Սոցիալական պատասխանատվություն, էթիկական շրջանակ, որտեղ անհատն աշխատում և համագործակցում է այլ անձանց ու կազմակերպությունների հետ՝ հանուն հանրային շահի[1]։
Կազմակերպությունը կարող է սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել տարբեր եղանակներով, օրինակ՝ նվիրատվություններ կատարելով, կամավորությունը խթանելով, աշխատանքի ընդունելության ժամանակ էթիկական ընթացակարգեր կիրառելով և իրականացնելով փոփոխություններ, որոնք օգուտ են բերում շրջակա աշխարհին[2]։
Սոցիալական պատասխանատվությունն անհատական պատասխանատվություն է, որը ենթադրում է հավասարակշռության պահպանում տնտեսության և այն էկոհամակարգի միջև[3], որի մեջ մարդն ապրում է։ Բացի այդ, դա ենթադրում է հնարավոր փոխզիջումներ տնտեսական զարգացման, հասարակության բարեկեցության ու շրջակա միջավայրի միջև[4]։ Սոցիալական պատասխանատվությունը վերաբերում է ոչ միայն բիզնես կազմակերպություններին, այլ նաև բոլոր նրանց, ում գործողություններն ազդում են շրջակա միջավայրի վրա[5]։
Արևմտյան դասական փիլիսոփայության ներկայացուցիչներն ընդունում էին սոցիալական պատասխանատվության կարևորությունը մարդու զարգացման համար։
Արիստոտելը սահմանել է, որ «մարդն իր էությամբ քաղաքական արարած է»[6]։
Նա կարծում էր, որ էթիկան և քաղաքականությունը միմյանց փոխլրացնող հասկացություններ են։ Քաղաքացին մեծապես զարգացնում է իր առաքինի հատկությունները, որպեսզի կարողանա իր ներդրումն ունենալ պոլիսը գերազանց և կայուն վայր դարձնելու գործում։ Եվ դրա նպատակն էր ստեղծել մի միջավայր, որտեղ ծաղկող և բարոյապես ազնիվ հասարակություն կարող էր զարգանալ պոլիսում (Արիստոտելը հավատում էր, որ արդարության պես առաքինի հատկանիշները կարող են ամբողջությամբ դրսևորվել միայն քաղաքական ենթատեքստում։ Այսպիսով, լավ կառուցված և արդար քաղաքական համակարգ է անհրաժեշտ, որպեսզի անհատները կարողանան արդյունավետորեն կիրառել այդ հատկանիշները)[6]: I.1–2, III.4, VII.1–3 [7]։
Արիստոտելը հավատացած էր, որ պոլիսը կոչված է լինելու «հավասարների համայնք՝ հանուն կյանքի, որը պոտենցիալ լավագույնն է»[6]: VII.8 : Նրա առաքինության էթիկայի սխեմայում որոշ առաքինի հատկանիշներ, ինչպես օրինակ՝ վեհությունը և արդարադատությունը, անբաժան էին սոցիալական պատասխանատվության զգացումից[7]: IV.2, V ։
Կիկերոնը հավատացած էր, «ոչ մի այլ ոլորտում մարդկային կատարելությունն այնքան մոտ չէ աստվածների ուղուն, որքան նոր համայնքների ստեղծման և արդեն ստեղծվածների պահպանման գործում»[8]։
Մարկոս Ավրելիոսն իր «Խորհրդածություններ» աշխատության մեջ գրել է, որ «այն, ինչը օգտակար չէ փեթակի համար, օգտակար չէ նաև մեղվի համար»[9]։
Ամերիկացի տնտեսագետ Հովարդ Բոուենի «Գործարարի սոցիալական պատասխանատվությունը» գիրքը, որը հրատարակվել է 1953 թվականին, առաջիններից մեկն էր, որը սոցիալական պատասխանատվության հարցն ուսումնասիրում էր ձեռնարկատիրական գործունեության համատեքստում[10]։
Մարդը կարող է լինել սոցիալապես պատասխանատու` պասիվ կերպով՝ խուսափելով սոցիալապես վնասակար գործողություններ կատարելուց կամ ակտիվորեն կատարելով գործողություններ, որոնք նպաստում են սոցիալական նպատակների իրականացմանը։ Սոցիալական պատասխանատվությունն ունի միջսերնդային ասպեկտ՝ մեկ սերնդի գործողությունները հետևանք են թողնում իրենց հաջորդների վրա, ինչպես նաև նախնիների նկատմամբ հարգանքը տարբեր դրսևորումներ ունի[11]։
Սոցիալական պատասխանատվությունը պահանջում է համարձակության կամ քաջության որոշակի մակարդակ։ Օրինակ՝ Ալեքսանդր Սոլժենիցինը քաղաքացիական խիզախության մասին ասել է. «Մենք սովոր ենք խիզախություն համարել միայն պատերազմում դրսևորված քաջությունը (կամ տիեզերք թռչելու համար անհրաժեշտ քաջությունը), այն քաջությունը, որը մեդալներով է պարգևատրվում։ Մենք մոռացել ենք քաջության ևս մեկ հասկացության մասին՝ քաղաքացիական խիզախությունը։ Եվ դա այն է, ինչ պետք է մեր հասարակությանը, միա՛յն դա, միա՛յն դա, միա՛յն դա»[12]:։
Մյուս կողմից, սոցիալապես պատասխանատու լինելու դրսևորում է, երբ անձամբ չես տարածում չստուգված տեղեկությունը։ Ըստ Ֆրանսիսկո Մեխիա Ուրիբեի՝ ժամանակակից տեղեկատվական միջավայրում «ամեն ինչին դյուրահավատորեն վերաբերվելու ռիսկը չափից դուրս մեծ է»։ Ըստ նրա՝ սոցիալապես պատասխանատու մարդն ունի «բարոյական պարտավորություն՝ հավատալու միայն նրան, ինչը խորապես ստուգել է»։
Եվ սոցիալապես պատասխանատու մարդը «որպես համոզմունքները հաղորդող մեկը <…> բարոյական պատասխանատվություն է կրում հավաքական ինֆորմացիան չաղտոտելու համար, բայց փոխարենը ձգտում է պահպանել դրա ամբողջականությունը»[13]։
Արդյոք գիտնականները և ինժեներները բարոյական պատասխանատվություն կրո՞ւմ են իրենց գիտելիքների և գյուտերի հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար[14]։ Եթե գիտնականները և ինժեներները հպարտանում են գիտության և տեխնոլոգիաների դրական նվաճումներով, արդյոք նրանք չպե՞տք է պատասխանատվություն կրեն նաև գիտության և տեխնոլոգիական նորարարությունների օգտագործման կամ չարաշահման հետ կապված բացասական հետևանքների համար[15]։ Գիտնականները և ինժեներներն ունեն կոլեկտիվ պատասխանատվություն իրենց ընտրած հետազոտական առաջադրանքներում ներդրված արժեքների և հասարակության հետ այն կիսելու էթիկայի վերաբերյալ[16]։
Գիտնականների և ինժեներների կոմիտեները հաճախ ներգրավված են կառավարական և կորպորատիվ հետազոտական ծրագրերի պլանավորման մեջ, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների և սպառազինության զարգացման թեմայով[17][18]։ Մասնագիտական բազմաթիվ համայնքներ և ազգային կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիան և ԱՄՆ Ինժեներիայի ազգային ակադեմիան, ունեն էթիկայի ուղեցույցներ[19]։ Գիտական հայտնագործությունների ու գիտելիքի կիրառման առումով գիտնականները և ինժեներներն անհատապես և կոլեկտիվ առումներով ունեն հատուկ և ավելի մեծ պատասխանատվություն, քան սովորական քաղաքացիները։
Ոմանք պնդում են, որ հետազոտությունների մեջ սոցիալական պատասխանատվության բարդության պատճառով գիտնականներին և ինժեներներին չպետք է մեղադրել նոր գիտական հայտնագործությունների և տեխնիկական նորարարությունների արդյունքում առաջացած բոլոր դժբախտությունների համար[14]։ Նախ կա պատասխանատվության մասնատում և տարածում։ Աշխատանքի մտավոր և ֆիզիկական բաժանման պատճառով, որն ի հայտ է գալիս գիտելիքների մասնատումից, մասնագիտացման բարձր աստիճանից և կորպորացիաներում ու պետական հետազոտական լաբորատորիաներում որոշումների կայացման բարդ հիերարխիկ գործընթացից, անհատ գիտնականների և ինժեներների համար չափազանց դժվար է վերահսկել իրենց նորարարությունների կիրառումը[17]։ Աշխատանքի և որոշումների կայացման այս գործընթացի մասնատվածությունը հանգեցնում է մասնատված բարոյական պատասխանատվության, որը հաճախ բերում է մի իրավիճակի, երբ «բոլոր ներգրավվածները պատասխանատու էին, բայց ոչ ոք չէր կարող պատասխանատվության ենթարկվել»[20]։
Մեկ այլ խնդիր է անտեղյակությունը։ Գիտնականները և ինժեներները չեն կարող կանխագուշակել, թե իրենց նոր մշակած գիտելիքը և տեխնոլոգիական նորարարությունները ինչպես կարող են չարաշահվել կամ ոչ պատշաճ օգտագործվել։ Անտեղյակության արդարացումն առավել ուժեղ է այն գիտնականների համար, որոնք զբաղվում են շատ հիմնարար հետազոտություններով, որտեղ հնարավոր կիրառումը նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել, քան այն գիտնականների և ինժեներների համար, որոնք զբաղվում են կիրառական գիտական հետազոտություններով և տեխնոլոգիական նորարարություններով, քանի որ նման աշխատանքի նպատակները քաջ հայտնի են։ Օրինակ՝ բաժնետիրական ընկերությունների մեծ մասը հետազոտություններ է կատարում հատուկ արտադրանքի կամ ծառայությունների վերաբերյալ, որոնք խոստանում են շահույթ բերել բաժնետերերին։ Նույն ձևով, կառավարության կողմից ֆինանսավորված հետազոտությունների մեծ մասը հստակ ուղղվածություն ունեն, օրինակ՝ շրջակա միջավայրի պահպանում, նոր դեղամիջոցների մշակում կամ առավել մահաբեր զենքերի նախագծում։ Այն դեպքում, երբ գիտական հայտնագործությունների կամ տեխնոլոգիական նորարությունների կիրառությունները ապրիորի հայտնի են, գիտնականները կամ ինժեներները չեն կարող խուսափել այն հետազոտությունների և տեխնոլոգիական նորարարությունների համար պատասխանատվությունից, որոնք բարոյական առումով կասկածելի են[21]։ Ինչպես Ջոն Ֆորջն է գրել իր «Բարոյական պատասխանատվությունն ու անտեղյակ գիտնականը» գրքում, «անտեղյակությունը արդարացում չէ հենց այն պատճառով, որ գիտնականներին կարելի է մեղադրել անտեղյակության մեջ»[22]։
Մեկ այլ կարծիք կա, որ պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա, ովքեր ֆինանսավորում են հետազոտությունները և տեխնոլոգիական զարգացումները (հիմնականում խոշոր ընկերությունները և պետական գերատեսչությունները)։ Քանի որ հարկատուները միջոցներ են տրամադրում կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտությունների համար, նրանք և նրանց շահերը ներկայացնող քաղաքական գործիչները, հավանաբար պետք է պատասխանատվություն կրեն գիտական նվաճումների օգտագործման և չարաշահումների համար[23]։ Նախկինում գիտնականները հաճախ կարող էին ինքնուրույն հետազոտություններ կատարել, սակայն այսօր փարձարարական հետազոտությունները պահանջում են թանկարժեք լաբորատորիաներ և սարքավորումներ, ինչն էլ գիտնականներին կախվածության մեջ է գցում նրանցից, ովքեր վճարում են այդ հետազոտությունների համար։
Քվազի-իրավական գործիքները կամ «փափուկ օրենքները» ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Կենսաէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ստացել են մասնավոր և պետական ընկերությունների նկատմամբ որոշակի նորմատիվ կարգավիճակ՝ հատկապես երեխաների և մայրերի բարեկեցության մասով[24]։ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը «կխրախուսի կամավոր պարտավորություններ ստանձնել սոցիալական պատասխանատվություն դրսևորելու համար և կղեկավարի հայեցակարգերի, սահմանումների և գնահատման մեթոդների վերաբերյալ ընդհանուր ուղեցույցի մշակումը»[25]։
Ձեռնարկությունների կողմից էթիկական որոշումների կայացումը կարող է կանխել պետական ծախսատար միջամտությունն այդ ձեռնարկությունների գործունեությանը[26]։ Օրինակ՝ եթե ընկերությունը հետևում է Միացյալ Նահանգների Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA) վտանգավոր աղտոտիչների արտանետումների վերաբերյալ ուղեցույցներին և գնում ավելի հեռուն՝ ներգրավելով համայնքին և լուծելով հասարակության առջև ծառացած խնդիրները, քիչ հավանական կլինի, որ Գործակալությունը կհետաքննի նրանց գործունեությունը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ կանոնների և կարգավորումների մեծ մասը ձևավորվում են հանրային ընդվզման հետևանքով, ինչը սպառնում է շահույթի մաքսիմալացմանը և հետևաբար` բաժնետերերի բարեկեցությանը։ Եթե չկա ընդվզում, դա սահմանափակում է կարգավորումը[27]։
Որոշ քննադատներ պնդում են, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ձեռնարկություններին շեղում է իրենց հիմնական տնտեսական դերից։ Մյուսներն էլ պնդում են, որ դա ոչ այլ ինչ է, քան արտաքին խաբկանք, ինչպես օրինակ՝ «գրինվոշինգը»[28]։ Ոմանք էլ պնդում են, որ դա փորձ է կանխելու կառավարությունների՝ որպես հզոր ձեռնարակատիրությունների նկատմամբ վերահսկողի դերը։ Զգալի թվով ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հետևանքով ոչ մի բացասական ազդեցություն չի եղել բաժնետերերի գործունեության արդյունքների վրա, ընդհակառակը՝ այն աննշան դրական ազդեցություն ունի բաժնետերերի եկամուտների բարելավման վրա[29]։
Չնայած շատ ձեռնարկություններ իրենց գործունեության մեջ ներառում են սոցիալական պատասխանատվություն, նրանք, ովքեր գնում են այդ արտադրանքն ու ծառայությունները, կարող են նաև ինքնուրույն ապահովել այդ արտադրանքի սոցիալական կայունությունը։ Միջազգային շատ կազմակերպություններ տրամադրում են այդ ստուգման գործիքները[30], օրինակ՝ «Underwriters Laboratories»-ի բնապահպանական ստանդարտները, «BioPreferred»-ը և «Green Seal»-ը։ Սոցիալական պատասխանատվության վրա հիմնված կորպորատիվ հեղինակությունը կապված է շահույթի ավելացման հետ, հատկապես, երբ ընկերությունները կամավոր հայտնում են իրենց սոցիալական պատասխանատվության ջանքերի դրական և բացասական ազդեցության մասին[31]։
Սերտիֆիկացման այսպիսի գործընթացներն օգնում են ձեռնարկություններին և նրանց սպառողներին պարզել արտադրանքի կյանքի ցիկլի հետ կապված հնարավոր ռիսկերը և հնարավորություն են տալիս վերջնական օգտագործողներին հաստատել, որ ձեռնարկության գործելակերպը համապատասխանում է սոցիալական պատասխանատվության իդեալներին։ Ձեռնարկության կողմից սոցիալական պատասխանատվություն դրսևորելու համբավը հանգեցնում է ապրանքանիշի արտադրանքի նկատմամբ ավելի դրական արձագանքների՝ առաջացնելով փոխադարձ ցանկություն օգնելու այն ընկերություններին, որոնք օգնել են ուրիշներին։ Սա էֆեկտ է, որն առավել ակնհայտ է այն ապառողների շրջանում, որոնք գնահատում են ուրիշներին օգնելը, և այդ օգնելու ցանկությունը նվազում է, եթե սպառողները կասկածի տակ են դնում ընկերության մտադրությունները[32]։
|