Վլադիմիր Հարությունյան վրաց.՝ ვლადიმირ ვლადიმერის ძე არუთიუნიანი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ահաբեկիչ |
Վլադիմիր Վլադիմիրի Հարությունյան վրաց.՝ ვლადიმირ ვლადიმერის ძე არუთიუნიანი, (մարտի 12, 1978, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի Վրաստանի քաղաքացի, որը հայտնի է նրանով, որ 2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նռնակ է նետել այն տրիբունայի ուղղությամբ, որտեղ գտնվում են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նռնակը եղել է մարտական վիճակում։
Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1978 թվականի մարտի 12-ին Խորհրդային Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Հարությունյանը վաղ հասակում կորցրել է հորը և ապրել մոր հետ, որը տեղական փողոցային շուկայում եղել է կրպակատեր։ Նրանք ապրել են Թբիլիսիի ամենաաղքատ արվարձաններից մեկում։
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա չի ունեցել հաստատուն զբաղմունք[1]։ 2004 թվականի հունվարին նա միացել է Ասլան Աբաշիձեի գլխավորած «Դեմոկրատական միություն հանուն վերածննդի» կուսակցությանը, սակայն շուտով լքել է կազմակերպության շարքերը[2]։
2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նա ԽՍՀՄ արտադրության ՌԳԴ-5 նռնակը նետել է այն ամբիոնի ուղղությամբ, որտեղ գտնվել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։ Նռնակը եղել է մարտական վիճակում, սակայն այն չի պայթել։
Հուլիսի 20-ին Վլադիմիր Հարությունյանը ձերբակալվել էր Թբիլիսիի Վաշլիջվարի թաղամասում գտնվող իր տան մոտ իրականացված հատուկ գործողության ժամանակ։ Ձերբակալության ժամանակ նա զինված դիմադրություն է ցույց տվել, ինչի արդյունքում նա սպանել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության վարչության պետին։ Նրա տան նկուղում հայտնաբերվել են թունավոր ու պայթուցիկ նյութեր։ Բժիշկները նրան մեղսունակ են ճանաչել՝ նշելով, որ ահաբեկիչը տառապում է Մանիակային համախտանիշով։ Հաջորդ օրը Հարությունյանը խոստովանել է մահափորձը և հայտարարել, որ պատրաստ է կրկնել ԱՄՆ նախագահի դեմ իրականացված ահաբեկչության փորձը, եթե հնարավորություն ունենա[3]։
2005 թվականի դեկտեմբերի 5-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ահաբեկչություն, սպանության փորձ, Վրաստանի քաղաքական անձի վրա հարձակում, միջազգային պաշտպանության տակ գտնվող անձի վրա հարձակում, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել, պահել, օգտագործել։ 2006 թվականի հունվարի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչին մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 8 հոդվածներով և դատապարտել է ցմահ ազատազրկման[4]։
2010 թվականին հայտնի դարձավ, որ Հարությունյանն ընդունել է իսլամ։
|