությունը ենթարկվել է տեղի լեզուների, իսկ ԱՄՆ-ի նշանակության աճին զուգահեռ` անգլերենի ամերիկյան տարբերակի ազդեցություններին։
Գոյություն ունեն սինգլիշի էթնիկ ու աշխարհագրական տարբերակներ։ Չինական, մալայական, հնդկական ու եվրոպական տարբերակներն ունեն իրենց բնորոշ արտասանությունը, որն ավելի շատ դրսևորվում է ինտոնացիայում։
Սինգլիշը կիսատոնային լեզու է. չինարեն բոլոր փոխառությունները պահպանել են իրենց տոնայնությունը, մինչդեռ անգլերեն, մալայերեն ու թամիլերեն բառերը տոնային չեն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգլիշ» հոդվածին։ |
|