Սյուզան Իկինս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1851[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1938[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | The Woodlands |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, լուսանկարիչ և արվեստագետ |
Ամուսին | Թոմաս Իկինս |
Պարգևներ և մրցանակներ | |
Susan Macdowell Eakins Վիքիպահեստում |
Սյուզան Իկինս (անգլ.՝ Susan Eakins, լրիվ անուն՝ Susan Hannah Macdowell Eakins, սեպտեմբերի 21, 1851[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 27, 1938[2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և լուսանկարիչ։
Առաջին նկարչուհին, որը 1879 թվականին արժանացել է Մերի Սմիթի մրցանակի։
Ծնվել է 1851 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆիլադելֆիայում, եղել է ֆիլադելֆիացի փորագրող և լուսանկարիչ Վիլյամ Մակդաուելի ութ երեխաներից հինգերորդը, որը նաև հմուտ նկարիչ էր։ Նա իր երեք որդիներին և հինգ աղջիկներին փոխանցել է Թոմաս Փեյնի գաղափարների նկատմաբ հետաքրքրությունը[3]։ Սյուզանը և նրա քույրը՝ Էլիզաբեթը, վաղ են ցուցաբերել հետաքրքրություն արվեստի նկատմամբ և նրանց հայրը աշխատելու համար նրանց է տրամադրել ձեղնահարկ-ստուդիան։ Արտիստիկ տաղանդներ ունենալուց բացի, աղջիկը եղել է նաև հմուտ դաշնակահարուհի[4]։
Սյուզանը 25 տարեկան էր, երբ ծանոթացել է Թոմաս Իկինսի հետ Hazeltine Gallery պատկերասրահում, որտեղ 1876 թվականին ցուցադրվում էր նրա «Գոսի կլինիկա» նկարը։ Ի տարբերություն շատերի՝ նա տպավորված էր վիճարկելի նկարով և որոշում է սովորել Իկինսի մոտ՝ Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում, ուր հաճախել է 6 տարի։ Այդ ժամանակներում Փենսիլվանիայի ակադեմիան համարվում էր ԱՄՆ լավագույն դպրոցը։ Սակայն նախքան Իկինսի մոտ սովորելը, սովորել է Քրիստինա Շուսելեի մոտ։ Նրա քույրը՝ Էլիզաբետը, ևս սովորել է ակադեմիայում 1876 թվականին։ Այլ նակարիչ աշակերտներից էինՄերի Կեսսետը, Սեսիլյա Բոն, էմիլի Սարտենը և Էլիս Սթիվենսը․ նրանք բոլորը ստացել են լավ գեղարվեստական կրթություն։
1884 թվականին Սյուզանը ամուսնացել է Թոմաս Իկինսի հետ, որը այդ պահին Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայի տնօրենն էր։ Նկարչուհին իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ամուսնու կարիերային աջակցելով, հյուրերի և ուսանողների ընդունելով, նվիրվածորեն աջակցելով նրան իր դժվարին ժամանակներում, այն դեպքում երբ նույնիսկ Իկինսի ընտանիքի որոշ անդամներ էլ էին հանդես գալիս վերջինիս դեմ։ Երեխաներ չեն ունեցել։
Սյուզան Իկինսը նկարել է ընտանեկան կյանքից դիմանկարներ և տեսարաններ։ 1876-1882 թվականնների միջև ընկած ժամանակահատվածում իր աշխատանքները ցուցադրել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում։ Նա և ամուսինը տանը ունեցել են առանձին ստուդիաներ։ Նա նաև ամուսնու հետ կիսել է լուսանկարների նկատմամբ սերը, որը կիրառել է որպես արվեստի գործիք։ 1898 թվականին Սյուզանը դարձել է Philadelphia Photographic Salon ցուցահանդեսի մասնակից։ 1905 թվականին ցուցադրվել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում։ 1916 թվականին Թոմաս Իկինսի մահից հետո Սյուզանը վերադարձել է գեղանկարչությանը՝ աշխատելով գրեթե ամեն օր։ 1936 թվականին նրա, ամուսնու և քրոջ՝ Էլիզաբեթի աշխատանքները ցուցադրվել են Ֆիլադելֆիայի գեղարվեստի ակումբում (Philadelphia Art Club)։
Մահացել է 1938 թվականի դեկտեմբերի 27-ին։ Թաղված է Woodlands Cemetery գերեզմանատանը՝ ամուսնու կողքին[5]։
Նրա մահից 35 տարի անց 1973 թվականին կազմակերպվել է Սյուզան Իկինսի աշխատանքների անհատական ցուցահանդեսը Փենսիլվանայի գեղարվեստի ակադեմիայում։ 1976 թվականին նրա աշխատանքները ներառվել են Nineteenth Century Women Artists ցուցահանդեսում՝ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում[6]։ 1977 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ռոանոկայում (Վիրջինիա նահանգ), North Cross School դպրոցում անցկացվել է Սյուզանի, նրա ամուսնու և քրոջ՝ Էլիզաբեթի կտավների և լուսանկարների ցուցահանդեսը[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Իկինս» հոդվածին։ |
|