Վեստմինստերյան դատարաններ (լատին․՝ Curia Regis), միջնադարյան Անգլիայում բարձրագույն դատարանների (Թագավորական աթոռի դատարան, Ընդհանուր գործերի դատարան, Գանձարանի դատարան) ընդհանուր անվանումը։ Այդպես է անվանվում սկսած 12-րդ դարի վերջից՝ ընդհանուր թագավորական բարձր դատարանից քրեական գործեր քննող հատուկ կոլեգիայի, այսպես կոչված Թագավորական աթոռի դատարանի (անգլ.՝ King's Bench) անջատվելուց հետո։
13-րդ դարի սկզբին որպես բարձրագույն դատական ատյան անջատվել է Ընդհանուր գործերի դատարանը, որը Վեստմինստերում անբացագնաց քննում էր գույքային վեճեր։ Գանձարանի դատարանը քննում էր Բրիտանիայի թագի ֆինանսական շահերին առնչվող գործերը։
Վեստմինստերյան դատարանները, այսպես կոչված, ընդհանուր իրավունքի (Common Law, համակարգ, որն իրավունքի աղբյուր էր ընդունում դատական նախադեպերը) հիման վրա քննում էին անգլիական թագի շահերը շոշափող առավել կարևոր գործերը։ Մյուս գործերն ընդդատյա էին կոմսությունների, եկեղեցական և այլ դատարաններին։
Թագավորական իշխանության ուժեղացումն ուղեկցվել է Վեստմինստերյան դատարանների իրավասության ընդարձակմամբ և ավատատիրական վերնախավի դատական իրավունքների սահմանափակմամբ։ Մասնավոր անձինք անմիջականորեն Վեստմինստերյան դատարաններ դիմելու իրավունք չունեին։ Թույլտվություն նախապես տալիս էր կանցլերը, որի հետեանքով 15-րդ դարում Անգլիայում ձևավորվեց կանցլերի ինքնուրույն դատարանը, որը գործերը քննում էր «ըստ արդարության»՝ այսպես կոչված արդարության իրավունք (Law of equity, համակարգ, ըստ որի այն անձինք, ովքեր հնարավորություն չեն ունեցել դիմելու թագավորական դատարաններ կամ դժգոհ են եղել դրանց որոշումներից, «գթասրտության և արդարության» խնդրանքով դիմել են թագավորին)։
Մեծ Բրիտանիայի դատարանակազմության ակտերով (1873-1875) Վեստմինստերյան դատարանները միաձուլվեցին կանցլերի դատարանի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 383)։ |
|