Սինո-ճապոներեն բառապաշար կամ կանգո (ճապ.՝ 漢語 - Հան բառեր), վերաբերում է ճապոներենի բառապաշարի այն հատվածին, որը ձևավորվել է չինարենում կամ որում առկա են չինարեն տարրեր։ Քերականական և շարահյուսական որոշ կառույցներ նույնպես կարող են համարվել սինո-ճապոներեն։
Կանգոն սինո-ճապոներենի ճապոներեն անվանումն է և նշանակում է «չինարեն բառեր»[1]։ Կանգոն ճապոներենի ընդհանուր բառապաշարի երեք հիմնական բաժիններից մեկն է։ Մյուս երկու բաժիններն են մայրենի ճապոներենի բառապաշարը և այլ լեզուներից փոխառությունները։ Հաշվարկվել է, որ ճապոներենի բառապաշարի մոտ 60%-ը կանգո բառապաշարն է, սակայն առօրյա խոսքում այն կազմում է բառերի մոտ 18%-ը[2]։
Կանգոն, որը ճապոներենում չինարեն ծագում ունեցող բառերի գործածումն է, չպետք է շփոթել կանբունի հետ, որը իսկական չինարեն բառեր գրելն է ճապոնացիների կողմից։ Եվ՛ կանգոն և՛ կանբունը ունեն սինո-քսենիկ լեզվաբանական և հնչյունաբանական տարրեր, որոնք կարելի է գտնել կորեերենում և վիետնամերենում, այսինքն՝ դրանք օտար (սինո) տարրեր են։
Չինաստանի մեծ տարածքի և զարգացած մշակույթի շնորհիվ չինարենը պատմության ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել ճապոներենի, կորեերենի, վիետնամերենի և արևելաասիական այլ լեզուների վրա այնպես, ինչպես հունարենը և լատիներենն են ազդել Եվրոպայի պատմության վրա։ Օրինակ՝ միջին չինարենում վառոդ բառի համարժեքը հուոյաո (火藥) է, իսկ կորեերենում դրա համարժեքը հուայակն է, ճապոներենում՝ կայակու։ Երբ տեղի են ունեցել չինարենի և ճապոներենի միջև առաջին բախումները, ճապոներենում դեռևս չկային գրային համակարգ, այնինչ չինարենն ուներ գրավոր լեզու և ակադեմիական շատ տեղեկատվություն, որն էլ իր հերթին առաջ էր բերում նոր բառեր և տերմիններ ստեղծելու անհրաժեշտությունը[3]։ Չինարենն այսպիսով դարձել էր գիտության, կրթության և կրոնի լեզուն։ Ճապոներենում գործածված ամենահին գրային համակարգը գրական չինարենն էր, որը կոչվում էր կանբուն։ Կանբուն գրային համակարգը պարտադրում էր, որ յուրաքանչյուր գրագետ ճապոնացի վարժ տիրապետի գրավոր չինարենին, սակայն շատ քիչ ճապոնացիներ էին վարժ խոսում չինարեն։
Չինարենից վերցված բառերի արտասանությունը նմանեցվում էի չինարենի արտասանությանը։ Սինո-ճապոներեն բառապաշարը դեռևս ճապոներենում շատ կարևոր մաս է, ինչպես օրինակ լատիներեն կամ հունարեն ծագման բառերը անգլերենում։
Չինարենից փոխառությունները նաև ազդել են ճապոներենի հնչյունաբանության վրա՝ առաջ բերելով լեզվի այնպիսի զարգացումներ, ինչպիսիք են փակ վանկերը և ձայնավորների և բաղաձայնների երկար արտասանությունը։
Սինո-ճապոներեն բառերը հիմնականում գոյականներ են, որոնցից շատերը բայական կամ ածականական գոյականներ են, որն էլ նշանակում է, որ դրանք կարող են նախադասության մեջ հանդես գալ որպես բայեր կամ ածականներ։ Բայական գոյականները կարող են գործածվել որպես բայեր սուրու (する, "անել") մասնիկը կցելու դեպքում։
Ճապոներենում բայերն ու ածականները փակ դաս են, և չնայած չինարենից արված բազմաթիվ փոխառություններին՝ փաստորեն դրանցից ոչ մեկը չի դասվում խոնարհվող բայերի կամ ածականների շարքին, այլ դասվում են այլաբանորեն խոնարհվածների շարքին։
Բացի գոյական + սուրու բանաձևից բայական գոյականները, որոնց արմատը արտահայտված է մեկ հիերոգլիֆով, ենթարկվում են հնչյունային փոփոխությունների, ինչպես օրինակ սուրու(〜する) - զուրու(〜ずる) :
Կանգո տերմինը հաճախ կիրառվում է օնյոմի (音読み) տերմինի հետ, որը նշանակում է հնչյունների ընթերցում։ Այն մի համակարգ է, որը թույլ է տալիս չինարենից փոխառած բառերը կարդալ չինարենին հնարավորինս նման։ Օնյոմին նաև հայտնի է ինչպես սինո-ճապոնական արտասանություն և տարբերվում է կունյոմիից (訓読み), «կարդալ ըստ նշանակության»), որի դեպքում չինարեն հիերոգլիֆները կարդացվում են մայրենի ճապոներենի բառերի արտասանությամբ։
Այդուհանդերձ, կան դեպքեր, երբ օնյոմիի և կունյոմիի միջև տարբերությունը կապված չէ ստուգաբանական ծագման հետ։ Ճապոնիայում ստեղծված չինական հիերոգլիֆները, որոնք կոչվում են կոկուջի (国字), սովորաբար ունեն միայն կունյոմի (訓読み), բայց կան կոկուջիներ, որոնք ունեն օնյոմի (音読み):
Չնայած որ չինարենից վերցվել է մեծ չափով սինո-ճապոներեն բառապաշար, շատ բառեր ստեղծել են հենց ճապոնացիները՝ օգտագործելով սինո-ճապոնական ձևեր։ Սրանք հայտնի են որպես վասեի կանգո (和製漢語), որը թարգմանաբար նշանակում է «ճապոնացիների ստեղծած կանգո»։ Այն չպետք է շփոթել վասեի էիգոյի հետ (和製英語), որը նշանակում է «ճապոնացիների ստեղծած անգլերեն»[4]։
Շատ վասեի կանգոներ վերաբերում են գաղափարների, որոնք կան միայն ճապոներենում, ինչպես օրինակ դայմիո (大名), վակա (和歌), գեիշա(芸者) և այլն։
Բառերի մեկ այլ խումբ ստեղծվել է ճապոներեն բառակապակցություններից, ինչպես օրինակ՝ հենջի (返事), որը նշանակում է «պատասխան» և գալիս է ճապոներենի կաերիգոտո 返り事 բառակապակցությունից, որը նշանակում է «պատասխանել»։
Չինարենում հիերոգլիֆների միևնույն համադրությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ, կամ էլ ընդհանրապես իմաստ չունենալ։ Օրինակ՝ գոհան (ご飯 կամ 御飯, որը նշանակում է «եփած բրինձ») արտահայտությունը կեղծ կանգո է և գոյությություն չունի չինարենում։
Առաջին հայացքից շատ սինո-ճապոներեն բառերի արտասանությունը նման չէ ժամանակակից չինարենի արտասանությանը։ Առաջին հերթին՝ չինարենից փոխառությունները իրականացվել են երեք հիմնական փուլերով․ դրանք են՝ գո-օն (呉音), կան-օն(漢音) և տո-օն (唐音): Այս փուլերը տեղի են ունեցել դարերի ընթացքում, չինարենի հնչյունաբանական պատմության տարբեր շրջաններում, և այսպիսով չինարեն արտասանությունը տարբերվում է ճապոներեն արտասանությունից։ Բացի այդ, ժամանակակից չինարենի և ճապոներենի միջև արտասանական տարբերությունների համար կա երկու հիմնական պատճառ.
Այդուհանդերձ արտասանական նմանությունները բավականին հաճախ հանդիպող երևույթ են։ Արդյունքում, սինո-ճապոներենը կարելի է համարել չինարենի վաղ շրջանի փոփոխված նմանակ, և այն լեզվաբանների համար լավ հիմք կարող է լինել չինարենի զարգացումն ուսումնասիրելու համար։
Ստորև ներկայացված են ժամանակակից չինարենի և սինո-ճապոներենի օնյոմիի (արտասանության) միջև նմանությունները.