Սոխ մուգ մանուշակագույն (լատին․՝ Allium atroviolaceum), շուշանազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
30-100 սմ բարձրությամբ խոշոր, գնդաձև-ձվաձև սոխուկով, նեղ, տափակ, կանաչ, ցողունագիրկ տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Գագաթնային, բազմածաղիկ, գնդաձև ծաղկաբույլեր կազմող մուգ մանուշակագույն կամ ծիրանագույն-վարդագույն ծաղիկներն ունեն երկար, անհավասար ծաղկակոթեր։ Ծաղկելուց առաջ ծաղկաբույլերը շրջապատված են թաղանթային ծածկոցով։ Ծաղիկները բացվում են աստիճանաբար, ծաղկաբույլի վերևից և զուգընթաց ծաղիկների կանաչ գույնը փոխվում է մանուշակագույնի։ Բազմաթիվ սերմերով պտուղը եռանիստ տուփիկ է[1]։
Աճում է նախալեռնային և լեռնային գոտիների կիսաանապատներում, լեռնային տափաստաններում, չոր լանջերին։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը, առավել հաճախ՝ սոխուկները։ Մուգ մանուշակագույն սոխի երիտասարդ տերևներն ու ցողունները գործածում են որպես համեմունք[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.