Վա բանկ (ֆր.՝ vabanque կամ va banque)՝ մոլախաղային արտահայտություն է, որը ծագում է XVIII-XIX դարերում տարածված փարավոն թղթախաղից։ Ֆրանսերեն "Va banque!" («Գնա՛լ բանկ»[1]) արտահայտությունն օգտագործվում է, երբ խաղացողը խաղադրույք է կատարում խաղի ընթացիկ «բանկ»-ի չափով[2]։ Նման է բակարա խաղում «բանկ գնալ»-ուն[3]։
Վա բանկ արտահայտությունն (հիմնականում` «գնալ վա բանկ» կամ «խաղալ վա բանկ» ձևերով) ընդհանուր առմամբ օգտագործվում է բնորոշելու համար ռիսկային գործողություն, որի արդյունքում ռիսկի գնացողը կարող է կորցնել իր ամբողջ ունեցածը կամ ձեռք բերել գերշահույթ[4]։
Վա բանկի նման երևույթներ են «բանկ գնալ»-ը բակարայում և «ամբողջը դնել»-ը պոկերում[5]։
«Վա բանկ« արտահայտությունը նշանակալի է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին լեհական ճգնաժամի գագաթնակետին Ադոլֆ Հիտլերի և Հերման Գյորինգի միջև տեղի ունեցած երկխոսության շնորհիվ։ Գյորինգը Հիտլերին հորդորել է չափերը չանցնել Լեհաստանի հարցում անգլիացիների դեմ խաղում խաղադրույք կատարելիս, ինչին Հիտլերը պատասխանել է, թե ինքն իր ամբողջ կյանքում վա բանկ է խաղացել[6]։