Վիշապների կամուրջ | |
---|---|
Անունով | վիշապ |
Երկիր | Սլովենիա |
Տեղանք | Լյուբլյանա |
Տեսակ | կամարաձև կամուրջ |
Նյութ | երկաթբետոն և երկաթ |
Հատում է | Լյուբլյանիցա |
Երկարություն | 45 մետր |
Բացման տարեթիվ | ապրիլի 10, 1901 |
Ժառանգության կարգավիճակ | monument of local significance?[1] |
Վիշապների կամուրջ (սլովեն.՝ Zmajski most)[2], ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջ Լյուբլյանիցա գետի վրա[3][4][5]՝ Լյուբլյանայում, Սլովենիայի մայրաքաղաքի ամենահայտնի և ճանաչելի տեսարժան վայրերից մեկը, ճարտարապետության հուշարձան[6]։
Լյուբլյանիցա գետի վրա առաջին փայտե կամուրջը կառուցվել է Վալենտին Վոդնիկի հրապարակի մոտ 1819 թվականին։ Այն խիստ վնասվել է 1895 թվականի երկրաշարժի հետևանքով։ 1901 թվականին ավստրիացի ինժեներ Յոզեֆ Մելանի և ճարտարապետ Յուրի Զանինովիչի ղեկավարությամբ կառուցվել է նոր եռաթռիչք կամարակապ կամուրջ վիեննական մոդեռնի ոճով[7]։ Վիշապի կամուրջը եվրոպական առաջին երկաթբետոնե կամուրջներից մեկն է, շինարարության ավարտի պահին կամրջի կամարը Եվրոպայում եղել է մեծությամբ երրորդ[8]։ Լինելով Լյուբլյանայի վերակառուցման ծավալուն ծրագրի մի մասը՝ այն կոչվել է «կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի հոբելյանական կամուրջ» և նվիրված է Ավստրո-Հունգարիայի միապետի կառավարման 40-ամյակին[9]։ Սակայն պաշտոնական անվանումը ժողովրդականություն չի վայելել, այն հայտնի է դարձել որպես Վիշապի կամուրջ՝ կամրջի երկու կողմերում տեղադրված պատվանդանների վրա վիշապների չորս բրոնզե արձանների շնորհիվ։
Արդեն հռոմեացիների ժամանակ Լյուբլյանայի (այն ժամանակ՝ Հռոմեական գաղութ Էմոն) խորհրդանիշն է եղել արծվառյուծը, որը պատկերված է եղել մասնավորապես տեղական մետաղադրամների վրա։ 13-րդ դարում քաղաքային կնիքի վրա պատկերված է եղել թևավոր առյուծ։ Մինչև 15-րդ դարն այն արդեն վերածվել է կանաչ վիշապի, որը թևերը տարածել է ամրոցի վրա։ Մինչ օրս կանաչ վիշապը (արդեն եռահարկ սպիտակ աշտարակի վրա կանգնած) պատկերված է Լյուբլյանայի զինանշանի վրա[10]։ Վիշապի մասին հնագույն ավանդությունը սկիզբ է առնում իլլիրացիներից։ Նրա կերպարը կապվում է արգոնավորդների հետ, որոնք ոսկե գեղմը ձեռք բերելուց հետո Կողքիսից տուն էին վերադառնում Դանուբ գետով և նրա վտակներով։ Հենց այստեղ՝ Լյուբլյանիցայի ափին, Յասոնը՝ արգոնավորդների առաջնորդը, ըստ լեգենդի, հաղթել է թևավոր օձին և ազատագրել տեղացիներին հավերժական վախից[11]։
Գոյություն ունի նաև ավելի նոր լեգենդ՝ կապված կամուրջը պաշտպանող վիշապների հետ. ըստ դրա՝ երբ կամրջով անցնում է կույս աղջիկ, վիշապները սկսում են թափահարել իրենց պոչը[12][13][14][15]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիշապների կամուրջ կատեգորիայում։ |