Վազի՛ր, ճագա՛ր անգլ.՝ Rabbit, Run | |
---|---|
Հեղինակ | Ջոն Ապդայկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Harry Angstrom? |
Ստեղծման տարեթիվ | 1960 |
Հաջորդ | Rabbit Redux? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 12, 1960 |
«Վազի՛ր, ճագա՛ր» (անգլ.՝ Rabbit, Run), 20-րդ դարի ամերիկացի անվանի գրող Ջոն Ափդայքի՝ 1960 թվականին լույս ընծայված վեպը, որը համարվում է նրա[1] և ժամանակակից ամերիկյան գրականության նշանակալից երկերից մեկը[2] ·[3]։ Վեպում նկարագրված են բասկետբոլի բուհական թիմի նախկին խաղացող, 26-ամյա Հարրի «Ճագար» Անգսթրոմի կյանքի երեք ամիսները. նա թակարդն ընկածի պես է զգում իրեն՝ սիրազուրկ ամուսնության, առևտրականի ձանձրալի աշխատանքի և դրանցից ձերբազատվելու նպատակով իր ձեռնարկած անհաջող փորձերի պատճառով։ Ափդայքը երգիծական լույսի ներքո է ներկայացնում վեպի գլխավոր հերոսի անդադրում որոնումները, պատեպատ խփվելը՝ 20-րդ դարի երկրորդ կեսի կարևոր իրադարձությունների խորապատկերի վրա։ Ամերիկացի հեղինակը հետագայում գրել է այս վեպի շարունակությունը հանդիսացող ևս մի քանի գիրք. «Ճագարի վերադարձը» (Rabbit Redux, 1971), «Ճագարը հարուստ է» (Rabbit Is Rich, 1981), «Հանգստացած Ճագարը» (Rabbit At Rest, 1990) վեպերը, ինչպես նաև «Հիշողություններ Ճագարի մասին» (Rabbit Remembered, 2001) վիպակը։
«Վազի՛ր, ճագա՛ր» վեպով Ափդայքը հայտ է ներկայացրել իր սերնդի ամերիկյան խոշոր վիպագիրներից մեկը համարվելու համար։ The New York Times-ում նրան դրվատել են բարձրարվեստ ու ճկուն ոճի և այն բանի համար, որ նրբությամբ ու խորաթափանցորեն ուսումնասիրել է վհատ ու ծարավի հոգիների ապրումները, խոհերը, հույզերը[4]։ Ամերիկացի վիպասան Ջոյս Քերոլ Օութսը կարծիք է հայտնել, որ Ափդայքը Գյուստավ Ֆլոբերի պես կարող է իր պատումով հիպնոսացնել ընթերցողին, նույնիսկ այն ժամանակ, երբ կարծես վիրաբույժի նշտար գործածելով՝ ի ցույց է դնում մարդկային տենչերի սնափառությունը (mesmerizing us with his narrative voice even as he might repel us with the vanities of human desire his scalpel exposes”)։
Ինքը՝ Ափդայքն այն տեսակետին է, որ շատերն իրեն ճանաչել ու ճանաչում են առաջին հերթին «Վազի՛ր, ճագա՛ր» վեպով, թեև դրա շարունակությունը հանդիսացող վեպերը Պուլիցերյան մրցանակներ են շահել[5]։ Թայմ ամսագիրն էլ այդ ստեղծագործությունը ներառել է 1923-ից մինչև 2005 թվականի համար իր կազմած անգլալեզու 100 լավագույն վեպերի ցանկում[6]։ Փիլիսոփա Դենիել Դենեթը Ճագարի մասին վեպերը հանգամանորեն վերլուծել է իր պատրաստած «Ես-ը՝ որպես պատումային ձգողականության կենտրոն» ("The Self as a Center of Narrative Gravity") հոդվածում[7]։
Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ 1962 թվականին Իռլանդիայում այդ վեպն արգելվել է։ 1980-ական թվականներին նույնպիսի արգելք են կիրառել ԱՄՆ-ի դպրոցական չորս շրջաններում՝ համարելով, որ «Վազի՛ր, ճագա՛ր» վեպը վուլգար, բռի կերպով քարոզում է արտաամուսնական անկանոն սեռական հարաբերություններ[8]։
Հեղինակը մի քանի անգամ վերամշակել է վեպը[9]։
1970 թվականին «Վազի՛ր, ճագա՛ր» վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն կինոնկար, որի ռեժիսորը Ջեք Սմայթն է, գլխավոր դերակատարները՝ Ջեյմս Քաանը, Քերրի Սնոդգրեսը, Ջեք Ալբերտսոնը, սցենարիստը՝ Հովարդ Քրայսթեքը, ով միաժամանակ ֆիլմի պրոդյուսերն է[10][11]։ Կինոնկարը գովազդող պաստառին որպես կարգախոս գրված էր. «3 ամիս առաջ Ճագարը վազել է իր կնոջ համար գլանակներ գնելու և դեռևս տուն չի վերադարձել»[12]։ Վեպի էկրանավորումը սիրվել է և լայն ժողովրդականություն է վայելել կինոսիրողների շրջանում։
2018 թվականի մայիսին գրող, սցենարիստ Էնդրյու Դեյվիսը հայտարարել է, որ ինքը «Վազի՛ր, ճագա՛ր» վեպը հարմարեցնում է հեռուստատեսային ցուցադրության համար[13]։
|