Վիլհելմ Բրասե (լեհ.՝ Wilhelm Brasse, դեկտեմբերի 3, 1917(1917-12-03)[1][2], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[2] - հոկտեմբերի 23, 2012(2012-10-23)[1][3], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, որ 1940 թվականին ուղարկվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։ Նա ճանաչման է արժանացել ղեկավարության հանձնարարությամբ կալանավորներին լուսանկարելու շնորհիվ։ Նրա կյանքն ու գործը ներկայացված է «Դիմանկարիչը» («Portrecista») ֆիլմում, որը ցուցադրվել է լեհական TVP1 ալիքով 2006 թվականի հունվարի 1-ին[4]։
Վիլհելմ Բրասեի հայրը եղել է ավստրիացի, մայրը՝ լեհ։ Նա սովորել է լուսանկարել Կատովիցեում՝ իր ազգականուհու արվեստանոցում[5]։ Վերմախտի՝ Լեհաստանի ներխուժելուց և Վիլհելմի հայրենի քաղաքի՝ Ժիվեցի (տեղակայված է Լեհաստանի հարավում) օկուպացումից հետո Բրասեին հարցաքննել է ՍՍ սպան։ Վիլհելմը հրաժարվել է Հիտլերին հավարատմության երդում տալ և ուղարկվել է բանտ երեք ամսով։ Բանտից դուրս գալուց հետո Բրասեն փորձել է խուսափել ֆոլկսլիստում ընդգրկվելուց և գերմանական բանակ զորակոչվելուց՝ փախչելով Հունգարիա, որպեսզի միանա Ֆրանսիայում գտնվող լեհական զորքերին։ Լեհ-հունգարական սահմանին Վիլհելմն ու մի քանի այլ երիտասարդներ ձերբակալվել են ու ուղարկվել Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար. այնտեղ Բրասեն ստացել է 3444 ճամբարային համարը[6]։ Քանի որ Վիլհելմ Բրասն աշխատել էր որպես լուսանկարիչ Սիլեզիայում[6], ճամբարի ղեկավարությունը նրան հանձնարարել է լուսանկարել կալանավորներին, նրանց կատարած աշխատանքը, ինչպես նաև կալանավորների վրա կատարվող բժշկական փորձարկումները[7]։ Բրասեն ենթադրել է, որ ինքն արել է 40-50 հազար անհատական լուսանկարներ 1940-1945 թվականներին՝ նախքան կտեղափոխվեր Էբենզե (Մաուտհաուզենի մասնաճյուղ), որն ազատագրվել է 1945 թվականի մայիսին[8][9][10][11]։
Վիլհելմ Բրասեի լուսանկարների մեծ մասը չի պահպանվել, սակայն դրանցից մի քանի հարյուրը ցուցադրվում են Աուշվից-Բիրկենաու թանգարանում և Յադ Վաշեմում[10]։ Նրա լուսանկարները, մասնավորապես կալանավոր Չեսլավա Կվոկայի նկարը, ոգեշնչման աղբյուր են ծառայել Painting Czesława Kwoka գրքի ստեղծման համար, որն արժանացել է «LIFE Award» մրցանակի[12]։
Վիլհելմ Բրասեն ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նրա հայրը եղել է ավստրիացի գաղութարարների սերունդներից, կռվել է լեհական բանակում Խորհրդա-լեհական պատերազմի ժամանակ[5][6][7]։ Արվեստանոցում, որտեղ աշխատել է Բրասեն, նկատել են նրա տաղանդն ու ունակությունը՝ հաճախորդներին օգնելու մոռանալ լարվածությունն ու չնյարդանանալ[6]։
1940 թվականի օգոստոսի 31-ին Բրասեն փակվել է նորաստեղծ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում[6]։
1941 թվականի փետրվարին Վիլհելմին ու մի շարք այլ կալանավորների կանչել են ճամբարի պարետ Ռուդոլֆ Հյոսի աշխատասենյակ, որտեղ ստուգել են նրանց լուսանկարելու ունակությունը։ Բրասեին հատկապես առանձնացրել են լաբորատորիայում աշխատանքի ունակության և ֆոտոխցիկի հետ աշխատել իմանալու, ինչպես նաև գերմաներենի իմացության պատճառով, ինչից հետո նրան հանձնարարել են զբաղվել վավերագրական նկարահանումներով «Erkennungsdienst» աշխատանքային խմբում, որում Վիլհելմից բացի ընդգրկվել է ևս չորս մարդ[6]։ Բրասեն հարցազրույցի ժամանակ ասել է, որ ամոթ է զգացել նրանց առաջ, ում լուսանկարել է, սակայն չի կարողացել ոչնչով օգնել նրանց՝ վախենալով խախտել հրամանը[13]։ Մեկուկես տարի անց Վիլհելմը հանդիպել է բժիշկ Ժոզեֆ Մենգելեին, որն անցկացնում էր բժշկական փորձարկումներ կալանավորների վրա։ Բժշկին դուր են եկել Բրասեի լուսանկարները, և նա հրամայել է լուսանկարել մի քանի երկվորյակների, ինչպես նաև բնածին արատներ ունեցող կալանավորների, որոնց վրա փորձեր է կատարել ինքը[6]։ Մասնավորապես նա ստիպված է եղել լուսանկարել կալանավորների սպանությունը Ցիկլոն B գազով[13]։ Կալանավորներից բացի լուսանկարվելու գնացել են նաև ճամբարի վարչակազմի աշխատակիցներ[14][15]։ Դրա շնորհիվ Բրասեն ստացել է ծխախոտ և ուտելիք[16]։ Վիսլա-Օդերյան գործողության արդյունքում խորհրդային զորքերի՝ Լեհաստան ներխուժելուց հետո Վիլհելմին հազարավոր այլ կալանավորների հետ քշել են Էբենզե համակենտրոնացման ճամբար, որտեղ նրանց 1945 թվականի մայիսի սկզբին ազատագրել են ամերիկյան զորքերը[6]։
Վերադառնալով Ժիվեց՝ Վիլհելմը փորձել է վերսկսել լուսանկարչությամբ զբաղվելը, սակայն հիշողություններն ու տեսած պատկերները շարունակել են հետապնդել նրան լուսանկարման ժամանակ. «Ամեն անգամ, երբ ես նայում էի դիտանով, այնտեղ հայտնվում էին հրեա աղջիկներ»[13][17]։ Արդյունքում նա թողել է լուսանկարչությունն ու սկսել զբաղվել երշիկի թաղանթի բիզնեսով[6]։
Բրասեն այցելել է Աուշվից-Բիրկենաու թանգարան, որպեսզի իր հուշերը պատմի այցելուներին, ու թեև նրա մոտ եղել է նախապատերազմյան փոքրիկ Kodak ֆոտոխցիկ[6], նա ոչ մի լուսանկար չի արել[6][18]։
Վիլհելմ Բրասեն ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա ու հինգ թոռ։ Նա իր կնոջ հետ ապրել է Ժիվեցում մինչև իր մահը 94 տարեկան հասակում[5][6]։ Բրասեի մահվան մասին հայտարարել է Աուշվից-Բիրկենաու թանգարանի պատմաբանը[19]։
Բժիշկ Մենգելեն պնդել է, որ Վիլհելմը յուրաքանչյուր կալանավորի նկարիչ երեք անգամ՝ դեմուղիղ, կիսադիմի և երեք քառորդ[6]։ Լուսանկարման համար առանձնացվել է սենյակ, որտեղ եղել է շարժվող հենահարթակի վրա տեղադրված աթոռ։ Լուսանկարիչը կարող էր շրջել աթոռը՝ լուսանկարվողին չստիպելով վեր կենալ[20]։ Առաջին 35 000 կալանավորները լուսանկարվել են իրար հետևից, սակայն դրանից հետո հրեաներին այլևս չեն ուղարկել Վիլհելմի մոտ, որովհետև նրանք միանգամից ուղարկվել են գազի խցիկ[21]։
Երբ նահանջելուց առաջ ճամբարի ղեկավարությունը լուսանկարիչներին հրամայել է ոչնչացնել լուսանկարները, վերջիններս իրենց աշխատանքները նետել են կրակը, սակայն հազիվ էր ղեկավարությունը դուրս եկել շենքից, Բրասեն ջուր է լցրել նկարների վրա ու փրկել դրանց մի մասը[6][8][10][13][22]։
Նմանատիպ լուսանկարներ, ներառյալ նաև Բրասեի հեղինակածները, հասանելի են Հոլոքոստի թանգարանում և նրա կայքում[23][24]։
Աուշվից։ Նացիստները և «Վերջնական լուծումը» (անգլ.՝ Auschwitz: The Nazis and 'The Final Solution', Բի-բի-սի, 2005), «Surprising Beginnings» և «Orders & Initiatives» (1 և 2 սերիաներ)[25],
Դիմանկարիչը (Portrecista, TVP1, Լեհաստան, 2005)[26]։ 52 րոպեանոց լեհական ֆիլմ, որի ռեժիսորն է Աննա Իրեկ Դոբրովոլսկին, պրոդյուսերը՝ Աննա Դոբրովոլսկայան։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի հունվարի 1-ին, կինոէկրանին ցուցադրվել է 2007 թվականի մարտի 19-ին Արևմտյան Լոնդոնի սինագոգում[27]։ Ֆիլմում Բրասեն պատմում է այն մասին, թե ինպես է ինքը հայտնվել ճամբարում, ինչպես նաև այնտեղ իր կատարած աշխատանքի և մի քանի լուսանկարների մասին[10]։
Կալանավոր երեխաների լուսանկարները, որ արվել են Վիլհելմի կողմից և ցուցադրվում են Աուշվից-Բիրկենաու թանգարանում, մասնավորապես Չեսլավա Կվոկայի լուսանկարը, ոգեշնչել են բանաստեղծուհի Թերեզա Էդվարդսին և նկարչուհի Լորի Շրայներին ստեղծելու «Նկարելով Չեսլավա Կվոկային» («Painting Czesława Kwoka») գիրքը[28]։ Համաձայն այն ցուցահանդեսի կատալոգի, որին մասնակցել են Բրասեի ու Շրայների աշխատանքները, նպատակը եղել է հավերժացնել Հոլոքոստի զոհ դարձած, ինչպես նաև պատերազմում սպանված երեխաների հիշատակը[28][29]։ 2007 թվականին գիրքն արժանացել է «Tacenda Literary Award» մրցանակի որպես լավագույն համատեղ աշխատանք[12][30]։
↑ 7,07,1«The Portraitist (Portrecista)»(PDF). New Polish Films 2006–2007. Polish Film Institute. էջ 61. Արխիվացված է օրիգինալից(Web (catalogue entry)) 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
↑Marc Shoffman (2007 թ․ մարտի 15). «The Auschwitz Photographer». TotallyJewish.com. Jewish News Online. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
↑ 12,012,1«Awards». BleakHouse Publishing. 2007. Արխիվացված է օրիգինալից(Web) 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին. «Best Collaboration, 2007: Painting Czeslawa Kwoka, by Theresa Edwards (verse), [Lori] Schreiner (art), photographs by Wilhelm Brasse (Admit2).»
↑Stanley, Alessandra. «The Portraitist (2005)». Allmovie. movies.nytimes.com (The New York Times Company and All Media Guide). Արխիվացված է օրիգինալից(Web) 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
↑Theresa Edwards and Lori Schreiner. «Painting Czesława Kwoka». AdmitTwo (a2). 19 (September 2007). Արխիվացված է օրիգինալից(Web) 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
Forgotten Holocaust: The Poles under German Occupation, 1939—1944. 1986. Rev. ed. New York: Hippocrene Books, 2001. ISBN 0-7818-0901-0 (10). ISBN 978-0-7818-0901-6 (13). (Rev. by Rooney.)
The Portraitist (Portrecista, Poland, 2005) — 5th Polish Film Festival Programme. Spiro Ark and the Polish Cultural InstituteԱրխիվացված 2008-09-06 Wayback Machine (UK). West London Synagogue, London. 19 March and 22 April 2007. (In Polish; with English subtitles.)
Struk, Janina. " I will never forget these scenes' ". Guardian.co.uk (Guardian Media Group), 20 January 2005. Retrieved 28 August 2008. (Interview with Wilhelm Brasse.)
Words & Images: A Collaboration. Curators: Stuart Copans and Arlene Distler. Windham Art Gallery, Brattleboro, Vermont, 1 June — 1 July 2007. (Exhibition.)