Ստաֆիլակոկային վարակը հարուցվում է Staphylococcus ցեղի ներկայացուցիչ բակտերիաների կողմից։
Այս բակտերիաները սովորաբար բնակվում են մաշկի և քթի մեջ, որտեղ նրանց համար ապահով է, բայց կարող են ներթափանցել օրգանիզմ, նույնիսկ գրեթե անտեսանելի կտրվածքների կամ քերծվածքների միջոցով։ Օրգանիզմ անցնելուց հետո բակտերիաները կարող են տարածվել բազմաթիվ օրգան համակարգերով, ներառյալ սիրտը, որտեղ բակտերիաների կողմից արտադրված տոքսինները կարող են առաջացնել սրտի կանգ։ Երբ հայտնաբերվում է, որ հիվանության պատճառը բակտերիան է, բուժումն իրականացնում են հակաբիոտիկներով և կատարում ախտահարված հատվածի դրենավորում։ Այնուամենայնիվ բակտերիաների որոշ շտամներ դարձել են կայուն հակաբիոտիկների նկատմամբ և նրանց դեմ պայքարելու միակ միջոցը սեփական իմունային համակարգն է։ Եթե այդ համակարգը թուլանա, հիվանդությունը կարող է արագ զարգանալ[1]։ Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել ստաֆիլոկոկով, սակայն ավելի խոցելի են հղի կանայք, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող կամ իմունային անբավարարությամբ տառապող մարդիկ։
Հիմնական կոագուլազա դրական ստաֆիլոկոկը Staphylococcus aureus-ն է։ Այս բակտերիաները կարող են գոյատևել չոր մակերեսների վրա՝ մեծացնելով փոխանցման հավանականությունը։ S. aureus-ը նույնպես մասնակցում է տոքսիկ շոկի համախտանիշի առաջացմանը[6], և 1980-ականներին հնարավոր եղավ բազմացնել S. aureus-ի շտամներ, որոնք արտազատում էին արյան մեջ ներծծվող տոքսիններ։ S. aureus-ով հարուցված ցանկացած վարակ կարող է ստաֆիլակոկային շերտազատվող մաշկի համախտանիշի պատճառ դառնալ,որը իրենից ներկայացնում է արյան մեջ ներծծված էկզոտոքսինների նկատմամբ մաշկի ռեակցիան։ Այն կարող է նաև պիեմիայի պատճառ դառնալ, որը համարվում է սեպտիցեմիայի տեսակ։ Մաշկի վարակը կարող է կյանքին վտանգ սպառնացող լինել։ Չափազանց խնդրահարույց է, մեթիցիլին կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկը (MRSA), որը դարձել է ներհիվանդանոցային վարակների հիմնական պատճառը։ MRSA հաճախ հանդիսանում է նաև արտահիվանդանոցային վարակների պատճառ[7]։ Ստաֆիլակոկային վարակի հիմնական ախտանիշներն են ֆուրունկուլը կամ աբսցեսը։ Ախտահարված տարածքը սովորաբար զգայուն և ցավոտ է լինում, կարող է լինել այտուցված ու կարմրած[8]։
S. epidermidis, կոագուլազա բացասական ստաֆիլոկոկի տեսակ է և հանդիսանում է մաշկում ապրող պայմանական ախտածին մանրէ, սակայն կարող է ծանր վարակների առաջացման պատճառ դառնալ ճնշված իմունիտետ ունեցող և կենտրոնական երակային կաթետեր ունեցող հիվանդների մոտ։
S. saprophyticus-ը մեկ այլ կոագուլազա բացասական մանրէ է, որը հանդիսանում է հեշտոցի նորմալ ֆլորայի ներկայացուցիչ և սեռական կյանքով ապրող կանանց միսասեռական համակարգի ոչ բարդ վարակների հիմնական պատճառն է[9]։
Մարդու վարակների մեջ ներգրավված են ստաֆիլակոկի այլ տեսակներ, որոնցից են օրինակ՝ S. lugdunensis-ն, S. schleiferi-ն և S. caprae-ն։
Ստաֆիլոկոկային վարակներն ունեն բազմաթիվ պատճառներ, ինչպիսիք են՝
Բաց վերքերը, որոնք ստաֆիլակոկային վարակի ամենատարածված պատճառներն են։ Ցանկացած բաց վերք, նույնիսկ թղթի կտրվածքի չափ փոքրերը, հակված են վարակման։ Ստաֆիլակոկային բակտերիան կարող է ներթափանցել օրգանիզմ ցանկացած տեսակի բաց վերքով, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ցանկացած վերք պատշաճ կերպով մշակել, ախտահանել և վիրակապել։
Վարակված մարդկանց կամ մակերեսների հետ շփումը, քանի որ ստաֆիլոկոկային վարակները չափազանց վարակիչ են։ Ստաֆիլոկոկով վարակված անձը վարակիչ է այնքան ժամանակ, քանի դեռ բակտերիաները լիովին դուրս չեն եկել իր մարմնից, և վարակված վերքերը բուժված չեն։ Ստաֆիլակոկային վարակը տարածվում է նաև կոնտակտայի սպորտում, օրինակ՝ ըմբշամարտում, հանդերձարաններում՝ շփվելու միջոցով և այլն։
Թուլացած իմունային համակարգը, քանի որ այդ պարագայում օրգանիզմը չի կարողանում պայքարել վարակածին բակտերիաների դեմ։
Կեղտոտ սպիտակեղենը, այն պատճառով, որ բակտերիաները խիստ դիմացկուն են կեղտոտ պայմաններում և կպչում են առարկաներին։ Չլվացված լոգանքի սրբիչները, վերմակը, անկողնային սավանները և հագուստը կարող են հիանալի միջավայր ստեղծել այս բակտերիաների զարգացման համար։ Սա կարևոր է հիշել, քանի որ մարդիկ ամեն օր իրենց առօրյա կյանքում օգտագործում են սպիտակեղեն։
Հետվիրահատական վարակը, քանի որ հիվանդանոցներում շատ տարածված են ստաֆիլակոկային վարակները։ Սա խնդրահարույց է, երբ մարդիկ վիրահատության են, քանի որ որոշ դեպքերում ստաֆիլոկոկը կարող է ներթափանցել օրգանիզմ բաց կտրվածքի միջոցով։
Ինվազիվ սարքավորումները։ Բժշկական այդպիսի սարքերը, շատ խնդրահարույց են, քանի որ նրանց միջոցով կապ է հաստատվում արտաքին միջավայրի և օրգանիզմի միջև, ինչը թույլ է տալիս մանրէներին հեշտությամբ ներթափանցել։
Ստաֆիլակոկային վարակի տիպիկ ախտանիշներն են կարմրությունը, թարախային արտադրությունը, այտուցը և վարակված հատվածի գերզգայունությունը, սակայն ստաֆիլոկոկային բակտերիաներով հարուցված մաշկի վարակի յուրաքանչյուր տեսակ տարբեր է։
Ստաֆիլոկոկային բակտերիաներով հարուցված մաշկի մի քանի տարածված վարակներն են՝
Կարբունկուլը, որը ստաֆիլակոկային վարակի ամեատարածված տեսակն է։ Այն թարախային գրպանիկ է, որը առաջանում է մազի ֆոլիկուլի և ճարպագեղձի շուրջը։ Մաշկի այն հատվածը, որտեղ տեղակայված է կարբունկուլը զգայուն է և կարմիր։
Իմպետիգոն, որը ավելի տարածված է երեխաների շրջանում և ավելի հաճախ տեղակայվում է բերանի, քթի շուրջը, ձեռքերին և ոտքերին։ Այն դրսևորվում է ցավոտ բշտիկային ցանի տեսքով, որոնք ի վերջո կարող են վերածվել թարախի՝ դեղնավուն գույնով։
Ցելյուլիտը նույնպես ունի ցանանման տեսք, մաշկը կարմիր է, այտուցված և շոշափելիս՝ տաք է։ Ցելյուլիտի դեպքում հիմնականում ախտահարվում են ստորին վերջույթները, սակայն հազվադեպ կարող են ախտահարվել նաև ձեռքերը և դեմքը։
Ստաֆիլակոկային շերտազատվող մաշկի համախտանիշը առաջանում է տոքսինների ազդեցությամբ՝ հիվանդության ծանր դեպքերում։ Այն բնութագրվում է ջերմությամբ, ցանով և բշտիկների առկայությամբ։
Ստաֆիլոկոկային վարակի բուժման եղանակը կախված է վարակի տեսակից և ծանրությունից։ Բուժման համար հիմնականում կիրառում են հակաբիոտիկներ, տեղային քսուքներ, ինչպես նաև իրականացնում են վարակված վերքի մանրակրկիտ մաքրում և դրենավորում։
Ստաֆիլոկոկի անվանումը ծագել է հունարեն «staphyle» բառից, որը նշանակում է խաղողի ողկույզ և «kokkos», որը նշանակում է հատիկ։ Մանրադիտակի տակ բակտերիաները նման են խաղողի ողկույզի կամ ընկույզի։
Ստաֆիլակոկը ամենատարածված բակտերիաներից մեկն է։ Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հրապարակած տվյալների՝ հիվանդանոցներում ստաֆիլակոկային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման պայմաններում հիվանդների թիվը կտրուկ նվազել է[10]։ Այնուամենայնիվ, ստաֆիլոկոկային վարակները,հատկապես հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամները դեռևս մտահոգության տեղիք են տալիս բուժաշխատողների շրջանում։ ԱՄՆ-ում ստաֆիլոկոկային վարակի հաճախականությունը կազմում է տարեկան մոտ 38,2-ից 45,7 մարդ 100,000 մարդու հաշվարկով։
↑Kurono, Y.; Tomonaga, K.; Mogi, G. (1988 թ․ նոյեմբերի 1). «Staphylococcus epidermidis and Staphylococcus aureus in otitis media with effusion». Archives of Otolaryngology–Head & Neck Surgery. 114 (11): 1262–1265. doi:10.1001/archotol.1988.01860230056023. ISSN0886-4470. PMID3262358.
↑Sahebnasagh R, Saderi H, Owlia P. Detection of methicillin-resistant Staphylococcus aureus strains from clinical samples in Tehran by detection of the mecA and nuc genes. The First Iranian International Congress of Medical Bacteriology; 4–7 September; Tabriz, Iran. 2011. 195 pp.