Սնուցման զոնդ, բժշկական սարքավորում, օգտագործվում է այն անձանց համար ,ովքեր չեն կարող բերանով սնվել, ունեն կլման ակտի խանգարում կամ հավելյալ սնուցման կարիք։ Զոնդով կերակումը կոչվում է նաև էնտերալ սնուցում կամ խողովակային սնուցում։ Այս տարբերակով սնուցումը կարող է լինել ժամանակավոր՝ սուր վիճակների դեպքում կամ մշտական՝ պայմանավորված որևէ քրոնիկ հիվանդությամբ։ Զոնդերի տարբեր տեսակներ են օգտագործվում։ Դրանք սովորաբար պատրաստվում են պոլիուրեթանից կամ սիլիկոնից։ Տրամագիծը սովորաբար չափվում է Ֆրանսիական միավորներով կամ գեյջերով (յուրաքանչյուր ֆրանսիական միավոր համարժեք է 0.33միլիմետրի)։ Զոնդերը տարբերակվում են ըստ տեղակայման և օգտագործման նպատակի։
Կան բազմաթիվ վիճակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կերակրել զոնդով. ամենատարածվածներից են անհասությունը, թերսնուցումը, նյարդային և նյարդամկանային հիվանդությունները, կլման խանգարումը, բերանի և կերակրափողի անատոմիական և հետվիրահատական մալֆորմացիաները, քաղցկեղը, Սանֆիլիպոյի համախտանիշը և այլն։
Զոնդով սնուցումը երեխաների շրջանում լայն և հաջող կիրառում ունի։ Եթե մի մասի դեպքում այն ժամանակավոր է օգտագործվում, մինչև նորմալ սնման եղանակի անցնելը, ապա մյուսները զոնդով ավելի տևական են կերակրվում։ Կան երեխաներ, որոնց դեպքում զոնդը միայն հավելյալ սնուցումն ապահովելու դեր ունի, սակայն մի մասը կերակրվում է բացառապես զոնդով[1][2]։
Խորացած դեմենցիայով անձանց կանխատեսումն առավել բարենպաստ է, եթե նրանց սնուցումը կազմակերպվում է օժանդակողի միջոցով, ի համեմատ զոնդով սնուցման[3]։ Անգամ եթե սնուցումը անբավարար է, նախընտրելի է պալիատիվ խնամքն ու ձեռքով կերակրումը. դա դեմենցիայով հիվանդին ներգրավում է մարդկային շփման մեջ[3][4]։ Զոնդով երկարատև ճնշման հետևանքով հնարավոր է պառկելախոցերի առաջացում, որոնք կարող են բերել դեղորայքային և ֆիզիկական սահմանափակումների, դիսթրեսի[3][5][6][7]։
Ինտենսիվ խնամքի բաժանմունքներում զոնդով կերակրումը հաճախ է օգտագործվում ծանր վիճակում գտնվող հիվանդների սնուցումն ապահովելու նպատակով, եթե նրանց կարգավիճակը դա թույլ է տալիս. 2016 թվականի դրությամբ հստակ չէր, թե որ զոնդն է նախընտրելի՝ նազոգաստրալ թե գաստրալ[8]։
Գլխի ու պարանոցի շրջանի ուռուցքները, որոնք ճնշում և նեղացնում են կերակրափողը, արտահայտված գաստրոպարեզը, կողմային ամիոտրոֆիկ սկլերոզը առաջ են բերում զոնդով սնուցման կարիք, որը բարելավում է այս հիվանդությունների ելքը[9][10][11][12]։ Երկարատև օգտագործման համար ստամոքսային խողովակը նազոգաստրալից ավելի հարմար է[13]։
Կերակրափողի կամ ստամոքսի վիրահատություն ունեցած հիվանդները հետվիրահատական շրջանում սնուցվում են զոնդով. զոնդը տեղադրում են քթից և իջեցնում դեպի բարակ աղիների միջին հատված։ Նազոգաստրալ զոնդով հիվադներն ավելի արագ են վերականգնվում և վաղ են անցնում նորմալ սնուցման[14]։
Բժշկական սնուցմամբ մասնագիտացված ընկերությունները պատրաստում են համ ունեցող՝ խմելու համար նախատեսված և անհամ՝ զոնդային կերակրման նպատակով, արտադրանք։ Դա համարվում է բժշկական սնունդ, որի սահմանումը տրված է Orphan Drug Act ի 5բ բաժնում (21 U.S.C. 360ee (b) (3)) որպես սնունդ, որը պետք է ընդունվի կամ ներմուծվի էնտերալ, բժշկի հսկողության ներքո և համարվում է տվյալ հիվանդության կամ վիճակի դեպքում ցուցված սննդակարգ, որը ունի գիտական հիմնավորում և հաստատված է բժշկական հետազոտություններով[15][16]։
Նազոգաստրալ և նազոյեյունալ զոնդերը նախատեսված են հեղուկ սնունդը ստամոքս կամ աղիներ հասցնելու համար։ Սխալ տեղադրելու դեպքում, ծայրը կարող է հայտնվել շնչական ուղիներում ստամոքսի և աղիների փոխարեն. այդ դեպքում հեղուկ սնունդն անցնում է թոքեր՝ առաջ բերելով թոքաբորբ, իսկ որոշ դեպքերում անգամ մահ[17][18]։
Գաստրոստոմայի խողովակների (կապում է արտաքին աշխարհը ստաոքսի կամ աղիների հետ՝ անցնելով որովայնի պատի միջով) բարդություններից է ստամոքսի պարունակության անցումը որովայնամզի խոռոչ, որն էլ բերում է որովայնամզաբորբի զարգացման. բուժման բացակայության դեպքում այս վիճակն կբերի մահվան։ Մեկ այլ լուրջ բարդություն է վարակային շոկը[19]։ Ստամոքսի պարունակության՝ մաշկի վրա անցնելու դեպքում, առաջանում է բորբոքում և քայքայում. դա կանխելու նպատակով օգտագործվում են պաշտպանիչ քսուքներ բացվածքի շուրջը[20]։
Գոյություն ունի ֆենոմեն, որը կոչվում է զոնդից կախվածություն. այդ դեպքում երեխան, երկարատև զոնդով սնուցվելուց հետո, հրաժարվում է ինքնուրույն ուտել. այս վիճակը գրանցված չէ որպես հիվանդություն, հաճախությունն էլ անհայտ է[21]։
Զոնդերի առավել տարածված տարատեսակներն են քթի խոռոչից դրվողները՝ նազոգաստրալ, նազոդուոդենալ, նազոյեյունալ խողովակները. Կան նաև ուղղակիորեն որովայնի առաջային պատով դրվողներ՝ գաստրոստոմայի, գաստրոյեյունոստոմայի կամ յեյունոստոմայի խողովակներ[22][23]։
Նազոգաստրալ սնուցման խողովակը կամ ՆԳ-զոնդն անցնում է քթանցքով, իջնում կերակրափողով և ավարտվում է ստամոքսում։ Այս տեսակի սնուցումը, որպես կանոն, օգտագործվում է կարճաժամկետ՝ մինչև մեկ ամիս. քիչ նորածինների և երեխաների մոտ է նազոգաստրալ զոնդը տեղադրվում երկարատև սնուցման նպատակով։ Նազոգաստրալ զոնդի հիմնական առավելությունն այն է, որ համեմատաբար հեշտ և ոչ ինվազիվ է տեղադրվում, կարելի է հանել ցանկացած պահի, առանց վիրաբուժական միջամտության։ ՆԳ-զոնդերի բարդություններից է դրանց պատահական դուրս գալը, նաև քթի լորձաթաղանթի վնասումը[24]։
Նազոյեյունալ զոնդը կամ ՆՅ-զոնդը նման է ՆԳ-զոնդին, միայն թե անցնում է ստամոքսն ու ավարտվում բարակ աղիներում. նազոդուոդենալ զոնդի ծայրը տեղակայվում է տասներկումատնյա աղում, իսկ նազոյեյունալինը՝ աղիճ աղում։ Զոնդի այս տեսակներն օգտագործվում են այն անձանց մոտ, ովքեր ստամոքսի լուրջ խնդիր ունեն՝ խախտված շարժողականություն, սաստիկ ռեֆլյուքս կամ փսխում. այս զոնդերը պետք է տեղադրվեն հիվանդանոցային պայմաններում[14][25]։
Գաստրալ սնուցման զոնդը կամ Գ-զոնդը խողովակ է, որը տեղադրվում է որովայնի առաջային պատին արված փոքրիկ կտրվածքի միջոցով, ընթանում է դեպի ստամոքս։ Նախատեսված է երկարատև էնտերալ սնուցման համար։ Տարատեսակներից մեկը միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոման է, որի դեպքում խողովակը տեղադրվում է էնդոսկոպի օգնությամբ։
Գ-զոնդը կարելի է օգտագործել նաև ստամոքսի պարունակությունը դրենավորելու նպատակով։ Դրա անհրաժեշտությունն առաջանում է, երբ վնասված է թափառող նյարդը կամ կա մոտակա բարակ աղիների անցանելիության խանգարում, որի պատճառով ստամոքսի թթվային պարունակությունն ու լեղին տևական մնում են ստամոքսում։ Եթե դրենավորումը կարճատև է կատարվելու, ստամոքսի պարունակությունն արտածծվում է նազոգաստրալ զոնդով։ Եթե խցանման մակարդակը հեռակա է տեղակայված, կարող է կոլոստոմայի ցուցում հանդիսանալ, երբեմն էլ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, խցանումը վերացվում է մասնահատման միջոցով։ Եթե անհնար է որևէ մեթոդ կիրառել, անցնում են պարէնտերալ սնուցման[26][27]։
Յեյունոստոման կամ Յեյունալ սնուցման զոնդը տեղակայվում է վիրահատական կամ էնդոսկոպիկ մեթոդով, որովայնի առաջային պատին կատարված կտրվածքի միջոցով և ուղվում է դեպի աղիճ աղի[14]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite journal}}
: Cite uses deprecated parameter |authors=
(օգնություն)