Սյուզան Սիլվեր անգլ.՝ Susan Silver | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Մասնագիտություն | գործարար, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր |
Ամուսին | Քրիս Քորնել |
Սյուզան Ջին Սիլվեր (անգլ.՝ Susan Jean Silver[1], հուլիսի 17, 1958, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի երաժշտական մենեջեր և ձեռնարկատեր, առավել հայտնի է որպես Soundgarden, Alice in Chains և Screaming Trees սիեթլյան ռոք խմբերի մենեջեր[3][4]։ Բացի այդ Սիլվերը Susan Silver Management ընկերության[5] և The Crocodile ակումբի սեփականատերն է։ Նախկին ամուսինը եղել է Քրիս Քորնելը։
Սյուզանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 17-ին Սիեթլում, Վաշինգտոն նահանգ՝ Սեմյուել և Էմոջին (Ջին) Սիլվերների ընտանիքում։ Նա երեք երեխաներից ավագն է։ Չինարեն է սովորել Վաշինգտոնի համալսարանում[6]։
Երաժշտական մենեջերի իր կարիերան սկսել է 1983 թվականին։ Առաջին համագործակցությունը եղել է սիեթլյան The U-Men և First Thought խմբերի հետ։ 1985 թվականին Սիլվերը ծանոթացել է Soundgarden խմբի երաժիշտների հետ, որի վոկալիստը նրա այն ժամանակվա ընկեր Քրիս Քորնելն էր, իսկ արդեն հաջորդ տարի դարձել է խմբի մենեջեր։ Միևնույն ժամանակ Սյուզանը նաև սիեթլյան մեկ այլ խմբի՝ Screaming Trees-ի մենեջերն էր։ Բացի ռոք խմբերի հետ համագործակցությունից, Սիլվերն աշխատել է John Fluevog ֆիրմայի կոշիկի խանութի ղեկավար[7]։ Մի քանի տարի անց խանութը շատ հայտնի է դարձել, քանի որ այնտեղ վաճառվում էին Dr. Martens ապրանքանիշի կոշիկները, որոնք հագնում էին սիեթլյան մի քանի գրանջ խմբերի երաժիշտներ։ Այս խանութի աշխատակիցներից ևս մեկը Քևին Մարտինն էր` Candlebox-ի ապագա վոկալիստը։
1988 թվականին Սիլվերը ծանոթացել է երաժշտական մենեջեր Քելլի Քյորթիսի հետ, որի ընկերը՝ Քեն Դինսը, Alice in Chains-ի մենեջերն էր։ Նա Սյուզանին նվիրել է այդ խմբի ստեղծագործությունների ձայներիզը, որը նրան շատ է դուր եկել[8]։ Դրանից կարճ ժամանակ անց գնացել է նրանց համերգին, որն իր դրայվով մեծ տպավորություն է թողել։ Երբ Քյորթիսը հետաքրքրվել է Mother Love Bone խմբի հետ համագործակցությամբ, Դինսը որոշել է, որ այլևս չի ցանկանում աշխատել Alice in Chains-ի հետ, այդ իսկ պատճառով նա առաջարկել է Սիլվերին և Քերթիսին՝ դառնալու նրանց մենեջերները, որից հետո նրանք սկսել են համատեղ ղեկավարել խումբը։ Որոշ ժամանակ անց Քյորթիսն սկսել է աշխատել բացառապես Pearl Jam-ի հետ, իսկ Սիլվերը մնացել է Alice in Chains-ի միանձնյա մենեջեր։
Սիլվերը մասնակցել ռեժիսոր Դագա Պրեայի «Հայփ» վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որոնք նվիրված են եղել Սիեթլի երաժշտական բեմին[9]։
1990-ականներին Սիլվերի հաճախորդների թվում էին նաև Hater, Inflatable Soul[10], Crackerbox[11], Sweet Water[12] և Spong խմբերը։ Նա համագործակցել է նաև երգչուհի Քրիսթեն Բերիի և պրոդյուսեր Թերի Դեյթի հետ[4][13]։
1998 թվականին Սիլվերը հեռացել է երաժշտական բիզնեսից՝ իր ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու նպատակով։ 2005 թվականին Դեբորա Սեմերի՝ Ձայնագրման ակադեմիայի Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան բաժանմունքի նախկին գործադիր տնօրենի հետ նա հիմնել է նոր ընկերություն ՝ Atmosphere Artist Management-ը, որը մասնագիտացել է կառավարման և խորհրդատվության ոլորտում։ Նրանց առաջին հաճախորդը դարձել է Children of the Revolution երաժշտական-պարային խումբը[14]։
Alice in Chains-ի նրա նախկին սաները 1996-2005 թվականներին գրեթե ակտիվ չեն եղել[15]։ 2002 թվականին թմրանյութերի պատճառով նրանց վոկալիստ Լեյն Սթեյլիի մահից[16] հետո խումբը հանրության առջև հանդես է եկել միայն 2005 թվականի փետրվարին մի քանի հրավիրված վոկալիստների հետ բարեգործական համերգի ժամանակ[17]։ Սակայն որոշ ժամանակ անց երաժիշտները կապվել են Սիլվերի հետ և հայտնել նրան, որ ցանկանում են վերստեղծել Alice in Chains-ը[18]։ Որպես նոր ֆրոնտմեն խումբ է հրավիրվել վոկալիստ Ուիլյամ Դյուվալը[19][20]։ 2009 թվականից սկսած Սիլվերը կառավարել է Alice in Chains-ը մենեջեր Դևիդ Բենվենիստի և նրա Velvet Hammer Management ընկերության հետ միասին[21]։
2009 թվականից սկսած՝ Սիլվերը համարվում է սիեթլյան The Crocodile ակումբի համասեփականատեր՝ Alice in Chains-ի թմբկահար Շոն Քիննիի[22][23], Մարկուս Չարլզի (Capitol Hill Block Party փառատոնի կազմակերպիչը)[24], Փեգի Քյորթիսի և Portugal. The Man խմբի կիթառահար Էրիկ Խոուկի հետ։
2013 թվականին Rolling Stone ամսագրի խմբագրությունը The Crocodile-ը անվանել է Ամերիկայի լավագույն ակումբներից մեկը՝ այն համապատասխան վարկանիշի 7-րդ տեղում դնելով[25]։
1985 թվականին Սիլվերն սկսել է հանդիպել Քրիս Քորնելի՝ Soundgarden խմբի վոկալիստի հետ, որի մենեջերն է դարձել հանդիպումից մեկ տարի անց[26]։ 1990 թվականին նրանք ամուսնացել են[27]։ Քորնելը կնոջը նվիրել է իր դեբյուտային «Euphoria Morning» սոլո ալբոմի «Moonchild» երգը[28]։ 2000 թվականի հունիսին նրանք ունեցել են դուստր, որին անվանել են Լիլիան Ջին[29]։ 2004 թվականին զույգը բաժանվել է[30]։
2002 թվականին Alice in Chains-ի վոկալիստ և կիթառահար Ջերի Քանթրելլին մամուլի ասուլիսի ժամանակ խնդրել են անվանել իր անձնական հերոսներին։ Այլ կանանց շարքում նա նշել է Սիլվերին[31]։ 2012 թվականի մայիսի 31-ին MusiCares MAP Fund Benefit-ի արարողության ժամանակ նրա ելույթի ընթացքում, որտեղ նա պարգևատրվել է Սթիվի Ռեյ Վոնի անվան մրցանակով, Քանթրելը նաև շնորհակալություն է հայտնել Սիլվերին այն բանի համար, որ նա այն մարդկանցից մեկն էր, որոնք օգնել են իրեն անցնել վերականգնողական փուլ և հաղթահարել թմրակախվածությունը[32]։
|