Սևանյան գնայուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Գնայուկ բզեզներ (Carabidae) |
Ցեղ | Dyschirius |
Տեսակ | Սևանյան գնայուկ (D. sevanensis) |
Միջազգային անվանում | |
Dyschirius sevanensis |
Սևանյան գնայուկ (լատին․՝ Dyschirius sevanensis), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
4,8-5,5 մմ մարմնի երկարությամբ, նեղ, խիստ ուռուցիկ, փայլուն, մանր մարմնով բզեզ է։ Մարմնի գունավորումը սև է՝ շատ թե քիչ է արտահայտված պղնձագույն շողողյունով[1]։
Համարվում է Հայաստանի էնդեմիկ տեսակ։ Հայաստանում հայտնի է Սևանա լճի ափում (Շորժա գյուղի մոտակայք, քաղաք Մարտունի, քաղաք Սևան, Մասրիկ գետի գետաբերան)[1]։
Ապրում է ավազոտ լողափերում՝ անմիջապես ջրագծի մոտ։ Բզեզներն ու թրթուրներն ապրում են խոնավ ավազում՝ փորելով նեղ անցքեր։ Սնվում են մանր խեցնակերպերով և նրանց դիերով[1]։
Փոքր արեալով տեսակ է և միոցենյան մերձափնյա ֆաունայի ռելիկտ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխության միտումները տեղ-տեղ կայուն են և բարձր։
Վտանգման հիմնական գործոններն են լողափերի վրա ռեկրեացիոն ազդեցությունը, որը հանգնցնում է ավազի խտացմանը։ Ջրափնյա գծի կտրուկ փոփոխությունները հավանաբար, կապված են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացման հետ։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանյան գնայուկ» հոդվածին։ |
|