Միասեռ ժայռային մողես | |
Միասեռ ժայռային մողես | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Իսկական մողեսներ (Lacertidae) |
Ցեղ | Դարևսկիա (Darevskia) |
Տեսակ | Միասեռ ժայռային մողես (D. unisexualis) |
Միջազգային անվանում | |
Darevskia unisexualis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Սպիտակափոր մողես կամ միասեռ ժայռային մողես, սպիտակափոր ժայռային մողես, Դարևսկու միասեռ, սպիտակափոր (լատին․՝ Darevskia unisexualis), իսկական մողեսների ընտանիքին պատկանող ժայռային մողես, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ, նաև տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ լեռնային վայրերում, շինությունների պատերի ճեղքերում։
Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-7,0 սմ), պոչը կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով, մեջքային մակերեսը՝ միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։ Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, ձիթապտղագույն և շագանակագույն երանգները։ Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված մանր բծերով ցանցանման նախշ։ Կողմնային մուգ զոլերը կազմված են այս կամ այն չափով միաձուլված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից։ Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։
Հայաստանի սահմաններում, Արևելյան Թուրքիայում և Հարավային Վրաստանի հարակից շրջաններում տեսակի արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների։ Տարածված է Հայաստանի հյուսիսայի և կենտրոնական լեռնային շրջաններում[1]։
Բնակվում են ծովի մակարդակից 1700-2000 մ բարձրության վրա, լեռնատափաստանային գոտու ժայռերում, քարերի կույտերում և քարքարոտ լանջերում։
Ձմեռումից դուրս են գալիս ապրիլի կեսերին և մայիսիս սկզբին։ Սնվում են հիմնականում բզեզներով և թաղանթաթևավորներով, բազմանում՝ կուսածնությամբ։ Ձվադրում են հունիսի վերջին և հուլիսի սկզբին, ձվակույտում կա 2-7 ձու։ Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։
Տեսակի թվաքանակը կայուն է[1]։
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Վտանգման հիմնական գործոններն են գյուղատնտեսական գործունեության հետևանքով հարմար ապրելավայրերի կրճատումը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր մողես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր մողես» հոդվածին։ |
|