Վարազդատ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարազդատ (այլ կիրառումներ)
Վարազդատ Արշակունի
Βαρασδάτης της Αρμενίας
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արքա
Վարազդատ արքայի ժամանակակից պատկերավորում
Իշխանություն374/375–378
Թագադրում374 թվական, Դվին
ՏիտղոսներՕլիմպիական խաղերի չեմպիոն
Ծնվել է՝մոտ 350 թվական
Մահացել է՝4-րդ դար
Ազգությունհայ
ՀարստությունԱրշակունիների թագավորություն Արշակունիների հարստություն
ՆախորդՊապ
ՀաջորդողԱրշակ Գ
ՈւղեկիցԱրշակ Գ
Վաղարշ Գ
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ԵրեխաներԽոսրով Դ և Վռամշապուհ
Հավատքքրիստոնեություն

Վարազդատ (հուն․՝ Βαρασδάτης της Αρμενίας, ծնված՝ 350 թվական – մահացած՝ 393 թվականից հետո), Մեծ Հայքի թագավորության արքա Արշակունիների հարստությունից, որը կառավարել է 374-378 թվականներին։ Նշանավոր է նաև որպես բռնցքամարտիկ, նետաձիգ, ըմբշամարտիկ և Հին Հունաստանում տեղի ունեցած 393-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Վարազդատը Մեծ Հայքի թագավորության գահին բազմել է Հռոմեական կայսրության հովանավորչությամբ՝ հաջորդելով իր հորեղբայր Պապ Արշակունուն, որը սպանվել էր Վաղես կայսեր պատվերով։ Նախքան հայոց թագը կրելը՝ Վարազդատն իր կյանքի զգալի մասն անց էր կացրել Հռոմում և ստացել հունահռոմեական կրթություն։ Լինելով տակավին երիտասարդ՝ Վարազդատը արքունական գործերը տնօրինել է իր ուսուցչի՝ Բատ Սահառունու հետ մեկտեղ, որը ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն է ձեռք բերել ողջ երկրում։

Վարազդատ Արշակունու կառավարման ժամանակահատվածում Արշակունյաց հայոց թագավորությունը արդեն իսկ կորցրել էր իր երբեմնի հզորությունն ու ինքնուրույնությունը և հանդես էր գալիս որպես Հռոմեական կայսրության արբանյակ պետություն։ Միևնույն ժամանակ, նրա օրոք առավել քան երբևէ նկատվելի էր Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած արևմտամետ և Մերուժան Արծրունու գլխավորած արևելամետ կուսակցությունների բևեռացումը։ Ստեղծված խառնակության պայմաններում, Բատը, հավակնելով դառնալ հայոց սպարապետ, կարողացել է հասնել նրան, որ Վարազդատը գործող սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին հրավիրի խնջույքի և նրանից հաշվեհարդար տեսնի՝ կարծելով, թե վերջինս է մեղավոր Պապի Արշակունու սպանության համար։ Այս քայլով Վարազդատը վաստակել է Մամիկոնյանների նախարարական ազդեցիկ տոհմի թշնամանքը։

377 թվականին Վարազդատը հարկադրված ընդունել է Սասանյան Պարսկաստանի գերագահությունը։ Պարսից գերությունից ազատված Մուշեղի եղբայրը՝ Մանվել Մամիկոնյանը, վերադառնալով Հայաստան Վարազդատից պահանջել է լքել Մեծ Հայքն ու արքայական գահը։ 378 թվականին Կարինի դաշտում բախվել են Մանվել Մամիկոնյանի և Վարազդատի բանակները, որտեղ նախաձեռնությանը տիրել է ապստամբական կողմը։ Այս ճակատամարտից հետո Վարազդատը գահազրկվել է ու ապաստանել Հռոմում։ Արշակունիների թագավորության արքայական գահին Վարազդատին փոխարինել է Պապի որդին, որը Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ գահ է բարձրացել որպես Արշակ Գ՝ Արշակունյաց արքայական շառավղում այդ անվան երրորդ կրող։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարազդատը եղել է այդ անվան առաջին կրողն Արշակունիների թագավորական շառավղում և առհասարակ՝ Մեծ Հայքի թագավորությունում։ Այս անձնանունը ծագել է միջին պարսկերեն (պահլավերեն) «warāz-dat» («վարազ-դատ») բառից, որը թարգմանաբար նշանակում է «վայրի խոզի (վարազի) կողմից տրված»։

Վարազի պաշտամունքը բավականին տարածված էր վաղմիջնադարյան Պարսկաստանում, քանի որ համարվում էր զրադաշտական կրոնի հիմնական աստվածություններից մեկի՝ պատերազմի և հաղթանակի դից Վերեթրագնայի հիմնական խորհրդանիշներից։

Ծագում և վաղ տարիների կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարազդատի ծագումնաբանության, այդ թվում՝ ծնողների վերաբերյալ հստակ տեղեկություններ պատմագիտությանը հայտնի չեն։ Հայ պատմիչներ Փավստոս Բուզանդը և Մովսես Խորենացին անհստակ և քամահրական ձևով նրան անվանում են Արշակունյաց արքայատոհմի շառավիղ։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ «Հայոց Պապ թագավորի մահից հետո Հունաց թագավորը Հայոց աշխարհի վրա թագավորեցրեց մի ոմն Վարազդատի, որ նույն Արշակունի տոհմից էր»։ Փավստոս Բուզանդը նաև նշում էր, որ Վարազդատը ոչ թե իրական Արշակունի էր, այլ ավելի շուտ անպիտան։ Հայտնի տեղեկությունների հիման վրա Ռոբերտ Պետրոսյանն ու Ստեփան Մալխասյանցը ենթադրում են, որ Վարազդատը Պապ թագավորի ապօրինի զավակն է՝ բաստարդ արքայազն, որ հոր մահից հետո Պապի օրինավոր որդիների մանկահասակությամբ պայմանավորված, բազմել է Մեծ Հայքի գահին։

Միևնույն ժամանակ, ամենից տարածված պատմագիտական կարծիքը արքայի ծագման վերաբերյալ շարունակում է մնալ Վարազդատի՝ Պապ թագավորի եղբորորդին լինելու վերաբերյալ վարկածը։ Այսուհանդերձ հայտնի է, որ Վարազդատն ինքն էր համարում, թե Պապն իր հորեղբայրն է, քանի որ Փավստոս Բուզանդը տեղեկություններ է փոխանցում Վարազդատի այդ համոզմունքի առթիվ։ Այնուամենայնիվ, Պապ թագավորի եղբոր մասին որևէ տեղեկություններ չեն պահպանվել Վարազդատի կյանքը նկարագրած Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի աշխատություններում։ 10-րդ դարի հայ մատենագիր Մեսրոպ Երեցը, գրելով Ներսես Ա Մեծ կաթողիկոսի վարքը, իր գրվածքի միջոցով որոշ տեղեկություններ է փոխանցել նաև 4-րդ դարում Արշակունյաց հայոց թագավորությունում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Նա, ի թիվս այլոց, հիշատակել է Տրդատ Արշակունուն որպես Պապի եղբայր, որն էլ կարող է լինել Վարազդատի հայրը։

Կյանքը Հռոմեական կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարազդատը կռվում է հինգ լանգոբարդ զինվորների դեմ, որոնք ավազակաբար հարձակվել էին վերջինիս վրա։ Կտավն անվանված է «Վարազդատը կռվում է հինգ լոմբարդացիների դեմ», հեղինակ՝ Ջուլիանո Ձասսո։

Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» աշխատությունում որևէ տեղեկություն չի հաղորդել Վարազդատի՝ մինչև հայոց թագավոր դառնալը ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ, մինչդեռ պատմահայր Խորենացին ներկայացրել է, թե ինչպես է պատանի Վարազդատը մասնակցել Հին Հունաստանի 393-րդ Օլիմպիական խաղերին և չեմպիոնական տիտղոս նվաճել։ Այդ կապակցությամբ Խորենացին գրել է․

«Այս Վարազդատը երիտասարդ է տարիքով, սրտոտ, հաղթահասակ, ուժեղ, լի արիության բոլոր գործերով, և շատ հզոր՝ նետաձգության մեջ։ Շապուհից փախչելով՝ նա գնացել էր կայսեր մոտ և այնտեղ քաջ հանդիսացել։ Նախ Պիսսայում, բռնցքամարտներին հաղթելով, հետո ելլեգացիների Արեգ քաղաքում կես օրում մի քանի առյուծ կոտորեց, որի համար օլիմպիական հանդեսի ըմբշամարտի խաղերում փառք վաստակեց և հարգանք։»

Մովսես Խորենացին նաև հաղորդում է, թե ինչպես է Վարազդատը տակավին երիտասարդ հասակում հռոմեական բանակի կազմում մասնակցել լանգոբարդների դեմ մղվող կռիվներին և քաջ մարդու համբավ ձեռք բերել։ Ըստ պատմահոր՝ մի անգամ պաշարված բերդի համար մղվող ճակատամարտում Վարազդատի վրա են հարձակվել հինգ լանգոբարդ զինվորներ։ Վարազդատը, սուրը մերկացնելով, մեկ-մեկ բոլորին կոտորել է և դիմելով դեպի բերդը՝ դիպուկ ու ճարպիկ նետահարությամբ բերդի պարսպի վրայից թշնամու տասնյոթ զինվորի միանգամից ներքև գլորել` «ինչպես ուժեղ մրրիկից թափվող վաղահաս թզեր»։ Մովսես Խորենացին պնդում էր, որ Վարազդատ Արշակունին իր հերոսական արարքներով առհասարակ հիշեցնում էր իր նախնուն՝ Արշակունյաց Հայաստանի Տրդատ Գ Մեծ թագավորին, որի օրոք քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել էր որպես պետական կրոն։

Վարազդատին ամենևին այլ կերպ է նկարագրում Փավստոս Բուզանդը, նշելով, որ «նա [Վարազդատը] տարիքով մանուկ էր, արիասիրտ, հզոր ձեռքերով, քաջ սրտով, բայց թեթևամիտ, երեխայի նման խելքը պակաս, մանկամիտ»։

Վարազդատի ընտրությունը որպես արքա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապ թագավորի եղերական սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապ թագավորի սպանության պատվիրատուն՝ Վաղես թագավորը, եղել է Արևելահռոմեական կայսրության կայսր 364 թվականի մարտի 28-ից մինչև 378 թվականի օգոստոսի 9-ը։

Արշակ Բ թագավորին Անհուշ բերդում բանտարկելուց հետո հայ-պարսկական հարաբերությունները, ավելի քան երբևէ, սրվում են։ Շապուհ Բ Երկարակյացի հրամանով Հայաստանը ասպատակած պարսկական զորքերի դեմ հայոց տիկնաց տիկին Փառանձեմ Սյունին դուրս է գալիս իր սակավաթիվ զորքով և 14-ամսյա հերոսական դիմադրություն ցույց տալիս Արշարունիք գավառի Արտագերս ամրոցի մատույցներում։ Նախքան ամրոցի պաշարումն ու ընկնելը՝ 368 թվականին, արքունական սպասավորները արքայազն Պապին կարողանում են հասցնել արևելյան Հռոմեական կայսրություն։ Վայելելով Հռոմեական կայսրության աջակցությունը՝ 370 թվականին Պապը վճռում է վերադառնալ Հայաստան և երկիրն ազատել պարսկական զավթիչներից։ Նույն տարում Մուշեղ Մամիկոնյանը հայ-հռոմեական զորքերի գլուխն անցած ժամանում է Մեծ Հայքի թագավորություն և պարտության մատնելով պարսիկներին՝ ազատագրում ողջ Հայաստանը։ Սակայն ժամանակի ընթացքում Պապը սկսում է վարել Հռոմեական կայսրությունից անկախ քաղաքականություն, ինչը բնավ չի ողջունվում արևմտյան տերությունում։

Պապի գահակալման երկրորդ մասում խաթարվում են հայ-հռոմեական հարաբերությունները։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»։ Նա ամեն անգամ Հռոմի կայսր Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ առավելապես աչքի է ընկնում պարսկամետ կողմնորոշմամբ։ Արդյունքում, Հայքի հռոմեամետ (հունասեր) կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։

Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Կիլիկիա պրովինցիա՝ Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Դվին։ Հայքում տեղի է ունենում հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար է նշանակվում Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականին, Վաղես կայսեր հրամանով, Տրայանոսը Պապին հրավիրում է խնջույքի, որի ժամանակ Պապին դավադրաբար սպանում է[1]։

Քննարկումներ հայոց ավագանիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապ թագավորի սպանությունը ցնցում է ողջ Մեծ Հայքի թագավորությունը։ Հայոց գահը շարունակում էր մնալ թափուր, քանի որ Պապի բոլոր որդիները մանկահասակ էին։ Միևնույն ժամանակ որոշ իշխաններ պահանջում էին կայսերական Հռոմից վրեժ լուծել հայոց թագավորի սպանության համար, իսկ որոշներն էլ տագնապում հայ-հռոմեական հարաբերությունների խաթարմանը զուգահեռ Սասանյան Պարսկաստանից ահագնացող վտանգի մասին։ Այս իրավիճակում հայոց ավագանին գումարում է Մեծ Հայքի բոլոր մեծամեծ իշխաններից բաղկացած ժողով, որին, ըստ Փավստոս Բուզանդի, մասնակցում էին նաև հռոմեամետ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը և Հայր մարդպետը։

Փավստոս Բուզանդը, նկարագրելով ստեղծված իրավիճակի շուրջ հայոց ավագանու քննարկումները, գրել է հետևյալը.

««Եվ Հայոց բոլոր մեծամեծ իշխանները հավաքվեցին միասին, և՛ Մուշեղ սպարապետը, և՛ Հայր մարդպետը, և բոլոր իշխանները. «Ի՞նչ անենք, ի՞նչ գործենք, — ասում էին նրանք, — մեր թագավորի վրեժը պահանջե՞նք, թե ոչ»։ Վերջը խորհրդի մեջ այս միտքն ընդունվեց. «Մենք չենք կարող հեթանոս պարսիկների ծառայության տակ մտնել և Հունաց թագավորին թշնամացնել, ոչ էլ երկուսին ևս թշնամացնել, որովհետև առանց որևէ մեկի թիկունքի չենք կարող ապրել»։ Ապա խորհրդում այսպես որոշվեց. «Ինչ որ եղավ եղավ, թող էլի Հունաց թագավորին ծառայենք, Հունաց թագավորի իշխանությանը հնազանդվենք, թող Հունաց թագավորները մեզ հետ վարվեն, ինչպես ուզում են»։ Այլևս չմտածեցին վրեժ լուծել կամ ուրիշ մի բան անել, այլ տեղներում լուռ նստեցին։»

Պարսկաստանի ընդդիմացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապ թագավորի սպանությունը մեծ դժկամությամբ է ընդունվում Սասանյանների արքունիքում, քանի որ որ պարսիկները մեծ ջանքեր էին գործադրել Պապ թագավորին «իրենց կողմը գրավելու» համար։ Նախքան Վաղես կայսրը Հայաստանում կնշանակեր իր կամակատար արքային, պարսից արքան դեսպան է ուղարկում Հռոմ բանակցությունների։ Ինչպես հաղորդում է հռոմեացի պատմիչ Ամիանոս Մերկելիանոսը՝ պարսիկ բանագնացները հռոմեացիներին ցանկանում էին համոզել, որ Մեծ Հայքի թագավորության գոյությունը մշտապես եղել է աղետների և կռիվների պատճառ և որ այն պետք է վերացվի։ Սասանյանների օրակարգում էր նաև վրացական հողերից հռոմեական լեգեոնների դուրսբերումն ու պարսիկների կամակատար Վարազ-Բակուր Ա-ի ճանաչումը որպես Իբերիայի թագավորության միակ գերիշխան։

Ըստ Ամիանոսի՝ Վաղես կայսրը պատասխանում է, որ Հռոմը չի կարող որևէ փոփոխություն մտցնել դաշնագրերի մեջ, որոնք ընդունված են երկուստեք համաձայնությամբ, ուստի և ինքը այդ դաշնագրերը պաշտպանելու է մեծ ուշադրությամբ[2]։

Թագադրում և գահակալման սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման առաջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա տարիքով մանուկ էր, արիասիրտ, հզոր ձեռքերով, քաջ սրտով, բայց թեթևամիտ, երեխայի նման խելքը պակաս, մանկամիտ։ Բայց երբ նրան տեսան, Հայոց մեծամեծների ու նախարարների բոլոր տոհմերը նրա մոտ հավաքվեցին՝ ուրախանալով, որ նա իրենց վրա թագավորեց։

- Փավստոս Բուզանդ, 4-5-րդ դարերի հայ պատմիչ

374 թվականին կայսերական Հռոմը Վարազդատին կարգում է Մեծ Հայքի թագավորության արքա։ Երիտասարդ Վարազդատն իր գիտակցական գրեթե ողջ կյանքն անց էր կացրել Հռոմում՝ ստացել հունահռոմեական կրթություն և մեծացել հռոմեական միջավայրում, ինչը, ըստ Վաղես կայսեր, պետք է կանխորոշեր Հայաստանի հստակ հռոմեամետ աշխարհաքաղաքական կողմնորոշումը նրա իշխանության ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, ինչպես հավաստում է պատմիչ Փավստոս Բուզանդը, չուներ այլընտրանք, քան Վարազդատին ճանաչել հայոց արքա։ Վարազդատի Հայաստան ժամանելուն ընդառաջ ողջ թագավորության տարածքում տարածվում են խոսակցություններ ապագա արքայի բաստարդ լինելու և Արշակունիների թագավորական շառավղից սերված չլինելու վերաբերյալ։

Վարազդատ արքան Մեծ Հայքի թագավորություն է ժամանում 374 թվականին՝ իր ուսուցիչ-դայակ Բատ Սահառունու ուղեկցությամբ։ Փավստոս Բուզանդը նկարագրում է այդ ժամանակահատվածում քաղաքամայր-ոստան Դվինի դրությունը՝ հավաստելով, որ չնայած տարածված շշուկներին, ժողովուրդն ու հայոց մեծամեծները նրան տեսնելուն պես դիմավորում են մեծ ոգևորությամբ։ Նրա թագադրությանը ներկա էին Մեծ Հայքի բոլոր նախարարական տոհմերի նահապետներն ու մեծամեծերը։

Վարազդատը հայոց սպարապետի պաշտոնում նշանակում է Մուշեղ Ա Մամիկոնյանին, որը փաստացի հոգ էր տանում երկրի գրեթե բոլոր խնդիրների մասին։ Միևնույն ժամանակ իր արևմտամետ կողմնորոշմամբ պայմանավորված նա վայելում էր Հռոմեական կայսրության վստահությունը։

Մեծ Հայքի թագավորության սահմանները Վարազդատ թագավորի կառավարման տարիներին:     Հռոմեական կայսրություն      Մեծ Հայքի թագավորություն      Պարթևստան

Պատմիչ Փավստոս Բուզանդն իր աշխատությունում նկարագրել է Մուշեղ սպարապետի գործունեությունը Մեծ Հայքի թագավորությունում Վարազդատի կառավարման տարիներին։

Իսկ Հայոց Մուշեղ սպարապետը առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները, ինչպես սովոր էր երկիրը բարեկարգ պահել, և բարի խրատներ էր տալիս մանուկ Վարազդատ թագավորին։ Եվ միշտ հոգս էր քաշում Հայոց աշխարհի թագավորության համար, թե ինչպես չեն պահի, և միշտ բարեմտությամբ աշխատում էր, որ թագավորությունը հաստատ մնա։

Բուզանդը անդրադարձել է նաև կայսրության հետ Մուշեղ Մամիկոնյանի ունեցած կապերին և հայ-հռոմեական համագործակցությանը։

Նա խորհրդակցում էր Հունաց իշխանների հետ և նրանց միջոցով կայսեր հետ, թե հարկավոր է Հայոց աշխարհում քաղաքներ շինել ամեն մի գավառում, որտեղ մի-մի քաղաքի, որտեղ երկու-երկու, ամուր պարիսպներով շրջապատած, որպեսզի զորանիստ տեղեր դառնան ամբողջ Հայոց աշխարհում, մինչև Գանձակ սահմանագլուխը, որ սահման էր Պարսկաստանի և Հայաստանի միջև։ Հայոց բոլոր ազնվականներին զինավորել կայսերական ծախսով, այնպես էլ Հայոց աշխարհի զորքերը, որպեսզի այս կերպով ամեն զգուշություն ձեռք առնեն իրենց թշնամիների՝ Պարսից զորքերի դեմ։ Եվ Հունաց թագավորը մեծ ուրախությամբ հանձն առավ այս բաները կատարել, որպեսզի այս բոլոր միջոցներով երկիրը հաստատ ու անշարժ կապվի իր հետ, և Պարսից թագավորը չկարողանա Հայոց աշխարհը գրավել։

Դարանաղյաց գավառի միջադեպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Խորենացին, նկարագրելով Վարազդատի անձնական որակներն ու հմտությունները, իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ ներկայացրել է մի դրվագ, որ պատահել է Մեծ Հայքի թագավորության Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց գավառում՝ արքայի կառավարման առաջին տարում (374 թվականին

Ըստ պատմահոր՝ իր թագավորության առաջին տարում Վարազդատը երկրում շրջագայելիս, Դարանաղիի դժվար մատչելի տեղերից մեկում հանդիպում է մի խումբ ասորի (ըստ պատմագիր Լեոյի՝ սիրիացի) ավազակների։ Վարազդատը հարձակվում է ավազակների վրա, փախուստի մատնում և հետևներից ընկած՝ հետապնդում։ Եփրատ գետի նեղ հոսանքներից մեկում ավազակները փայտե կամրջակով անցնում են մյուս ափը և իրենց հետևից կամրջակը վերցնում, գցում են գետը։ Վարազդատը վազքով հասնում է գետաբերանին, ցատկում է Եփրատի վրայով, թռչում, անցնում է մյուս ափը։ Ավազակները նրանից զարհուրած՝ զենքերը վայր են դնում և անձնատուր լինում։

Գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայց երբ Հայոց մեծ նախարարները տեսնում են, թե Հայոց Վարազդատ թագավորը դյուրահավատ մանուկ է, չարը բարուց զանազանել չգիտե, սկսեցին այնուհետև թագավորին խաղացնել իրենց ուզածի պես. իրենց խոսքերով էին նրան կառավարում, ինչպես իրենք կամենում էին։

- Փավստոս Բուզանդ, 4-5-րդ դարերի հայ պատմիչ

Ըստ Փավստոս Բուզանդի՝ պալատական մի շարք պաշտոնյաներ, օգտվելով Վարազդատի անփորձ և երիտասարդ լինելուց, կարողանում են ի կատար ածել իրենց ծրագրերը՝ արքայի վրա ազդեցություն գործադրելով։ Ցանկանալով ընդգծել Վարազդատի անմտությունը, պատմիչը հաղորդում է, որ «Նա ավելի լսում էր մանուկներին, որոնք տարիքով իրեն հասակակից էին, քան իմ աստուն ծերերին, որոնք կարող էին նրան օգտակար խրատներ տալ»։

Մուշեղ Մամիկոնյանի սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարազդատի կառավարման ժամանակահատվածում հայոց արքունիքում մեծ ազդեցություն է ձեռք բերում Սահառունիների նախարարական տոհմը՝ ի դեմս Սահառունյաց նահապետ Բատի։ Վերջինս Վարազդատի դայակն էր և վայելում էր երիտասարդ արքայի լիարժեք վստահությունը։ Բուզանդն իր աշխատությունում մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչպես է Բատ Սահառունին Մուշեղ Մամիկոնյանի և Մամիկոնյանների տոհմի դեմ դավեր նյութելու միջոցով փորձում հասնել Մեծ Հայքի թագավորության սպարապետությանը։ Բատ Սահառունին փորձում է Վարազդատին համոզել, որ հնուց ի վեր Մամիկոնյանները եղել են թշնամիներ և մատնել Արշակունիներին՝ մշտապես համագործակցելով Հայաստանի թշնամիների հետ։ Վերջինիս դավերի թիրախում, սակայն, առավելապես Մուշեղ Մամիկոնյանն էր, որին Բատ Սահառունին անվանում էր չար և նենգամիտ անձնավորություն։

Մուշեղ Ա Մամիկոնյանի և Վարազդատի կարճատև զրույցը Բատ Սահառունու կողմից սպարապետի գլխատումից առաջ։ Կտավը վերնագրված է «Մուշեղ Մամիկոնյանի դավադիր սպանությունը», հեղինակ՝ Ջուլիանո Ձասսո։

Ձգտելով գրգռել Վարազդատի անձնական վրիժառությունը, Սահառունին արքայի մոտ պարբերաբար կրկնում է, թե Մուշեղը նպատակադրված է «Հայոց աշխարհը լցնել քաղաքներով, զորանիստներ դարձնել՝ Հունաց զորքերն այնտեղ բնակեցնելու համար, որպեսզի Հունաց թագավորը կա՛մ հենց Մուշեղը իրենից խլի Հայոց թագավորությունը»։ Մեղադրանքներից ամենաէականը, սակայն, Մուշեղ Մամիկոնյանին Պապ թագավորի սպանության մեղսագրումն էր. «Մի՞թե դա այն Մուշեղը չէ, որ Պապի թագավորության ժամանակ պարսիկների հետ պատերազմելիս մի քանի անգամ հնարավորություն ունեցավ Պարսից Շապուհ թագավորին սպանելու, բայց չսպանեց, այլ թշնամուն ազատ արձակեց, մի անգամ էլ ձեռք գցեց Շապուհ թագավորի կանանց և խնամքով ու հոգատարությամբ ժանվարներով ուղարկեց Շապուհի ետևից։ Դա այն Մուշեղը չէ՞, որ Ուռնայր արքայի ձեռք գցեց, բայց սպանել չկամեցավ, այլ թշնամուն ազատ արձակեց։ Դա այն Մուշեղը չէ՞, որի հրամանով և որի խորհրդով Հունաց զորավարները Պապին սպանեցին, որովհետև դա էր, որ Հունաց արքայից թշնամացրեց Պապի դեմ, մինչև որ սպանել տվեց»։

Ի վերջո, Վարազդատ Արշակունու մոտ արմատանում է այն համոզմունքը, որ Մուշեղ Մամիկոնյանը մեղավոր է Պապ թագավորի սպանության համար և որ նա ցանկանում է հռոմեացիների աջակցությամբ խլել Մեծ Հայքի գահը, և վերջինս համաձայնում է կազմակերպել հայոց սպարապետի սպանությունը։

Փավստոս Բուզանդը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դավադրության կազմակերպիչները՝ Վարազդատ արքայի և Սահառունյաց նահապետի գլխավորությամբ, խուսափում էին նրա դեմ ուղիղ գործողություններից՝ նշելով, որ «Եթե Մուշեղը գլխի ընկնի, մեծ պատերազմ կհարուցի, և ոչ ոք չի կարողանա նրա քաջությանը դեմ դնել. պետք է մի հնարք, խորամանկություն բանեցնել»։ Արդյունքում որոշում է կայացվում Մուշեղի սպանությունը կազմակերպել խնջույքի ժամանակ։ Վարազդատ արքայի հրամանով արքունիքում մեծ ընթրիքի են հրավիրվում Մեծ Հայքի բոլոր ավագ, պատվավոր մարդկիկ, մեծամեծներն ու Մուշեղ զորավարը, որի ընթացքում էլ արքայի կողմից կարգադրված դահիճները թիկունքից դաշույնահարում են հայոց սպարապետին։


Փավստոս Բուզանդը Մուշեղ Մամիկոնյանի սպանության մասին
Եվ հանկարծ այն մարդիկ, որոնց հրաման էր տվել, տասներկու մարդ մի անդամից միասին ետևի կողմից Մուշեղին բռնեցին, վեց մարդ մի ձեռքից և վեց մարդ մյուս ձեռքից։ Երբ թագավորը ոտքի կանգնեց, (Մուշեղը) նրան նայեց, թե ինչի՞ց է այս, և թագավորը պատասխանեց ու ասաց, «Գնա՛ Պապ թագավորի մոտ, հարցրո՛ւ և կիմանաս, թե ինչի՛ց է»։ Այս ասելով՝ թագավորը դեպի դուռն ուղղվեց ու դուրս եկավ։ Եվ Մուշեղն ասաց. «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու, քրտինքս սլաքներով սրբելու վարձատրությունն ա՞յս եղավ։ Բայց, այս մահը երանի թե ձիու վրա ինձ հասներտ»... Այսքան միայն կարողացավ ասել, ավելի ոչինչ։ Իսկույն Բատ Սահառունին՝ Վարազդատ թագավորի դայակը, ազդրից կախած նրանը հանելով՝ խրեց Մուշեղ զորավարի շնչափողը և իսկույն գլուխը կտրեց։ Նրա մարմինը վերցրին ու տարան իր գյուղը։․․․

«Հայոց պատմություն», Փավստոս Բուզանդ, ոսկեդարի հայ պատմիչ


Պատմիչ Լեոն իր «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» աշխատությունում նշել է, որ

Մամիկոնյանների վերադարձը Պարսկաստանից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Մամիկոնյանի սպանությունից հետո Վարազդատ Արշակունին սպարապետությունը հանձնում է Սահառունիների տոհմի նահապետ Բատին։

Պատմագիտական աղբյուրներում Վարազդատի սերունդների վերաբերյալ տեղեկությունները ևս բացակայում են։ Այսուհանդերձ, ամերիկացի պատմաբան, տոհմագետ Կիրիլ Թումանովը համարում է, որ Արշակունյաց թագավորության հաջորդիվ արքաներ Խոսրով Դ-ն և Վռամշապուհը Վարազդատի որդիներն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 486.
  2. Հ. Մանանդյան. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», Հ. Բ, Մասն Ա, էջ 222». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
  • Մանանդյան Հ․, Երկրագործություն, հ․ 2, Ե․, 1978։
  • Шанин Ю․ В․, Герои античных стадионов, М․, 1979, с․ 133․