Վերներ ֆոն Գիլզա | |
---|---|
մարտի 4, 1889[1] - մայիսի 8, 1945[1] (56 տարեկան) | |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Մահվան վայր | Լիստոմեժիցե, Չեխոսլովակիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Հրամանատարն էր | 89-րդ բանակային կորպուս |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Վերներ ֆոն Գիլզա (գերմ.՝ Werner-Albrecht Freiherr von und zu Gilsa, մարտի 4, 1889[1], Բեռլին, Գերմանական ռայխ - մայիսի 8, 1945[1], Լիստոմեժիցե, Չեխոսլովակիա[1]), գերմանացի սպա, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, հետևակի գեներալ, դափնու տերևներով ասպետական խաչի շքանշանակիր։
Վերներ ֆոն Գիլզան ծնվել է 1889 թվականին Բեռլինում։ 1908 թվականի մարտին անցել է զինվորական ծառայության որպես փանեն-յունկեր (սպայի թեկնածու) գվարդիական հրացանակիրների գնդում։ Առաջին համաշխարհային պատերազմին եղել է վաշտի հրամանատար, այնուհետև զբաղեցրել է շտաբային պաշտոններ։ 1915 թվականի հուլիսից եղել է ավագ լեյտենանտ, 1918 թվականի հուլիսից` կապիտան, գումարտակի հրամանատար։ Պատերազմի ժամանակ պարգևատրվել է Երկաթյա խաչի երկու աստիճաններով և ևս երեք շքանշաններով։ Պատերազմից հետո շարունակում է ծառայությունը ռեյխսվերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում եղել է հետևակային գնդի հրամանատար, գնդապետ։ 1939 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է Լեհաստանի ներխուժմանը։ Պարգևատրվել է Երկաթյա խաչի կրկնակի աստիճանի ձողիկներով (կրկնակի պարգևատրում)։ 1940 թվականի մայիս-հունիսին մասնակցել է ֆրանսիական արշավանքին։ Պարգևատրվել է Ասպետական խաչով (№ 42): 1941 թվականի փետրվարից եղել է գեներալ-մայոր, 1941 թվականի ապրիլից 216-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի հունիսի 22-ից մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Մարտերի է մասնակցել Բելառուսիայում, այնուհետև Մոսկովյան ուղղությամբ։
1942 թվականի հունվարին պարգևատրվել է դափնու տերևներով Ասպետական խաչով (№ 68): 1942 թվականի հոկտեմբերից` գեներալ-լեյտենանտ։ Ռուսական ազատագրական բանակի զորամասերի հետ համատեղ Բրյանսկի մարզում (Լոկոտյան ինքնավարություն) ղեկավարել է պատժիչ գործողությունները։ 1943 թվականի հունիսից` 89-րդ բանակային կորպուսի (Բելգիայում) հրամանատար, 1943 թվականի հուլիսից` հետևակի գեներալ։ 1944 թվականին Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է ամերիկա-բրիտանական զորքերի դեմ մղվող մարտերին։ 1944 թվականի դեկտեմբերից հանդես է եկել հրամանատարական պահեստազորում, 1945 թվականի մարտի 8-ից` Դրեզդենի պաշտպանության հրամանատար, 1945 թվականի մայիսի 5-ից` «Գիլզա» կորպուսի հրամանատար։ 1945 թվականի մայիսի 8-ին Գերմանիայի կապիտուլացիայից հետո ինքնասպանություն է գործել։