Սյուզան Բասնեթ | |
---|---|
Ծնվել է | 1945 |
Ծննդավայր | Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, համալսարանի դասախոս, գրական քննադատ, գրող և comparative literature academic |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Derby High School, Greater Manchester? |
Ժանրեր | Թարգմանաբանություն, Համեմատական գրականություն |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն և Եվրոպական ակադեմիա[1] |
Աշխատավայր | Ուորիքի համալսարան |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Քլայվ Բարքեր |
Սյուզան Բասնեթ, (անգլ.՝ Susan Bassnett, հոկտեմբերի 21, 1945[2], Անգլիա, Միացյալ Թագավորություն) թարգմանության տեսաբան և համեմատական գրականության մասնագետ։ 10 տարի նա եղել է Ուորիքյան համալսարանի պրոռեկտոր և դասավանդել է Թարգմանության և մշակութային համեմատական հետազոտությունների կենտրոնում, որը փակվել է 2009 թվականին։ 2016 թվականից ի վեր Սյուզանը Գլազգոյի և Ուորիքյան համալսարաններում համեմատական գրականության պրոֆեսոր է[3]։ Կրթություն ստանալով Եվրոպայում՝ նա իր կարիերան սկսել է Իտալիայում և դասավանդել Միացյալ Նահանգների համալսարաններում[4]։ 2007 թվականին նա ընտրվել է Գրականության թագավորական հասարակության անդամ[5]։
Իր ավելի քան քսան գրքերից մի քանիսը գրական քննադատության ոլորտի հենակետեր են դարձել, հատկապես՝ «Թարգմանաբանություն» (1980) և «Համեմատական գրականություն» (1983) գրքերը։ Թեդ Հյուզի մասին գիրքը տպագրվել է 2009 թվականին։ «Դանակներ և հրեշտակներ։ Լատինական Ամերիկայում կին գրողները» (անգլ.՝ Knives and Angels: Women Writers in Latin America) մեկ այլ գիրք է, որը խմբագրել է Սյուզան Բասնեթը[6]։ Գրքային մի շարք նախագծերի շուրջ Բասնեթի համագործակցությունը մի քանի մտավորականների հետ դրական արձագանք ստացավ։ 2006 թվականին Փիթեր Բուշի հետ միասին նա խմբագրեց «Թարգմանիչը` որպես գրող» գիրքը։ Ի լրումն իր գիտական գործերի՝ Բասնեթը գրում է չափածո աշխատանքներ, ինչպես օրինակ՝ «Փոխանակելով կյանքերը։ Պոեմներ և թարգմանություններ» (անգլ.՝ Exchanging Lives: Poems and Translations) (2002)[7]:
1998 թվականին գրված «Մշակույթների կառուցում։ Գեղարվեստական թարգմանության մասին էսսեներ» (գրված է Անդրե Լեֆեվերի հետ միասին) իր աշխատության մեջ Բասնեթը նշում է, որ «բնագրից դեպի թարգմանություն ուշադրության տեղափոխությունն իր արտացոլումը գտավ թարգմանչի տեսանելիության մասին բանավեճերում։ Լոուրենս Վենուտին կոչ է անում կատարել թարգմանչակենտրոն թարգմանություն՝ պնդելով, որ թարգմանիչը պետք է իրեն տեսանելի դարձնի տեքստի մեջ»[8]։
2006 թվականի «Խորհրդածություններ համեմատական գրականության մասին քսանմեկերորդ դարում» վերնագիրը կրող իր էսսեում Բասնեթը քննարկում է Գայատրի Չակրավորտի Սպիվակի «Գիտակարգի վախճանը» (2003)․ վերջինս այդտեղ պնդում է, որ համեմատական գրականության ոլորտը պետք է դուրս գա եվրակենտրոնության սահմաններից՝ տեղին և արդիական մնալու համար։ Թեև Բասնեթը համաձայն է Սպիվակի հետ, որ եվրակենտրոնությունը առանձնացրել է գեղարվեստական աշխատությունները ոչ արևմտյան գրականությունից, նա միևնույն ժամանակ պնդում է, որ Սպիվակի փաստարկներն անորոշ իրավիճակի մեջ են դնում Եվրոպայից համեմատական ուսումնասիրություններով զբաղվողներին, որոնք ծանոթ են այդ գրականությանը։ Բասնեթի կարծիքով՝ համեմատական ուսումնասիրություններով զբաղվող եվրոպացիների համար այս իրավիճակից ելքը նրանց անցյալի քննադատական քննությունն է։ Բասնեթը նաև հրաժարվեց իր նախկին դիրքորոշումից այն մասին, որ համեմատական գրականությունը վերացող առարկա է, որը դանդաղ կփոխարինվի թարգմանաբանությամբ։ Նա ընդհակառակը պնդում է, որ համեմատական գրականությունն ու թարգմանության տեսությունը շարունակում են մնալ արդիական նաև այսօր, երբ դիտարկվում են որպես կարդալու եղանակներ, որոնք գրաքննադատները կարող են կիրառել տեքստերն ուսումնասիրելիս։
Քլայվ Բարքերը՝ երկար տարիներ շարունակ Բասնեթի զուգընկերը և Ուորիքում թատերագիտության ակադեմիկոսը, մահացել է 2005 թվականին[9]։