Վարդագույն հովազ | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ստեղծող | Ֆրիզ Ֆրիլինգ |
Երկիր | ԱՄՆ |
Հեռուստաալիք | հեռուստատեսային սինդիկացիա |
Եթերաշրջաններ | 3 |
Սերիաների քանակ | 60 |
Ռեժիսոր | Չարլզ Գրոսվենոր և Byron Vaughns? |
Էկրաններին է | դեկտեմբերի 16, 1996-ը |
Շարք | Վարդագույն հովազը |
Վարդագույն հովազ, մուլտսերիալ, թողարկվել է 1993-1995 թվականներին «Metro-Goldwyn Mayer Animation», «Mirisch-Geoffrey DePatie-Freleng» և «United Artists» ընկերությունների համատեղ արտադրությամբ[1]։
Գլխավոր հերոսին՝ Վարդագույն հովազին, առաջին անգամ տրվեց խոսելու լիարժեք հնարավորություն։ Վարդագույն հովազին հնչյունավորել է Մեթ Ֆրյուերը։ Փոքրիկներին հասանելի դարձնելու նպատակով կերպարին տրվել է ամերիկյան հումորային շեշտադրություն։ Հովազը ստացել է նաև անուն՝ Փինքի[2]։
Մրջյուն և Մրջնակեր (անգլ.՝ The Ant and The Aardvark), երկու կերպար, որոնք միմյանց հանդեպ ունեին նույն թշնամությունը, ինչպես Թոմն ու Ջերին․ մրջնակերը ուզում է ուտել մրջյունին, բայց վերջինս չի հանձնվում։ Հաճախ Հովազի պատճառով մրջնակերին չի հաջողվում ուտել մրջյունին[3]։
Տեսուչ (անգլ.՝ The Inspector), խուզարկու։ Ստեղծվել է 1960-ական թվականների համանուն մուլտսերիալի տեսչի կերպարի նմանությամբ։ Նրա անունը (Ժակ Կլուզո) ոչ մի անգամ չի հնչում։ Խոսում է ֆրանսիական շեշտադրությամբ։ Երբեմն հայտնվում է անհարմար իրավիճակներում՝ ինքն էլ չգիտակցելով, որ կարող է հայտնվել մահվան վտանգի արջև։ Տեսչի հետ սերիաներում Հովազը միշտ նրա օգնականն է։
Հայր շուն (անգլ.՝ Dogfather), երկու շների՝ Լուիի և Պագգի հրոսակախմբի պարագլուխը։ Հնչյունավորել է Ջո Փիսքոփոն։ Կերպարը ցածրահասակ է, միշտ ակնոց է կրում։ Նա և նրա հրոսակախումբը միշտ արժեքավոր իրեր են գողանում (թալանում են բանկեր, թանգարաններ) և դիմում են ցանկացած գողության։ Բայց վերջին հաշվով Հովազի պատճառով նրանց ծրագրերը ձախողվում են։
Պրոֆեսոր Ֆոն Շմարտի (անգլ.՝ Von Schmarty), պրոֆեսոր։ Ինչ-որ բանով նման է Ալբերտ Այնշտայնին և նույնիսկ խոսում է գերմանական շեշտադրությամբ։
Թելմա(անգլ.՝ Thelma), փոքրիկ աղջիկ տիկնիկով։ Հնչյունավորել է Քեթ Սյուսին։ Հովազին միշտ դիմում է «Պարոն»-ով։ Շատ չարաճճի է, սիրում է խուլիգանություն անել, ինչի պատճառով Հովազը հանդիմանում է։
Լեսթեր, սևամորթ դեռահաս։ Նույնպես կռվարար է, սիրում է չարաճճիություններ, խուլիգանություններ անել, բայց եթե գիտակցում է, որ ամեն ինչ շատ լուրջ է, օգնում է Հովազին պատժել չարին։