![]() | |
![]() |
Վիլհելմինենբերգի պալատ (գերմ.՝ Palais Lieben-Auspitz), 20-րդ դարի սկզբի նախկին պալատ, այժմ չորս աստղանի հյուրանոց՝ ռեստորանով և համաժողովների դահլիճով։ Գտնվում է Գալիցինբերգի արևելյան լանջերին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Վիեննական անտառների արևմտյան մասում։
1781 թվականին ֆելդմարշալ Ֆրանց Մորից ֆոն Լասսին Օտտակրինգում գույք է ձեռք բերել Պրեդիգշտուլ կոչվող լեռան վրա և սկսել պալատ կառուցել։ Նրա ընկերը՝ Վիեննայում Ռուսաստանի դեսպան, արքայազն Դիմիտրի Միխայլովիչ Գոլիցինը, ում անունով էլ հետագայում կոչվել է լեռը, գնել է նրանից գույքը և այնուհետև Օտտակրինգ համայնքից ձեռք բերել անտառի և արոտավայրերի այլ հատվածներ, որոնք նա վերափոխել է զբոսայգու, որը գոյություն ունի մինչ օրս։ Զբոսայգին զարդարում էին մի քանի լճակներ, կլոր տաճարը, հռոմեական ավերակներն ու որսորդական տնակը։ 1793 թվականին՝ Գոլիցինի մահից հետո, Նիկոլայ Պետրովիչ Ռումյանցևը ժառանգել է այդ գույքը։
Սեփականատերերի մի քանի փոփոխությունից հետո արքայազն Յուլիա ֆոն Մոնլարտը և նրա կինը՝ Մարիա Քրիստինան, բացեցին ամրոցը 1824 թվականին, որն արդեն վերանորոգման կարիք ուներ։ 1838 թվականին այն մեծացվել էր երկու կողային թևերով։
Արքայազնի մահից հետո ժառանգական վեճ է ծագել, ուստի գույքը դատարանի որոշմամբ առաջարկվել է վաճառել 125000 գուլդենի դիմաց։ Որդին՝ Մորիս դը Մոնլեարդը, ամրոցը և տարածքը 1866 թվականին նվիրել է իր կնոջը՝ Վիլհելմինային։ Քանի որ Գալիցինբերգը Վիլհելմինբերգ վերանվանվելու նրա խնդրանքը պաշտոնապես չի բավարարվել, արքայազնն ամրոցի բոլոր մուտքերին կցել է «Վիլհելմինբերգ» մակագրությամբ վահանակներ և այդպիսով հասել անվան անուղղակի փոփոխության։ 1887 թվականի մարտի 16-ին արքայազնը մահացել է և այրու խնդրանքով թաղվել ամրոցի մոտ՝ նեոգոթական դամբարանում։ Արքայադուստր Վիլհելմինան ժառանգությունը բաշխել է հարազատների միջև՝ պահպանելով միայն իր անձնական ունեցվածքը և Վիլհելմինենբերգի եկամուտը։ Աղքատների հանդեպ իր առատաձեռնության պատճառով նրան անվանել են «Վիլհելմինենբերգի հրեշտակ»։ 1895 թվականի մարտի 26-ին նա մահացել է և թաղվել ամուսնու կողքին՝ դամբարանում։
1903-1908 թվականներին հնախարխուլ ամրոցն ավերվել է, իսկ նեոամպիրային ոճով պալատը կառուցվել է ճարտարապետներ Էդուարդ Ֆրաուենֆելդի (1853-1910) և Իգնազ Սովինսկու նախագծերով՝ որպես ավստրիական էրցհերցոգների նստավայր։ Շինարարութան ծախսերը՝ ներառյալ տնտեսական շինությունները, կազմել են 1,4 մլն կրոն։ Ամրոցի տիրակալը եղել է էրցհերցոգ Ռայներ Ֆերդինանդը, իսկ 1913 թվականի հունվարից՝ նրա եղբորորդին՝ էրցհերցոգ Լեոպոլդ Սալվատորը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամրոցը դարձել է հիվանդանոց և պատերազմի հաշմանդամների առողջարան։ Այն ձեռք է բերել Ցյուրիխի բանկի տնօրեն Վիլհելմ Ամմանը 1922 թվականին։ 1926 թվականի նոյեմբերի 16-ին Վիեննա քաղաքը, ձեռք բերելով այն գույքի գնման աճուրդում, դարձել է պալատի նոր սեփականատերը, ներառյալ օժանդակ տարածքները և այգին, և 1927 թվականին այնտեղ ստեղծվել է համայնքային մանկատուն։ 1934-1939 թվականներին տարածքը եղել է Վիեննայի տղաների երգչախմբի նստավայրը։ 1938 թվականի մարտին այն բռնագրավվել է ազգայնականների կողմից և հանձնվել Ավստրիական լեգեոնին։ Պատերազմի տարիներին ամրոցը կրկին օգտագործվել է որպես բանակային հիվանդանոց՝ կապված հարևան Վիլհելմինգի հոսպիտալի հետ։ 1945 թվականին այն վերածվել է ռելաքսացիայի կարիք ունեցող երեխաների և համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալների տան։ 1950 թվականին բժշկական ուսումնական կայանը Շպիգելգրունդից տեղափոխվել է Վիլհելմինենբերգ ամրոց[1]։
1961-1977 թվականներին շենքը ծառայել է որպես հատուկ դպրոցների աղջիկների տուն (հետագայում գործում է նաև տղաների խումբ)։ 2011 թվականին հայտնի է դարձել, որ այն ժամանակ բազմաթիվ հարձակումներ ու բռնաբարություններ են եղել այդտեղ բնակվող աղջիկների նկատմամբ[2]։ Քաղաքապետարանը պարտավոր էր ստեղծել հանձնաժողով՝ քննելու այդ քրեական գործերը, որոնք վաղուց անվավեր էին դարձել[3]։
Վիլհելմինենբերգի դպրոցում (և այլ հանրակրթական դպրոցներում) տեղի ունեցած հանցագործությունները հանգեցրել են վաղեմության ժամկետի վերանայման պահանջի, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
1986 թվականի հուլիսի 1-ին փոխքաղաքապետ Հանս Մայրը հայտարարել է, որ ամրոցը կվերանորոգվի և կվերածվի հյուրատան։ 1988 թվականին 14 ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո բացվել է 3 աստղանի «Gästehaus Schloss Wilhelminenberg» հյուրանոցը։ Երեք տարի տևած վերանորոգումից հետո այն դարձել է 4 աստղանի։ Այսօր հյուրանոցը գործում է Verkehrsbüro Hotellerie GmbH Austria Trend Hotels բրենդի ներքո։
{{cite book}}
: Check |url=
value (օգնություն) Արխիվացված է Դեկտեմբեր 27, 2020 Wayback Machine-ի միջոցով:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմինենբերգի պալատ» հոդվածին։ |
|