Վենիզելիզմ (հուն․՝ Βενιζελισμός), 1900-ականներից մինչև 1970-ական թվականների կեսն ընկած ժամանակահատվածում Հունաստանում մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական շարժում։ Լիբերալիստական այս շարժումն անվանակոչվել է ի պատիվ հույն ականավոր պետական և քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսի։ Շարժումը հիմնված էր Հունաստանի վարչապետի քաղաքական հայացքների վրա, որոնք էլ հստակեցվելով դարձել էին պետական կառավարման համակարգի և քաղաքական հայեցակարգերի իրականացման ուրույն եղանակներ։
Վենիզելիզմը՝ Էլեֆթերիոս Վենիզելոսի գաղափարական շարժումը, հիմնված էր վեց հիմնարար սկզբունքների վրա՝ հունական իրրեդենտիզմ, ազատական ժողովրդավարություն, արևմտամետություն, հանրապետականություն, տնտեսական լիբերալիզմ, հակակոմունիզմ։
Էլեֆթերիոսի որդեգրած քաղաքականությունը և շարժումը հիմնված էր ներքոնշյալ քաղաքական սկզբունքների վրա․
Հունական իրենդենտիզմ՝ Վենիզելոսը հակված էր Հունաստանի տարածքային հիմնահարցերը, մասնավորապես՝ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հունական տարածքները, ազատագրել զինված պայքարի միջոցով։ Կազմել է հույների ազգային գաղափարախոսությունը, որը հայտնի էր «Մեծ գաղափար» (Մեղալի իդեա) անվանումով։ Այն առաջացել էր դեռևս Օսմանյան Հունաստանի ժամանակաշրջանում և գլխավորապես նպատակաուղղված էր Բյուզանդական կայսրության վերականգնումը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով։
Լիբերալ ժողովրդավարություն՝ շարժման գաղափարական կարևորագույն սկզբունքներից էր լիբերալ դեմոկրատական կառավարման ձևը։ Այն ենթադրում էր ժողովրդավարության արևմտյան մոդելի ընդունումը, այդ թվում՝ իշխանության տարանջատման սկզբունքի (օրենսդիր, գործադիր և դատական), բազմակուսակցական համակարգի, բացարձակ իրավագերակայության ճանաչումը։ Վենիզելիզմը համապարտադիր սկզբունքներ էր համարում նաև բաց հասարակության, շուկայական տնտեսության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համընդհանուրությունը։
Արևմտամետություն՝ Առաջին համաշխարհային պատերազմում ներառված լինելով Անտանտի, իսկ Երկրորդ աշխարհամարատի ժամանակ՝ դաշնակից ուժերի շարքերում, Հունաստանը անթաքույց կերպով աչքի էր ընկնում իր բացարձակ արևմտամետ կեցվածքով։ Այս սկզբունքի պաշտպանությունը հաստատվում է նաև Սառը պատերազմի տարիներին՝ ինչպես նաև դրա նախորյակին և հաջորդիվ, երբ Հունաստանը նախ անդամակցում է Մարշալի պլանին, ապա՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ)։
Հանրապետականություն՝ վենիզելիզմի շարժումը հիմնված էր հանրապետական կառավարման համակարգի վրա և բացառում էր միապետության վերականգնման հնարավոր ռիսկերը։
Տնտեսական լիբերալիզմ՝ շարժման հետևորդները կարևոր նախապայման էին համարում տնտեսական հարաբերությունների ազատականացումը, ինչպես նաև շուկայական տնտեսության ձևավորումը։
Հակակոմունիզմ՝ Վենիզելոսի օրոք Հունաստանը համարվում էր արևելյան Եվրոպայի ամենածայրահեղ հակակոմունիստական դիրքորոշմամբ պետությունը։