Սկառն

Սկառնի մանրադիտակային ուսումնասիրություն

Սկառն, (շվեդ.՝ skarn՝ բառացի՝ ցեխ, թափոն), միներալատեղակալված ապար՝ կազմված կրամագնեզիումաերկաթախառն սիլիկատներից և ալյումասիլիկատներից։

Առաջանում է մագմայական ապարների բարձր ջերմաստիճանային հպատեղային եզրապսակներում՝ կարբոնատային ապարների և մագմայի, ներժայթուք կամ այլ սիլիկատային ապարների քիմիական փոխազդեցության հետևանքով։ Շարժընթացին մասնակցում են տաք մագմայածին լուծույթներ։ Տարբերում են կրային և մագնեզիումային սկառներ։ Կրային սկառները գոյանում են մինչև 10-12 կմ խորություններում, հետմագմայական փուլում՝ կրաքարերի և ալյումասիլիկատային ապարների շփման տեղում, իսկ մագնեզիումայինը՝ դոլոմիտների և ներդրվող մագմայի փոխազդեցության ժամանակ 10-12 կմ և ավելի խորություններում՝ ալյումասիլիկատների շփման տեղում։ Սկառներն առաջացնում են ոսպնյակաձև կամ շերտավոր, հազվադեպ՝ խողովակաձև և երականման մարմիններ։ Սկառներին հաճախ հարում են հանքանյութերի (երկաթի, պղնձի, կապարի, ցինկի, վոլֆրամի, մոլիբդենի և այլն) խոշոր կուտակումներ, որոնք առաջացնում են սկառնային հանքավայրեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկառն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։