Սիտամոն | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 1370 |
Մահացել է | մոտ Մ.թ.ա. 1300-ականներ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ամենհոտեպ III |
Ծնողներ | հայր՝ Ամենհոտեպ III, մայր՝ Տիյա |
Sitamun Վիքիպահեստում |
Սիտամոն, նաև Սիտամեն, Սատամոն (անգլ.՝ Sitamun, եգիպ.՝ sꜣ.t-imn, «Ամոնի դուստր»[1], մ. թ. ա. 1370 - մոտ Մ.թ.ա. 1300-ականներ), հին եգիպտական արքայադուստր և 18-րդ արքայատոհմի թագուհի։
Սիտամոնը փարավոն Ամենհոտեպ III-ի ու մեծ թագուհի Տիյայի ավագ դուստրն էր։ Հետագայում ամուսնացել է իր հոր հետ՝ վերջինիս կառավարման 30-րդ տարում[2]։
Ենթադրությունը, թե Սիտամոնը Ամենհոտեպի ու Տիյայի դուստրն էր, հիմնված է այն փաստի վրա, որ թագուհի Տիյայի ծնողների՝ Յույայի ու Տույայի դամբարանում իրեր են հայտնաբերվել[3], մասնավորապես աթոռ, որի վրա գրված են եղել նրա՝ որպես թագավորի դստեր, տիտղոսները։
Սիտամոնի մասին շատ վկայություններ կան, որոնցից առավել ուշագրավները Յույայի ու Տույայի դամբարանում հայտնաբերված երեք գեղեցիկ գահերն են։ Քանի որ այդ գահերն օգտագործվել են ու աստիճանաբար ստացել ավելի մեծ չափսեր, ենթադրվում է, որ դրանք պատկանել են Սիտամոնին, երբ նա մեծանալիս է եղել։ Հետո դրանք ավանդւյթի համաձայն տեղադրվել են նրա տատ ու պապի գերեզմանում որպես այնպիսի առարկաներ, որոնք որոշակի իմաստ են ունեցել մահացած մարդու կյանքում։ Նրան նաև պատկերել են իր դայակ Նեբեթկաբենիի գերեզմանի վրա[4]։
Սիտամոնի կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ նա եղել է հզոր ու երկարակյաց թագուհու ավագ դուստրը։ Իր հայրիկի կառավարման վերջին տասնամյակում ստսցել է մեծ թագուհու կարգավիճակ։ Այս ամուսնության վկայություններից են՝ կապույտ հախճապակե սուրմայի տուփն Ամենհոտեպ III-ի ու Սիտամոնի քարտուշներով, Ամարնայում հայտնաբերված ալեբաստրե թասը նույն քարտուշներով ու Մալկատայի պալատից հայտնաբերված սափորապիտակի մակագրությունները, մասնավորապես՝ No.95 մակագրությունը[5]։
Մալկատայի պալատական համալիրում ունեցել է իր սեփական սենյակները, իսկ Ամենեմհեթ Կրտսերը նշանակվել է նրա ունեցվածքի վերակացու։ Սիտամոնի մասին վկայություն է պահպանվել Կառնակի տաճարում Ամենեմհեթ Կրտսերի արձանի վրա (որն այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում), որտեղ նրա մասին խոսվում է որպես թագավորի մեծ թագուհու։ Պատկերված է եղել նաև բրիտանացի հնագետ Ուիլյամ Մեթյու Ֆլինդերս Պիտրիի կողմից հայտնաբերված Ամենհոտեպ III-ի հիշատակի տաճարի ցայտաքանդակներից մեկի վրա (այժմ գտնվում է Պիտրիի թանգարանում)[6]։ Սիտամոնն այն սակավաթիվ գործիչների շարքում է, որոնք ակտիվ են եղել Ամենհոտեպ III-ի թագավորության վերջին շրջանում։ Սա Եգիպտոսի պատմության այն դարաշրջանն էր, երբ կանայք ստանձնում էին շատ ավելի ակնառու և հզոր դերակատարումներ, որոնց օրինակներից է Ամենհոտեպ III-ի կին Տիյան՝ Սիտամոնի մայրը։ Նախքան Տիյան «ոչ մի նախկին թագուհի երբեք այդքան ակնառու չի պատկերվել իր ամուսնու կենդանության օրոք»[7]։ Տիյան կանոնավորապես հայտնվել է Ամենհոտեպ III-ի կողքին արձաններում, դամբարանների և տաճարների ցայտաքանդակներում ու սյուներում, իսկ նրա անունը զուգադրվել է ամուսնու անվան հետ բազմաթիվ փոքր առարկաների վրա, ինչպիսիք են անոթները և զարդերը, ինչպես նաև խոշոր հուշագրական արձանագրությունները[8]։
Որպես թագուհու ավագ դուստր՝ Սիտամոնին պետք է նախապատրաստած լինեին քաղաքական դերի համար, բայց նա այդպես էլ դա չի իրականացրել, թեև իր սեփական կարողությունն է ունեցել Մալկատայում ու բարձր դիրք արքունիքում։ Հնարավոր է, որ նա ամուսնացած լինի ոմն գահաժառանգի հետ, որն այդպես էլ գահ չի բարձրացել։ Հնարավոր է նաև, որ Սիտամոնն անժամանակ մահացած լինի կամ եղբոր՝ Էխնաթոնի գահ բարձրանալուց հետո մեկուսացած լինի։ Եղել է Թութանհամոնի հորաքույրը։
Սիտամոնի մասին տեղեկությունները սպառվում են Ամենհոտեպ III-ի թագավորության վերջում, Էխնաթոնի կառավարման շրջանում նրա մասին չի նշվել։ Արքաների հովտում գտնվող Ամենհոտեպ III-ի դամբարանում Սիտամոնի համար հատուկ բաժին է պատրաստվել, սակայն նրա՝ այնտեղ հուղարկավորվելու մասին որևէ վկայություն չկա։
Հանրահայտ գրքեր Սիտամոնի մասին՝
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիտամոն կատեգորիայում։ |