Սև փղոսկրի սուրճ (անգլ.՝ Black Ivory coffee), սրճի տեսակ է, որ ստացվում է հյուսիսային Թաիլանդում։ Այս որակի սուրճը ստացվում է արաբիկա տեսակի սրճի հատիկները փղի ուտելուց և արտաթորելուց հետո[1][2]։ Սրճի ստեղծողը Բլեյք Դինկինն է։
Սև փղոսկրի սրճի համի վրա ազդում է փղի ստամոքսահյութը, որը քայքայում է սրճի սպիտակուցները։ 15-30 ժամ գտնվելով փղի ստամոքսում՝ սրճի հատիկները ձեռք են բերում յուրահատուկ համ ու բույր, միաժամանակ կորցնելով սովորական սրճի դառնությունը[2]։
Սև փղոսկրի սուրճ վաճառվում է Հյուսիսային Թաիլանդի, Մալդիվների և Աբու Դաբիի մի քանի լյուքս դասի հյուրանոցներում։ Մեկ բաժակի արժեքը 50 դոլար է, կիլոգրամինը՝ 1100 դոլար։ 2012 թվականի դրությամբ սև փղոսկրի սուրճն աշխարհի ամենաթանկ սուրճն է[3]։
Golden Triangle Asian Elephant Foundation հիմնադրամը վաճառքից ստացած շահույթի 8%-ը տրամադրում է բարեգործական նպատակներին։ Փղերի համար դեղորայք են գնում և կազմակերպում են անասնաբուժական օգնություն, օգնում են փողոցային փղերին և փիղ վարժեցնողներին[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև փղոսկրի սուրճ» հոդվածին։ |
|