Վաղաժամ սեռական հասունացում | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | իդիոպաթիկ, գլխոիղեղի ուռուցք |
Հետևանք | Սեռական բռնություն երեխաների նկատմամբ |
Բժշկական մասնագիտություն | Ներզատաբանություն, Գինեկոլոգիա, Անդրոլոգիա |
ՀՄԴ-9 | 259.1 |
ՀՄԴ-10 | E30.1 և E22.8 |
![]() |
Բժշկության մեջ վաղաժամ սեռական հասունացում է կոչվում ժամանակից շուտ տեղի ունեցող սեռական հասունացումը։ Դեմքերի մեծամասնությունում այս պրոցեսն ընթանում է առանց հիմքում ընկած ախտաբանության։ Վաղաժամ սեռական հասունացում ունեցող երեխաների փոքր մասի մոտ է միայն սեռահասունացումը հրահրվում հիմքում առկա հիվանդությամբ՝ գլխուղեղի ուռուցք, վնասվածք[1]։ Նույնիսկ ախտաբանության բացակայության պարագայում վաղաժամ սեռահասունացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ սոցիալական վարքագծի և ֆիզիոլոգիական զարգացման վրա (տարիքի համեմատ ավելի հասուն պահվածք, իրենցից մեծերի հետ շփման փորձեր, դեպրեսիա), նվազեցնել չափահաս տարիքում սպասվելիք հասակի պոտենցիալը և առողջական որոշ ռիսկեր ստեղծել ողջ կյանքի համար։ Կենտրոնական սեռական հասունացումը կարելի է կանգնեցնել՝ սեռական հորմոնների արտադրությունը խթանող հիպոֆիզի հորմոնների արտադրությունն ընկճելով։ Վաղաժամ սեռահասունացման հակառակ երևույթը ուշացած սեռական հասունացումն է[2][3]։
Տերմինն օգտագործվում է մի քանի տարբեր իմաստներով, որոնք սովորաբար տարբերվում են կախված համատեքստից։ Իր լայն իմաստով այն հաճախ պարզեցվում է որպես վաղ սեռահասունություն, իսկ «վաղաժամ սեռական հասունացումը», երբեմն վերաբերում է ցանկացած ֆիզիկական սեռական հորմոնի ազդեցությանը, որը ցանկացած պատճառով պայմանավորված, տեղի է ունենում սովորական տարիքից ավելի վաղ, հատկապես այն դեպքերում, երբ դիտարկվում է որպես հիվանդություն[4]։ Բժշկական տեսանկյունից վաղաժամ սեռական հասունացում է սահմանուվում, երբ աղջիկների մոտ սեռահասունացումը սկսվում է մինչև 8 տարեկանը կամ տղաների մոտ մինչև 9 տարեկանը[5]։
Ցայլքի մազակալումը, կրծքագեղձերի կամ սեռական օրգանների զարգացումը կարող է տեղի ունենալ բնականոն վաղաժամ հասունացման կամ հիմքում ընկած որևէ հիվանդության արդյունքում։
Եթե վաղաժամ սեռահասունացման պատճառը հնարավոր է հայտնավերել հիպոթալամուսում կամ հիպոֆիզում, այն կկոչվի կենտրոնական։ Այլ կերպ կենտրոնականը նաև անվանում են իսկական վաղաժամ սեռահասունացում[6]։
Կենտրոնական վաղաժամ սեռահասունացման պատճառներն են՝
Կենտրոնական սեռահասունացում կարող է առաջանալ նաև գլխուղեղի ուռուցքների, ինֆեկցիաների (ամենից հաճախ, հատկապես զարգացող երկրներում հանդիպում է tuberculous meningitis-ը), վնասվածքների, հիդրոցեֆալուսի և Անգելմանի համախտանիշի ժամանակ[7]։ Վաղաժամ սեռահասունացումը փոխկապակցված է ոսկրային տարիքի առաջխաղացման հետ, որը հանգեցնում է ոսկրերի էպիֆիզների աճման գոտիների վաղ փակման, նվազեցնելով երեխայի վերջնական հասակը[8]։
Ադրենոկորտիկալ օնկոցիտոման հանդիպում է հազվադեպ, հիմնականում բարորակ կամ չգործող ուռուցքների տեսքով։ Մինչև 2013 թվականը գրանցվել է միայն երեք գործող ադրենոկորտիկալ օնկոցիտոմայի դեպք։ Ադրենոկորտիկալ օնկոցիտոմա ունեցող երեխաների մոտ առաջանում է «վաղաժամ պուբարխե, կլիտորոմեգալիայով՝ շիճուկում դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի և տեստոստերոնի ավելացմամբ», որոնք վաղաժամ սեռական հասունացման դրսևորումներ են[9][10]։
Աղջիկների մոտ վաղաժամ սեռական հասունացումն սկսվում է մինչև 8 տարեկանը։ Պատմության մեջ արձանագրված ամենափոքր մայրը եղել է Լինա Մեդինան, ով ծննդաբերել է 5 տարեկան, 7 ամսական և 17 օրականում[11] կամ ինչպես նշված է մեկ այլ զեկույցում 6 տարեկան 5 ամսականում[12]։
Կենտրոնական վաղաժամ սեռական հասունացում (ԿՎՍ) արձանագրվել է սուպրասելլյար արախնոիդային կիստաներով որոշ հիվանդների մոտ, իսկ ազդրոսկրի գլխիկի սայթաքող հոդախախտ առաջանում է կենտրոնական վաղաժամ սեռահասունացմամբ հիվանդների մոտ՝ արագ աճի և աճի հորմոնի արտադրման փոփոխության պատճառով[13]։
Եթե վաղաժամ սեռահասունացման այլ պատճառ չի հայտնաբերվում, վաղաժամ սեռահասունացումն համարվում է իդիոպաթիկ կամ կոնստիտուցիոնալ։
Երկրորդային սեռահասունացումը՝ ալյ անոմալ աղբյուրներից սեռական ստերոիդների խթանված արտադրության արդյունքում, կոչվում է ծայրամասային կամ կեղծ վաղաժամ սեռական հասունացում։ Երեխաների մոտ այն դրսևորվում է, որպես հիվանդության ծանր ձև։ Սովորաբար ախտանիշները մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիայի հետևանք են (21-հիդրօքսիլազ ֆերմենտի կամ 11-բետա հիդրօքսիլազ ֆերմենտի անբավարարության պատճառով, առաջինն ավելի տարածված է), որն իր մեջ ներառում է, բայց չի սահմանափակվում զարկերակային հիպերտենզիայով, հիպոտենզիայով, էլեկտրոլիտային խանգարումներով, կանանց երկակի սեռական օրգանների նշաններով (աղջիկների մոտ վիրիլիզացիայի նշաններով)։ Արյան քննությամբ հայտնաբերվում է անդրոգենների բարձր քանակ, իսկ կորտիզոլի ցածր քանակություն։
Պատճառներն են՝
Սովորաբար վաղաժամ սեռահասունացմամբ երեխաների մոտ ֆենոտիպորեն զարգանում են երկրորդային սեռական հատկանիշներ։ Սա կոչվում է իզոսեքսուալ վաղաժամ սեռահասունացում[16]։
Որոշ դեպքերում պացիենտների մոտ կարող է հակառակ սեռին բնորոշ սեռական հատկանիշներ զարգանալ։ Օրինակ՝ տղայի մոտ կարող են կրծքագեղձեր և այլ կանացի հատկանիշներ զարգանալ, իսկ աղջիկների մոտ հակառակը՝ ձայնը հաստանալ և դեմքը մազակալել։ Սա կոչվում է հետերոսեքսուալ վաղաժամ սեռահասունացում։ Հետերոսեքսուալն ի տարբերություն իզոսեքսուալի հանդիպում է շատ հազվադեպ և հանդիսանում է արտասովոր հիվանդությունների հետևանք։ Սրա օրինակ է՝ ավելցուկ արոմատազի համախտանիշը, որը երեխաների մոտ շատ հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն է, և որի ժամանակ առկա է շրջանառվող էստրոգենների չափազանց բարձր մակարդակ, որն էլ հանգեցնում է վաղաժամ սեռահասունացման զարգացման։ Այս համախտանիշի ճամանակ տղաները և աղջիկները հիպեր-ֆեմինիզացված են[16]։ Սրան ի հակառակ, հիպեր մասկուլինիզացիա և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ առաջանում է 21-հիդրօքսիլազի անբավարարությամբ պայմանավորված մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիայի ժամանակ, որի դեպքում առկա է անդրոգենների բարձր մակարդակ։ Այսպիսով, ավելցուկ արոմատազի համախտանիշի ժամանակ վաղաժամ սեռահասունացումը աղջիկների դեպքում իզոսեքսուալ է, իսկ տղաների դեպքում՝ հետերոսեքսուալ։ Եվ հակառակը, մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիայի ժամանակ վաղաժամ սեռահասունացումը իզոսեքսուալ է տղաների դեպքում և հետերոսեքսուալ՝ աղջիկների[փա՞ստ]։
Թեև վաղաժամ սեռական հասունացման պատճառները դեռևս որոշ չափով պարզ չեն, այն աղջիկները, ովքեր ճարպոտ սնունդ շատ են ուտում, ֆիզիկապես ակտիվ չեն կամ ունեն ճարպակալում, շուտ հասունանալուն ավելի հակված են[17][18][19]։ Գեր աղջիկներն, ովքեր ունեն առնվազն 10կգ ավել քաշ, 80%-ով ավելի հավանական է, որ կունենան կրծքագեղձերի զարգացում մինչև 9 տարեկանը և դաշտան մինչև 12 տարեկանը (արևմուտքում դաշտանի սկսվելու միջին տարիքը 12,7 տարեկանն է)[19]։ Ի լրացում սննդակարգի և ոչ բավարար ֆիզիկական ակտիվության, էստրոգեններին նմանվող քիմիական նյութերի ազդեցությունը (հայտնի են, որպես քսենոէստրոգեններ) աղջիկների մոտ վաղաժամ սեռական հասունացման ևս մեկ հնարավոր պատճառ են։ Քսենոէստրոգեններից Բիսֆենոլ A-ն, որն հայտնաբերվում է կոշտ պլաստիկում, ապացուցված է, որ ազդում է սեռական հասունացման վրա[20]։ Մինչդեռ աղջիկ երեխաների մոտ ավելի հաճախ սեռահասունացումն սկսվում է վաղ, տղաների մոտ հակառակը՝ ավելի շատ դիտվում է ուշացած սեռական հասունացում[21][22]։ Միչիգանի համալսարանի առողջապահական համակարգի գիտնականներն ասում են, որ ԱՄՆ-ում ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող երեխաների թվի աճը կարող է նպաստել տղաների մոտ ուշացած սեռական հասունացմանը[22]։
Առնետների վրա նորածնային մելատոնին օգտագործող ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վաղաժամ սեռական հասունացան համար կարող է պատասխանատու լինել մելատոնինի բարձր մակարդակը[23]։
Գրանցվել են իդիոպաթիկ կենտրոնական վաղաժամ սեռահասունացման ընտանեկան դեպքեր, ինչը հետազոտողներին ստիպեց ենթադրել, որ կան իդիոպաթիկ վաղաժամ սեռահասունացման գենետիկական մոդուլատորներ։ Օրինակ՝ LIN28[24][25],, LEP և LEPR գենի մուտացիաները, որոնք կոդավորում են լեպտինն ու լեպտինի ընկալիչը[26], ասոցացվում են վաղաժամ սեռահասունացան հետ։ LIN28-ի և վաղաժամ սեռահասունացման ժամանակի միջև կապը հաստատվել է փորձարարական ճանապարհով՝ in vivo, երբ պարզվել է, որ LIN28 գենի էկտոպիկ գերարտահայտմամբ մկների մոտ նախասեռահասունացումն ավելի երկար է տևում և սեռական հասունացման սկիզբը զգալի ուշանում է[27]։
Կիսպեպտինի (KISS1) և կիսպեպտինի ընկալչի ( KISS1R (հայտնի է նեև՝ GPR54)) մուտացիաները, որոնք կապված են ԳՌՀ-ի արտադրության և սեռահասունացման սկզբի հետ, ենթադրվում է, որ նույնպես հանդիսանում են վաղաժամ սեռահասունացման պատճառ[28][29]։ Այնուամենայնիվ, սա դեռևս հետազոտության վիճահարույց ոլորտ է, որոշ հետազոտողներ LIN28 և KISS1/KISS1R գեների մուտացիաների և վաղաժամ սեռահասունացման միջև ոչ մի կապ չեն գտել[30]։
MKRN3 գենը, որը մայրական լուռ գեն է, առաջին անգամ կլոնավորվել է Յունգ և համահեղ․ 1999 թվականին։ Այն տեղակայված է 15-րդ քրոմոսոմի երկար թևի վրա՝ Պրադեր-Վիլի համախտանիշի կրիտիկական ռեգիոն 2, և մինչ օրս համարվում է կենտրոնական վաղաժամ սեռահասունացման պատճառ[31]։ MKRN3 գենի մուտացիաների հայտնաբերումը, նշանակալի ներդրում է եղել վաղաժամ սեռական հասունացման մեխանիզմը ավելի լավ հասկանալու համար[32]։ MKRN3-ն կարծես գործում է, որպես արգելակ կենտրոնական հիպոթալամո-հիպոֆիզար առանցքի համար։ Հետևաբար, սպիտակուցի գենն ընկճող մուտացիաները հանգեցնում են ԳՌՀ առանցքի վաղ ակտիվացման և ֆենոտիպորեն կենտրոնական վաղաժամ սեռահասունացման առաջացման։ MKRN3 մուտացիայով երեխաները բոլորն էլ ունեն կենտրոնական վաղաժամ սեռահասունացմանը բնորոշ դասական կլինիկական նշանները, ներառյալ՝ կրծքագեղձի և ամորձիների վաղ զարգացում, ոսկրային տարիքի մեծացում և ԳՌԿ և ԼՀ հորմոնների բարձր մակարդակ[33]։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքագեղձերի զարգացումն աղջիկների շրջանում, ցայլքի մազակալումը և՛տղաների, և՛ աղջիկների շրջանում, նախորդ սերունդների համեմատ սկսվում են ավելի վաղ[18][34][35]։ Արդյունքում 8 կամ 9 տարեկան երեխաների մոտ (հատկապես աղջիկների) սեռահասունացման «վաղ» սկիզբն այլևս չի համարվում անոմալ։ Թեև այն չի համարվում անոմալ, բայց ծնողներին կարող է վշտացնել և վտանգավոր լինել այն երեխաների համար, ովքեր ֆիզիկապես հասունանում են, բայց դեռ մտավոր հասուն չեն[36]։
Ոչ մի տարիք հստակ չի բաժանում երեխաների մոտ ընթացող նորմալ և անոմալ գործընթացները, սակայն ենթադրվում է, որ գնահատման հետևյալ տարիքային շեմերը նվազագույնի է հասցնում էական բժշկական խնդիրներ բաց թողնելու վտանգը.
Բժշկական գնահատումն անհրաժեշտ է սակավաթիվ լուրջ հիվանդություններ ունեցող երեխաներին, այն երեխաներից տարբերակելու համար, ովքեր ունեն վաղաժամ սեռահասունացում՝ առանց հիմքում ընկած որևէ ախտաբանության։ Վաղաժամ սեռահասունացումը պահանջում է բժշկական գնահատում, քանի որ դա կարող է.
Հնարավոր բուժման տարբերակներից մեկը բուժումն է անաստրոզոլով։ Գնոդոտրոպին ռիլիզինգ հորմոնի (ԳՌՀ) ագոնիստները՝ հիստերելին, տրիպտորելին, լեուպրորելին, հանդիսանում են բուժման մեկ այլ տարբերակ։ ԳՌՀ ոչ շարունակական արտազատումը խթանում է հիպոֆիզի կողմից ֆոլիկուլ խթանիչ հորմոնի (ՖԽՀ) և լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) արտազատումը[39]։
Վաղաժամ սեռահասունացումը կարող է աղջիկներին սեռական բռնության բարձր ռիսկի տակ դնել[19][38]։ Վաղաժամ սեռահասունացմամբ աղջիկներն ավելի հաճախ են ենթարկվում ոտնձգության, գտնվում են հոգեկան առողջության խանգարումների բարձր ռիսկի խմբում և ավելի ցածրահասակ են լինում[19][37][40]։ Գնալով ավելի շատ 8 ամյա աղջիկների մոտ է սկսում կրծքագեղձերի զարգացում, ցայլքի մազակալում, դաշտան, որը նախկինում հանդիպում էր միջինում 13 տարեկանում կամ ավելի մեծ տարիքում։ Ավրիկյան-ամերիկյան աղջիկներն ավելի հակված են վաղաժամ սեռական հասունացման[18]։
Տղաները վաղաժամ սեռահասունացման պատճառով ավելի քիչ խնդիրների են բախվում։ Տղաների մոտ վաղաժամ սեռական հասունացումը՝ սեռական հորմոնների աճի պատճառով, կարող է ուղեկցվել ագրեսիվության բարձրացմամբ[41]։ Քանի որ նրանք իրենց հասակակիցների համեմատ ավելի մեծ են երևում, բախվում են մեծահասակների նորմերին համապատասխանելու սոցիալական ճնշմանը։ Հասարակությունը նրանց դիտարկում է էմոցիոնալ առումով ավելի հասուն, չնայած նրանց ճանաչողական և սոցիալական զարգացումը դեռ հետ է մնացել ֆիզիկական զարգացումից[41]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վաղ հասունացող տղաները ավելի հաճախ են սեռական ակտիվություն ցուցաբերում և ավելի հավանական է, որ ռիսկային վարքագծ ունենան[42]։
Pubertas praecox-ը լատիներեն տերմին է, որը բժիշկներն օգտագորխում էին 1790-ականներից սկսած։ Հին ժամանակներից հաստատված են տարբեր վարկածներ և եզրահանգումներ սեռական հասունացման (դաշտանի, ծննդաբերության) ժամկետների վերաբերյալ, որոնք դեռևս վաղ արդի ժամանակներում բացատրվել են խառնվածքային, հումորային և Յունգյան տեսությունների, ընդհանուր ու տեղային «պլետորյալ» (արյան ավելցուկ) տեսությունների հիման վրա։ Իսկ էնդոկրինոլոգիական (հորմոնալ) տեսությունները և հայտնագործությունները քսաներորդ դարի զարգացում են[փա՞ստ]։
Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղաժամ սեռական հասունացում» հոդվածին։ |
|