Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Գեղարքունիքի մարզ |
Հիմնվել է | 1978 |
Մակերես | 150 100 հեկտար |
Սևան ազգային պարկ, պահպանվող տարածք Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1], Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա[2]։
Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։
Մինչև 1997 թ. Սևան ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները։ Վերջիններս 1997 թ. լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում է Սևան ազգային պարկին։ Պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը։
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը իրականացնում է «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Այն շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա։
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ։
Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը, որի ծավալը 33,2 կմ³ է, մակերեսը՝ 1238 կմ²։ Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավարևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ³), հյուսիսարևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ³)։ Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ։
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը՝ Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան։
Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը։
Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։ Պարկի տարածքում կան 4 արգելոցներ՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա, որից ցամաքային տարածքը՝ 4289 հա, իսկ ջրայինը՝ 3175 հա, 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա, որից ցամաքային տարածքը՝ 2359 հա, իսկ ջրայինը՝ 293 հա, 4753 հա ընդհանուր մակերեսով ռեկրեացիոն և 11266 հա ընդհանուր մակերեսով տնտեսական գոտի։
Տարածքագործառնական գոտիների մեջ մտնում են արգելոցները, արգելավայրերը, ռեակցիոն գոտիները, տնտեսական գոտիները։
«Նորաշենի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը՝ 498 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 12.7 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այն այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։
«Լիճք-Արգիչի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավարևմտյան հատվածում՝ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը՝ 693 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 13.3 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.8 կմ երկարությամբ և 3.7 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային և ջրային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների՝ Սևանի իշխանի, Սևանի կողակ և Սևանի բեղլուի ձվադրումն ու զարգացումը։
«Գիլլի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավարևելյան հատվածում՝ Գիլլի ջրանցքի, Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1810 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 1325 հա, իսկ ջրայինը՝ 485 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 23.3 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 10.4 կմ երկարությամբ և 1.8 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանությունը՝ արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանությունը, որպես թռչունների բնադրավայր։
«Արտանիշի» արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում՝ ընդգրկելով է Արտանիշի թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի՝ Շորժայի համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը։ Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա՝ ջրային։ Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը։
«Գավառագետի» արգելավայրը գտնվում է ազգային պարկի Նորատուսի թերակղզու ափամերձ և Գավառագետի գետաբերանային հատվածում, զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 552 հա, իսկ ջրայինը՝ 293 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է։ Արգելավայրի տարածքը ձգվում է մոտ 7.5 կմ երկարությամբ և 0.5-3.5 կմ լայնությամբ։ Արգելավայրի նպատակն է ապահովել Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանությունը և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը։
«Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում և տարածվում է Դարանակ գյուղից մինչև Ջիլ` մոտ 18 կմ երկարությամբ և 1.5-3.8 կմ լայնությամբ։ Արգելավայրը զբաղեցնում է 1807 հա մակերես։ Տարածքը կտրտված է, հանդես են գալիս տարբեր չափերի 5 հատվածներ, որոնց սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 55.0 կմ։ Արգելավայրի նպատակն է ապահովել Սևանա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանությունը։
Պարկի ռեկրեացիոն գոտիների ընդհանուր տարածքը կազմում է 4753 հա, որոնք առանձին հատվածներով տարածվում են լճի ափամերձ երկայնքով։ Պարկի տարածքը ներառում է թվով 8 ռեկրեացիոն գոտիներ։
Տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում` Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիչի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավարևմտյան լեռնալանջերի վրա։ Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11.184 հա։
Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգաբանական խմբերին.
39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանցից մեկը՝ Հայկական որորը (Laurus armenicus) էնդեմիկ տեսակ է։ Ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպող 267 տեսակի թռչուններից 20-ը ներկայումս հազվագյուտ են, սակայն գրանցված չեն Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանք են՝ մոխրաայտ սուզակը, մեծ սուզակը, սպիտակ փոքր տառեղը, մոխրագույն տառեղը, սև ցինը, տափաստանային ճուռակը, փոքր ենթարծիվը, կարմիր բադը, պիրոլը, սովորական սոխակը, փոքր քարադրը, սևուկ կտցարը, սպիտակավիզ կտցարը, գետային ջրածիծառը, ականջավոր բուն, այծկիթը, ճահճային մկնաճուռակը, սովորական կիվիկը, խայտաբղետ փայտփորը, ժայռային ծիծեռնակը։ Ընդ որում՝ սև ցինը, սովորական սոխակը և սևուկ կտցարը միգրացվող, սակայն ազգային պարկի տարածքում չբազմացող տեսակներից են։ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 39 և տնտեսական արժեք ներկայացնող 29 տեսակների վիճակը ներկայումս գնահատվում է անբավարար՝ բնական և մարդածին գործոնների բացասական ազդեցության հետևանքով։ Սակավաթվությամբ և բնադրավայրերի խոցելիությամբ առանձնապես տագնապալից են Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակների վիճակը՝ սև ագռավ, վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն, մեծ ձկնկուլ, տարգալկտուց, ճչան կարապ, մոխրագույն բադ, մարմարյա մրտիմն, սպիտակագլուխ բադ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ, քարարծիվ, սև անգղ, միջերկրածովյան բազե, սապսան, մոխրագույն կռունկ, խայտաբղետ քարակեռնեխ։
Պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին։ Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են։ Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում։
Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին՝ պատահական ներմուծման շնորհիվ։ Լիճ լցվող գետերում խեցգետին չի հանդիպել, սակայն խեցգետինը բավականին շատ է Սևանից սկիզբ առնող Հրազդան գետում։ Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում։
Սևանա լճի ձկները ներկայացված են սաղմոնազգի (Salmonidae), սիգազգի (Coregonidae) և ծածանազգի (Cyprinidae) ընտանիքներով։ Սաղմոնազգիներին են պատկանում Սևանի իշխանը (Sevan Trout–Salmo ischchan Kessler 1877) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով՝ Ամառային բախտակ (S. ischchan aestivalis), Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan), Գեղարքունի (S. ischchan gegarkuni), Բոջակ (S. ischchan danilewskii)։ Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է (Whitefish – Coregonus lavaretus)։ Ծածանազգի ձկնատեսակներին են պատկանում լճի երկու էնդեմիկները՝ Սևանի կողակը (Khrami carp-Varicorhinus capoeta sevangi) և Սևանի բեղլուն (Sevan barble–Barbus goktschaicus)։ 1980-ական թվականների սկզբից լճում սկսել է հանդիպել նաև արծաթափայլ լճածածանը (Crucian carp–Carassius auratus gibelio), որը պատահաբար լիճ է ներթափանցել Արարատյան դաշտի ջրային համակարգերից։ 1987 թվականից Սևանա լճի երկու էնդեմիկ տեսակ՝ Սևանի իշխանը և Սևանի բեղլուն, ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։
Պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են երկկենցաղների հետևյալ 4 տեսակները, որոնք պատկանում են Ցատկողներ (Salientia) կարգին՝
Հանդիպում են սողունների 16 տեսակներ, որոնցից 11 տեսակներ պատկանում են մողեսներ (Lacertilia) կարգին, իսկ 5 տեսակ՝ օձեր (Serpentes) կարգին։ Դրանցից Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են խայտաբղետ մողեսիկը (E.a.transcaucasica) և փոքրասիական մողեսը (Lacerta parva)։
Հանդիպում են կաթնասունների 44 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգերին.
Նշված տեսակներից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (վայրենակերպը, ջրասամույրը, գորշ արջը, խայտակզաքիսը, անտառային կատուն, բեզոարյան այծը)։
Պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ։ Ընդ որում՝ պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում՝ 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13–ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են։ Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ։
17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր։ Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի։ Պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում՝ 121 տեսակ, պահպանական գոտում՝ 228 տեսակ)։ Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները՝ ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus), շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ։ 24 տեսակի սնկեր թունավոր են։ Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինյոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն։
Հայաստանի ազգային պարկեր |
---|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևան (ազգային պարկ)» հոդվածին։ |
|