Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ուսումնական հոգևոր հաստատություն։ Հիմնադրվել է Սևանի թերակղզում, 1990 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ, Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Ի հիշատակ հայրապետի՝ հոգևոր դպրանոցը 1994 թվականին անվանակոչվել է «Վազգենյան»։
1990 թվականին Հայ եկեղեցուն վերադարձվել է Սևանի եկեղեցական համալիրը, այդ շարքում՝ Մկրտիչ Ա Վանեցի հայրապետի օրոք, 1897 թվականին շուշեցի մեծահարուստ Ավետիք Ղուկասյանի մեկենասությամբ կառուցված հոգևոր ընծայարանի շենքը։ Սկզբնական շրջանում նորահաստատ դպրանոցի միակ մասնաշենքը 100-ամյա այդ կառույցն էր, որը ծառայեցվել է և՛ ուսումնական, և՛ կենցաղային նպատակների։
1992 թվականին ուսումնական մասնաշենքի է վերածվել դպրանոցին հանձնըված «Սևան» ազգային պարկի ակումբը։ Վազգենյան դպրանոցը գիշերօթիկ, քառամյա ուսումնական հոգևոր հաստատություն է, որի շրջանավարտները, ևս երկու տարի ուսանելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում, անցնում են հոգևոր լիարժեք սպասավորության։
Դպրանոց կարող են ընդունվել միջնակարգ կրթությամբ երիտասարդները՝ հանձնելով ընդունելության քննություններ։ Ստուգվում են նաև դիմորդների երաժշտական ընդունակությունները։ Դպրանոցում դասավանդում են հոգևորականներ և հանրապետության բուհերի դասախոսներ։ Ուսուցանվում են կրոնական առարկաներ՝ ընդհանուր աստվածաբանություն, Հին և Նոր Կտակարանների ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու և Ընդհանրական եկեղեցու պատմություն, դավանաբանություն, վարք սրբոց, շարականագիտություն, հայրաբանություն, ծիսագիտություն, նաև՝ գրաբար, հայ ժողովրդի և ընդհանուր պատմություն, պատմական աշխարհագրություն, մատենագիտություն, ընդհանուր և հայ փիլիսոփայության պատմություն, հայ և համաշխարհային գրականություն։ Մեծ ուշադրություն է դարձվում հայերեն, ռուսերեն, անգլերեն, հունարեն և լատիներեն լեզուների ուսումնասիրմանը, կապեր են հաստատվում տարբեր երկրների ուսումնական հաստատությունների հետ։
Սարկավագական առաջին ձեռնադրությունը դպրանոցում եղել է 1992 թվականին։ Դպրանոցի առաջին շրջանավարտները (անդրանիկ ինը սարկավագներ) տվել է 1996 թվականին։ Դպրանոցի գործունեությանը զորակցում են Արարատյան հայրապետական թեմի ամերիկահայ բարերարները. 1998 թվականին հիմնվել է «Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց» հիմնադրամը, Սևանի թերակղզում ընթանում են Սուրբ Աստվածածին եկեղեցու, Սևանի վանական համալիրի, հոգևոր դպրանոցի նոր մասնաշենքերի շինարարական աշխատանքները։ 2000 թվականին դպրանոցում ուսանել է շուրջ 50 սան[1]։