«Վեներա և Ադոնիս» (անգլ.՝ Venus and Adonis), 16-րդ դարի իտալական վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ Տիցիանի կտավների շարք, որը նկարվել է մի քանի անգամ նկարչի, նրա արվեստանոցի օգնականների ու այլոց կողմից։ Ընդհանուր առմամբ կա 16-րդ դարի թվագրմամբ կտավի մոտավորապես երեսուն տարբերակ, որի ժողովրդականությունն անկասկած բացատրվում է Վեներայի մերկությամբ[1]։ Հայտնի չէ, թե պահպանված տարբերակներից որն է բնօրինակը, և քննարկման թեմա է այդ տարբերակներում Տիցիանի աշխատանքի չափը։ Ճշգրիտ թվագրում ունի Մադրիդի Պրադո թանգարանում գտնվող միայն մեկ տարբերակ, որը վավերագրված է 1554 թվականին Տիցիանի և Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի միջև նամակագրությամբ։ Սակայն պարզվել է, որ դա ավելի վաղ, հավանաբար 1520-ական թվականներին ստեղծված մեկ այլ կտավի կրկնօրինակն է։
Պրադոյի տարբերակում իրադարձությունները տեղի են ունենում արևածագին, պատկերված է երիտասարդ Ադոնիսը, որը փորձում է ազատվել իր սիրուհուց՝ Վեներայից։ Նրա ձեռքին փետրավոր նիզակ է, որը հաճախ էր օգտագործվում 16-րդ դարում որսի ժամանակ[2]։ Նրա երեք որսաշների վզկապերն ամրացված են նրա աջ բազկին։ Նրանց հետևում, ծառի տակ, քնած է կուպիդոնը, իսկ վերջինիս աղեղն ու նետերի կապարճը կախված են ծառից․ սիրո ժամանակը չէ։ Բարձր երկնքում կառք վարող կերպար է երևում, որը կարող է լուսաբացը մարմնավորող Ապոլլոնը լինել։ Վեներան նստած է ոսկեհյուս եզրերով ու կոճակներով հաստ սփռոցով ծածկված ժայռի վրա (ոչ թե ռազմական բաճկոնի, ինչպես երբեմն մեկնաբանվում է)[3]։ Ադոնիսը գոտուց կախված եղջյուր ունի, նրա զգեստը դասական է՝ վերցված հռոմեական քանդակներից[4]։
Ենթադրվում է, որ հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսն է գլխավոր աղբյուրը, թեև այլ գրական ու տեսողական աղբյուրներ ևս առաջարկվել են։ Օվիդիուսի «Մետամորֆոզներ» աշխատության X-րդ գրքում Ադոնիսը նկարագրված է որպես գեղեցիկ երիտասարդ, արքայական որբ, որն իր ժամանակն անցկացնում է որսորդությամբ։ Վեներան սիրահարվում է նրան, երբ կուպիդոնի նետերից մեկն սխալմամբ հարվածում է նրան։ Նրանք միասին որս են անում, սակայն Վեներան խուսափում է կատաղի գազաններից, և դրանց մասին զգուշացնում Ադոնիսին՝ հիշեցնելով Ատալանտայի պատմությունը։ Մեկ օր Ադոնիսը միայնակ է որս անում և վնասվածք ստանում վիրավոր վայրի վարազից։ Իր կառքով երկնքում գտնվող Վեներան լսում է նրա ճիչերը, բայց չի կարողանում փրկել նրան[5]։ Որոշ տարբերակներում Ադոնիսի մահը պատկերված է կտավի հեռու աջ կողմում[6]։ Ըստ Օվիդիուսի՝ առաջինը հեռանում է Վեներան, իսկ ազատվել փորձող Ադոնիսը Տիցիանի մտահաղացումն է, որի համար ոմանք քննադատել են նրան[7]։
Նշանավոր արվեստագետ Հարոլդ Վեթին նկարագրել է կտավի երկու տեսակ, որոնցից առաջինն անվանել է «Պրադո», երկրորդը՝ «Ֆարնեզե»․ առաջինն ամենատարածվածն է ու նկարագրվել է վերևում[8]։ Կտավն ունի այլընտրանքային երկու անուն ևս՝ «երեք որսաշնով» և «երկու որսաշնով» տեսակներ[9]։ Նրանք շատ առումներով նույնն են, բայց Ֆարնեզե տեսակն ունի թեմայի ավելի կուռ պատկերում ու ավելի լայն ուրվագիծ, որի պատճառով երկնքի մեծ մասը չի երևում։ Ադոնիսի բարձրացված ձեռքը գտնվում է նկարի եզրից անմիջապես ներքև, այնպես որ նիզակի փետուրները չեն երևում, ինչպես նաև չի երևում կառքը երկնքում, թեև ամպերի տակից արևը դուրս է ժայթքում համարյա նույն տեղում։ Որսաշները երկուսն են, իսկ ձախում գետնի վրա ոսկե անոթը չկա։ Կուպիդոնը գլխավոր զույգին ավելի մոտ է պատկերված, արթուն է ու ձեռքին աղավնի է պահում[8]։
Կտավի այս տարբերակների բարձրությունը տատանվում է 160–200 սմ սահմանններում, իսկ լայնությունը՝ 190–200 սմ է։ «Ֆարնեզե» տեսակի կտավները շատ ավելի փոքր չափսերի են, սակայն նրանց խիտ կառուցվածքում կերպարներն ունեն նույն չափսերը[10]։
Մադրիդի Պրադո թանգարանում գտնվող այս տարբերակը համարվում է պահպանված տարբերակներից ամենահինը։ Թեև փաստաթղթավորված չի եղել մինչև 1626 թվականը[11], այն, ընդհանուր առմամբ, համարվում է Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի համար Տիցիանի կողմից 1554 թվականին փաստաթղթերով Լոնդոն ուղարկված կտավ (թագավորն այդ ժամանակ ամուսնացած էր Մարի Թյուդորի հետ և դեռևս Իսպանիայի թագավորը չէր, այլ`Անգլիայի), ինչպես նշված է պահպանված մի նամակում[12]։ Ֆիլիպն այն ստացել է դեկտեմբերին և պալատականներից մեկին գրել` գանգատվելով «փաթեթավորմա ժամանակ առաջացած ծալից»։ Նկարը կար ունի, որով միացվել են կտավի երկու մասերը, որն «իհարկե այժմ շատ տեսանելի է» դրա վրա[7]։
Ուիլյամ Ռոջեր Ռիարիքի կողմից առաջ քաշված տեսության համաձայն` այս կտավն իրականում «Լոզանի» տարբերակն է, իսկ դրանից հետո Տիցիանն ուղարկել է մեկ այլ տարբերակ՝ այժմ Պրադոյում գտնվողը, սակայն բրիտանացի արվեստագետ Նիկոլաս Փեննին մերժել է այդ տեսակետը և այն մնում է դեռևս չհստակեցված[13]։ Այստեղ Ադոնիսն ավելի տարիքով տեսք ունի, քան այլ տարբերակներում, իսկ Վեներայի մարմինն ավելի կարճ է. հետագա տարբերակները հնարավոր է արված լինեն` կրկնօրինակելով լոնդոնյան տարբերակը, որը պահպանվել է Վենետիկի արվեստանոցում։ «Պրադո» տարբերակը հիմնականում Տիցիանի աշխատանքն է, թեև Փեննիի կարծիքով Վեներայի գլուխը «հիասթափեցնող» է[14]։
Սա «poesie» («պոեմներ») կոչվող դիցաբանական նկարների շարքից մեկն է, որոնք նախատեսված են եղել Ֆիլիպ II-ի համար։ «Վեներան ու Ադոնիսը» նախատեսված է եղել «Դանայայի» հետ դիտվելու համար. վերջինս շարքում առաջինն էր ու առաքվել է 1553 թվականին, բայց նույն չափսը չի ունեցել[15]։ «Դանայայի» ավելի ուշ ժամանակ արված տարբերակն այժմ ցուցադրված է Պրադոյի նույն սրահում` Տիցիանի այլ աշխատանքների կողքին[16]։
Ֆիլիպ թագավորին ուղղված մի նամակում Տիցիանը բացատրել է, որ երկու կտավները դիմացից և հետևից նայելիս մերկ Վեներային հակապատկերի տեսք կհաղորդեն, որով նկարին թույլ կտան մրցել քանդակի հետ[17]։ Բացի դրանից, ժամանակակիցների գրառումները ցույց են տալիս, թե որքան մեծ ազդեցություն են ունեցել այս նկարները տղամարդ դիտողների վրա։ Վեներայի նստատեղի՝ նստելուց ճզմված դիրքն այդ ժամանակ դեռևս նորություն էր կերպարվեստում և բացառապես էրոտիկ է համարվել։ Այն, որ կինը փորձում է ֆիզիկապես խանգարել իր սիրեկանին իրեն մենակ թողնել, նույնպես նորություն էր ու տպավորիչ․ ժեստ, որը «Ադոնիսի մեկնման պահին Վեներայի՝ վերջինիս մահվան կորստի զգացումը փոխանցելով» միատեղում է «պատմության երկու մասերը սիրո և կորստի մեկ պահի մեջ»[18]։
Նախկինում Լոզանում գտնվելուց հետո 1998 թվականին վաճառվել է «Քրիստիս» աճուրդային տան կողմից և այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում։ Փոխառությամբ տրվել է Օքսֆորդի Էշմոլի թանգարանին։ Ադոնիսի մահը ներառված է հետին պլանում, իսկ երկնքում գտնվող կառքի կերպարն, անշուշտ, Վեներան է, քանի որ կառքը քաշում են նրա խորհրդանիշ հանդիսացող կարապները[6]։ Ուիլյամ Ռոջեր Ռիարիքը ենթադրել է, որ այս կտավն է 1550-ական թվականներին Ֆիլիպ II -ին ուղարկված առաջին տարբերակը, որի ժամանումից հետո թագավորը գանգատվել է դրա վիճակից՝ սխալմամբ կտավի կարը ծալի տեղ դնելով։ Ըստ նրա վարկածի՝ «Լոզանի» տարբերակը հետ է վերադարձվել Վենետիկ, իսկ դրան փոխարինել է այժմ Մադրիդում գտնվող տարբերակը։ Փեննիին այս «արտառոց պնդումները» չեն համոզել․ նա կտավը համարել է լոնդոնյան տարբերակի հիման վրա արված կրկնօրինակ[19]։
Այն անշուշտ գտնվել է Օռլեանի հավաքածուում, իսկ դրանից առաջ ամենայն հավանականությամբ Հռոմում Շվեդիայի թագուհի Քրիստինայի հավաքածուի երկու տարբերակներից մեկն է եղել, որը Պրահայի ամրոցում գտնվող Սրբազան Հռոմի կայսր Ռուդոլֆ II-ի հավաքածուից շվեդները գողացել են 1648 թվականին։ Օռլեանի հավաքածուի ցրվելուց հետո կտավը պատկանել է նկարիչ Բենջամին Ուեստին[6]։ 2007 թվականին 200 տարվա մեջ առաջին անգամ ցուցադրվել է Բելունո քաղաքում Տիցիանի աշխատանքների ցուցահանդեսում։
Թվագրվում է մոտավորապես 1554 թվականով և վերագրվում Տիցիանի արվեստանոցին, թեև վարպետն ինքը կարող է արած լինել միայն «նախնական ուրվագծերը» և նկարած Ադոնիսի գլուխն ու Վեներայի մազերը[20]։
Փեննին ենթադրել է, որ դա Վենետիկում պահվող «արվեստանոցի օրինակն» է եղել, երբ Պրադոյի տարբերակը Մադրիդ է ուղարկվել, և կրել է աննշան բարելավումներ, որոնք հետագայում օգտգործվել են այլ տարբերակներ կրկնօրինակելիս։ Դրանց թվում էին նկարի՝ Գեթիի, Լոզանի ու Հռոմի տարբերակները, որոնք ունեն Լոնդոնի տարբերակի բավականաչափ նույնական դիրքերի հիմնական տեսքը, որը չի կարող ծագած լինել Պրադո տարբերակից։ Բայց կոմպոզիցիան շարունակել է զարգանալ ու Պրադոյի ու Լոնդոնի տարբերակներն այնպիսի նմանություններ ունեն, որոնք բացակայում են այկ տարբերակների մեջ։ Դրանց թվում են՝ Ադոնիսի՝ ուսն ու վերին թևը ծածկող ներքնազգեստի բացակայությունը, Վեներայի՝ սպիտակ կտորին նստած չլինելը, անոթի բերանի՝ դեպի դիտողն ուղղված չլինելը։ Եվ հակառակը, Պրադոյի տարբերակում բացակայող, բայց լոնդոնյան ու այլ տարբերակներում առկա մանրուքներից են՝ մարգարտաշարը Վեներայի մազերի մեջ, Ադոնիսի դեմքի ու կրծքավանդակի վրայի ժապավենի միջև ավելի մեծ բացվածքը[21]։
Հայտնի չէ, թե 17-րդ դարում Սալվիատիի հավաքածուից առաջ ուրիշ որտեղ է գտնվել։ Ջոն Ջուլիուս Անգերշտայնի երեսունութ կտավներից մեկն էր, որոնք 1824 թվականին բրիտնական կառավարությունը ձեռք է բերել £57,000 գումարով, և որոնք էլ կազմել են Լոնդոնի ազգային պատկերասրահի նախնական կորիզը[22]։
Փոլ Գեթիի թանգարանում գտնվող տարբերակը թվագրվում է 1555–60 թվականով։ Թանգարանն այն վերագրել է Տիցիանին, սակայն մյուսները դրանում այնքան էլ վստահ չեն։ Փեննին այն համարել է լոնդոնյան տարբերակի վրա հիմնված արվեստանոցի կրկնօրինակ[23]։
Առաջին անգամ հիշատակվել է 1648 թվականին Ջենովայում անցկացված գույքագրման ժամանակ, որից հետո հաշվառվել է Շվեդիայի թագուհի Քրիստինայի ու Օռլեանի հավաքածուներում։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո հավաքածուի մեծ մասի հետ այն գնել է Լոնդոնի մի կազմակերպություն։ Կազմակերպության անդամներից մեկը՝ Կառլայլի 5-րդ կոմս Ֆրեդերիկ Հովարդն ընտրել է կտավը որպես իր մասնաբաժին, թեև երկար չի պահել այն։ 1844 - 1991 թվականների ընթացքում գտնվել է Նորմանթոն կոմսերի և նրանց հարազատների հավաքածուներում։ Թանգարանը կտավը ձեռք է բերել 1992 թվականին[24]։
Հռոմի Հին արվեստի ագային պատկերասրահում (Պալացցո Բարբերինի) գտնվում է մոտավորապես 1560 թվականին ստեղծված մի տարբերակ։ Այնտեղ Ադոնիսը փետրավոր գլխարկ է կրում, որը կարելի է տեսնել նաև Դալվիչի պատկերասրահի տարբերակում, իսկ ավելի փոքր չափսերով մի տարբերակ գտնվում է Ալնիկ դղյակում[6]։ Տիցիանագետ Հարոլդ Վեթին գլխարկը «ծիծաղելի» ու «անհեթեթ» է համարել և կարծիք հայտնել, որ Հռոմում գտնվող «միջակ դպրոցական աշխատանք» տարբերակի վրա Տիցիանը չի աշխատել[25]։
Ըստ Նիկոլաս Փեննիի՝ սա Քրիստինա թագուհու հավաքածուի երկու տարբերակներից «համարյա հաստատ» մեկը չէր, ինչպես հաճախ ենթադրվել է։ Նա պնդել է, որ դրանք «Լոզանի տարբերակն» ու Գեթիի տարբերակն են[6]։ Պատկանել է ռուսական կայսր Պավել I-ին։ Սանկտ Պետերբուրգից Իտալիա է վերադարձվել վենետիկցի վաճառական Պիետրո Կոնկոլոյի շնորհիվ, որից հետո այն ձեռք է բերել հռոմեացի Ջիվանի Տոռլոնիան։ 1862 թվականին այն ձեռք է բերվել Պալացցո Բարբերինիի հավաքածուի համար, այժմ գտնվում է Հին արվեստի ազգային թանգարանում։
Գլխարկով ևս մեկ տարբերակ գտնվում է Դալվիչի պատկերասրահում։ Թանգարանի պնդմամբ՝ «Կտավի պահպանությանն ուղղված վերջին աշխատանքները մեզ հնարավորություն են տվել հաստատել, որ այն հավանաբար ստեղծվել է Տիցիանի արվեստանոցում 16-րդ դարի երկրորդ կեսին»։ Կտավը թվագրվում է 1554–1576 թվականներով ու թանգարանում գտնվում է 1811 թվականից ի վեր[26]։
Առնվազն մեկ տարբերակ ևս պատկանում է Տիցիանի արվեստանոցին։ Մեկը գտնվել է Ռոքբի Փարքում և «Քրիստիս» աճուրդային տան կողմից վաճառվելով 2003 թվականի հուլիսի 10-ին՝ հայտնվել է մասնավոր հավաքածուում։ Այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամին պատկանող հաչլենդս Փարքում[27]։ Այն վնասվել ու գերներկվել է, սակայն կարող էր լինել արվեստանոցում պահված ևս մեկ օրինակ, ինչպես լոնդոնյան տարբերակի դեպքում էր[21]։ Մոսկվայի մասնավոր հավաքածուներից մեկում գտնվող և ենթադրաբար 1542–46 թվականներով թվագրված մեկ այլ տարբերակ վերջերս ստացել է կրկնօրինակի կարգավիճակ և իրենից ներկայացնում է «Պրադո տեսակի» ամենավաղ հայտնի տարբերակը[28]։
Տեսակն իր անունն ստացել է կտավի՝ Ֆարնեզե հավաքածուում լինելու պատճառով, որից հետո եղել է Նեապոլի արքայական հավաքածուում, այնուհետև կորել։ Սակայն այն հայտնի է Ռոբերտ Ստրեյնջի «շատ զգույշ նկարչությունից» (1762) ու հետագա փորագրությունից (1769)[23]։ Համարվում է, որ սա երկու տեսակներից ամենահինն է, հավանաբար ստեղծվել է 1520-ական թվականներին ու թեև հարցը հստակեցված չէ, ակնհայտ է, որ երկու տեսակներն էլ շարունակել են թողարկվել մինչև Տիցիանի կարիերայի վերջը[29]։
Ազգային պատկերասրահում գտնվում է «Թռչունով տղան»կոչվող մի փոքրիկ նկար, որտեղ վարպետորեն պատկերված է կուպիդոնը՝ սակայն առանց թևերի։ Ընդունված է եղել այն վերագրել 17-րդ դարին, բայց այժմ այն վերագրվում է Տիցիանի արվեստանոցին կամ հենց իրեն՝ Տիցիանին, ու թվագրվում հավանաբար 1520-ական թվականներով[30]։
Կտավը թվագրվում է մոտավորապես 1560 թվականով և վերագրվում Տիցիանին։ Փեննին այն համարել է «մեծ մասամբ ինքնագիր» (իր՝ Տիցիանի կողմից), և մանրամասնությունների միջև նկատվող բազմաթիվ տարբերություններից ելնելով ենթադրել է, որ այն «պլանավորվել, եթե ոչ պատկերվել է նույն ժամանակհատվածում (այսինքն՝ 1554 թվականին), կամ մի փոք ավելի վաղ»։ 1610 թվականին փորագրվել է Ռաֆայել Սադելեր II-ի կողմից[23]։ Միայն այս տարբերակում հանդիպող մի փոքրիկ առու հոսում է կերպարների ձախ կողմում։ Լինելով Բրիստոլի 2-րդ կոմս Ջորջ Դիգբիի կնոջ՝ Էնն Ռասել Դիգբիի սեփականությունը՝ 1685 թվականին ժառանգաբար անցել է Սպենսեր ընտանիքին և այնտեղ մնացել մինչև 1924 թվականը։ Այնուհետև վաճառվել է բրիտանացի և ամերիկացի տարբեր դիլերների, որից հետո 1942 թվականին ձեռք բերվել Արվեստի ազգային պատկերասրահի կողմից[31]։
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում գտնվում է «Ֆարնեզե տեսակի» մեկ տարբերակ, որի մասին ասում են․ «Այս տարբերակը նկարվել է Տիցիանի կարիերայի վերջում և դրա բարձր որակը ցույց է տալիս, որ այն պատկերել է նկարիչն ինքը»[32]։ Փեննին կարծում է, որ այն «մասամբ» է Տիցիանի աշխատանքը[23]։ Նախկինում գտնվել է Դառնլիի կոմսերի հավաքածուում[33]։
Թեև «Ֆարնեզե տեսակի» (կամ «երկու շնով տեսակի») պահպանված լավագույն օրինակներն ունեն մոտավորապես նույն տարիքը, հնարավոր է, որ Ֆարնեզեն լինի սկզբնական ստեղծագործությունը։ Տեսակետի հեղինակը Փոլ Յոհանիդեսն է, որը ենթադրել է, որ բնօրինակ կորած Ֆարնեզեն հնարավոր է ստեղծված լիներ 1520-ական թվականներին կամ ավելի վաղ։ Նա ընդունել է, որ ավելի խիտ կոմպոզիցիան ավելի դրամատիկ է, և որ «Պրադո տեսակի» «տարածական» ձախ կողմը նկարագրվել է որպես «շփոթեցնող»[23], իսկ երրորդ որսաշան «կեցվածքն ու դիրքը»՝ «բարդ է և դժվար ընկալելի»[10]։
Հնարավոր ավելի վաղ տարբերակի մասին վկայում է մի մանրանկար, որն արվել է անգլիացի դիմամանրանկարիչ Փիթեր Օլիվիերի կողմից մագաղաթի վրա։ Այն թվագրվում է 1631 թվականով ու նկարվել է թագավոր Չարլզ I Ստյուարտի համար։ Այստեղ Ադոնիսը նիզակ չի կրում, այլ նրա ձեռքը գրկում է Վեներային։ Բնօրինակը ոչնչացվել է 1945 թվականին Վիեննայում և հայտնի է միայն սև ու սպիտակ լուսանկարներից։ Այն երբեք չի հաշվառվել Տիցիանի կողմից։ Ձևերի մանրամասներն ու գույները վկայում են 1520-ական կամ 1510-ական թվականներ վերջի Տիցիանի ոճի մասին[34]։
Մեծացված չափսը հնարավոր է թելադրված լինի Ֆիլիպ թագավորի կողմից։ Մենք գիտենք, որ Ֆիլիպի համար նախատեսված տարբերակը նախատեսված է եղել «Դանայայի» հետ որպես զույգ հանդես գալու համար․ վերջինս ունի նույն բարձրությունը, ինչ ունեցել է կորած «Վեներան ու Ադոնիսը»[35]։
Վեներայի կեցվածքը նախատիպեր է ունեցել «il letto di Polyclito» («Պոլիկլիտուսի անկողինը») կոչվող հանրահայտ դասական ցայտաքանդակում, որտեղ պատկերված կինը Պսիքեն է (16-րդ դարում համարվել են Վեներան ու Վուլկանը)։ Նա քնած զուգընկերոջ հետ գտնվում է անկողնում ու վերջինիս տեսնելու համար շրջվում է՝ մի ձեռքով հենվելով անկողնուն, մյուսով ծածկոցը բարձրացնելով։ Տիցիանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել տեսնելու այս շատ հայտնի կոմպոզիցիայի տարբերակները կամ կրկնօրինակները[36]։ Այն արդեն օգտագործվել էր Ռաֆայելի արվեստանոցի կողմից Հռոմի Վիլլա Ֆարնեզինայի ֆրեսկոները պատկերելիս, «Աստվածների խնջույքում» Հեբեին պատկերելիս։ Ջուլիո Ռոմանոն այն օգտագործել էր Մանտովայի Պալացցո դել Տեում՝ «Բաքոս և Արիադնե» կտավում։ Տիցիանը հազվադեպ է մեկ այլ աշխատանք մեջբերել իր գործերում[7]։
Տարբեր ժամանակաշրջանների մյուս նկարիչների նման Տիցիան հաճախ է տեղի տվել տարբեր տեսակի ավելի վաղ կոմպոզիցիաների կրկնությունների խնդրանքներին։ Հատկապես հաճախ պատճենվել են նրա պատկերած դիցաբանական մերկությունները[37]։ Նրա «Դանայայի» առնվազն հինգ տարբերակ կա, որոնք նույնպես բաժանվում են երկու տեսակի՝ առաջինը՝ պատկերված Ֆարնեզեի համար, մյուսը՝ Ֆիլիպ II-ի։ «Վեներան ու երաժիշտը» կտավը նույնպես մերկություն պատկերող նկար է, որն ունի մի քանի տարբերակ, որոնք էլ բաժանվում են երկու տեսակի՝ մեկը երգեհոնահարի հետ, մյուսը՝ ջնարահարի։ Վեներայի բարձի վրա կա՛մ ծոցաշնիկ է պատկերված, կա՛մ կուպիդոն[38]։
Իսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգան (1562–1635) հիացել է կտավով և այն մի քանի անգամ հիշատակել իր տարբեր պիեսներում[39]։
«Վեներա և Ադոնիս» արձակ պոեմը Շեքսպիրի ստեղծագործությունն է, որը հրատարակվել է 1593 թվականին։ Ինչպես նշել է Էրվին Պանոֆսկին, պոեմը նմանություններ ունի Տիցիանի կտավի հետ այն առումով, որ Վեներան դժվարանում է գայթակղել շատ երիտասարդ Ադոնիսին։ Նրա կյանքի վերջին առավոտյան Վեներան փորձում է ֆիզիկապես չթողնել նրան որսի գնալ, բայց Ադոնիսը պոկվում է նրանից, ինչպես պատկերել է Տիցիանը[40]։
Եղել են կտավի գրատպված տարբերակները, սակայն Շեքսպիրը երեք անգամ հիշատակել է, որ Ադոնիսը գլխարկ էր կրում[41], ինչը գրատպություններում չկա[42] և պահպանված տարբերակներից միայն Հռոմի, Դալվիչի ու Ալնվիքի տարբերակներում է առկա։ Շեքսպիրի հեղինակության վերաբերյալ օքսֆորդյան տեսության աջակիցները պնդում են, որ Շեքսպիրի ստեղծագործությունների իսկական հեղինակ Օքսֆորդի 17-րդ կոմս Էդուարդ դե Վերը Հռոմի տարբերակը տեսել է Վենետիկում՝ Տիցիանի արվեստանոցում 1575-1576 թվականներին դեպի Իտալիա կատարած իր ճամփորդության ընթացքում և դրա հիման վրա ստեղծել պոեմը։ Նրանցից ոմանք սա գնահատել են որպես «Օքսֆորդյան» հեղինակությունը հաստատող ծանրակշիռ ապացույց[43]։
Ամփոփելով վերոհիշյալ տարբերակների բարդ պատմությունը՝ դրանց ստեղծման ենթադրական ժամանակացույցը հետևյալն է․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա և Ադոնիս (Տիցիան)» հոդվածին։ |
|