Սլուցկի գոտի, լիտվական մեծ իշխանության տղամարդու հագուստի տարր։ Նշան էր ազնվատոհմության և նրա կրելը մատնանշում էր տիրոջ նյութական բարեկեցությունը։
Սլուցկի գոտիները գործվում էին մետաքսե, ոսկե և արծաթե թելերով։ Գոտու երկարությունը հասնում էր 2-4,5 մետրի, իսկ լայնությունը 30-50 սմ։ Գոտիները զարդարվում էին եզրանախշով, իսկ ծայրերը ճոխ բուսական զարդանախշով, որտեղ ժողովրդական բանվածքը զուգակցվում էին արևելյան թեմաների հետ։ Սլուցքի գոտին շրջոնք չունի, երկու երեսներն էլ դիմային են։ Առավել գնահատվել են չորսկողմանի գոտիները, որոնց ամեն երեսը երկու մասի էր բաժանված՝ տարբեր գույներով։ Գոտու մեջտեղի մասը լայնակի հարթ կամ զարդանախշով գծեր ուներ, սակավ զարդանախշը ցանցի կամ կետերի ձևով էր։ Գոտու վերջավորությունը բարդ զարդանախշ ուներ՝ հաճախ ձվածիր էր, զարդարված ծաղիկներով։ Գոտու երկու կողմից, անկյուններում հին սլավոներեն կամ լատիներեն գրություն էր լինում «Սլուցկ», «Սլուցկում» կամ «Սարքված է Սլուցկում»։ Սլուցկի գոտիները կրում էին տղամարդու արտաքին հագուստի՝ կունտուշի վրայից և նրանից կախվում էր սառը զենքը։
Սկզբնական շրջանում գոտիները բերում էին Օսմանյան կայսրությունից, Պարսկաստանից և այդ պատճառով կոչվում էին ստամբուլյան կամ պարսկական։ 1758 թվականին Ռեչ Պոսպոլիտայում կազմակերպվեց գոտիների արտադրության մանուֆակտուրաներ, որոնք ըստ գոտու ծագման կոչվում էր «պերսիարներ» (բելառուս․՝ персіярні)։ Առավել հայտնին ներկայիս Բելառուսի տարածքում գտնվող, մեծ գետման Միխաիլ Կազիմիր Ռաձիվիլի ստեղծած մանուֆակտուրան էր։
1757 թվականին Թուրքիայից Սլուցկ է ժամանում հայտնի վարպետ, ազգությամբ հայ Հովհաննես Մաջարյանցը։ Նա որոշ ժամանակ աշխատում է Ստանիսլավում (Իվանո Ֆրանկովսկ), հետո Նեսվիժում։ Ստանիսլավում նրան աշակերտում էին երկու նկարիչ՝ Յան Գոդովսկին և Թոմաշ Հայեցկին։ 1758 թվականին Մաջարյանցը գոտիների արտադրություն հիմնելու պայմանագիր է կնքում Միխաիլ Կազիմիր Ռաձիվիլի հետ, պայմանով, որ տեղացի վարպետներին պետք է սովորեցնի գոտին գործելու հմտությունը։
Սկզբնական շրջանում գոտիների նախշերը արևելյան էին։ Ջուլհակը սովորում էր յոթ տարի։ Ջուլհակները արտադրության տեխնիկային տիրապետելուց հետո սկսեցին սեփական աշխատանքներում օգտագործել տեղական զարդանախշեր՝ անմոռուկների, տերեփուկների, երիցուկների, կաղնու և թխկու տերևների պատկերներով։
Ռեչ Պոսպոլիտայում Հովհաննես Մաջարյանցին կոչում էին լեհական ձևով՝ Յան Մաջարսկի (լիտ.՝ Jonas Madžarskis, armėnas Ovanesas Madžarancas)։ Նրա ծոռնուհին հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Մոնյուշկո Ստանիսլավի մայրն է։ Մաջարյանցի որդին՝ լևոնը 18-19-րդ դարերի սահմանին Սլուցկի մանուֆակտուրայի վարձակալն էր, որտեղ աշխատում էին 60 ջուլհակներ։ Այդ մանուֆակտուրայի վարպետների համբավն այնքան մեծ էր, որ անգամ այլ տեղերում արտադրված գոտիները անվանվում էին Սլուցկի գոտիներ։
Սլուցկի գոտիները արտադրվել են նաև Նեսվիժում, Վարշավայում, Կրակովում և Ռեչ Պոսպոլիտայի այլ քաղաքներում։ Նրանց արտադրությունը կազմակերպվել է նաև Մոսկվայի և Լիոնի մանուֆակտուրաներում։ Մոսկվայում քսանից ավելի մետաքսի մանագործական մանուֆակտուրաներ կային։
Ներկայիս լեհաստանի տարածքում գործող մանուֆակտուրաներից ամենահայտնիներն էին Կոբիլկայի Վարշավայի տակի Լիպկովի մանուֆակտուրաները, որտեղ գոտիների արտադրությունը կազմակերպել էր Յակով Պասխալիսը։ Որոշ մանուֆակտուրաներ գտնվում էին Կրակովում և Գդանսկում, դրանք Սլուցկի մանուֆակտուրայի մեծ ազդեցության տակ էին։
Սլուցկի մանուֆակտուրան գոյատևել է մինչև 1848 թվականը։ Ռեչ Պոսպոլիտայի քայքայումից ու լեհական 1830 թվականի ապստամբությունից հետո, Ռուսական կայսրության մեջ մտած տարածքներում գոտիները դուրս եկան նորաձևությունից և սկսեցին օգտագործվել կոստյոլների ձևավորման համար։ Հետագայում դրանք դարձան հավաքչության առարկա և տեղ գտան շատ թանգարաններում[1].
Սլուցկի գոտիների արտադրության տեխնոլոգիան երկար ժամանակ համարվում էր կորսված։ 2014 թվականին Սլուցկ քաղաքում սկսեցին գոտիների մեքենայական արտադրություն[2]։ Արտադրության կից բացվեց Սլուցկի գոտիների թանգարան։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սլուցկի գոտիներ կատեգորիայում։ |