Վլադիմիր Պետրով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1907[1] |
Ծննդավայր | Larikha, Ishimsky Uyezd, Տոբոլսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 14, 1991[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ավստրալիա |
Մասնագիտություն | դիվանագետ և հետախույզ |
Vladimir Petrov (diplomat) Վիքիպահեստում |
Վլադիմիր Պետրով (իսկական անունը՝ Վլադիմիր Պրոլետարսկի, ծնունդով՝ Աֆանասի Շորոխով, ավստրալիական անձնագրով՝ Սվեն Էլիսոն փետրվարի 15, 1907[1], Larikha, Ishimsky Uyezd, Տոբոլսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 14, 1991[1], Մելբուռն, Ավստրալիա), խորհրդային դիվանագետ և հետախույզ, չվերադարձած (ռուս.՝ невозвращенец, հասարակության մեջ տարածված անվանում՝ սոցիալիստական ճամբարի երկրների քաղաքացիների, ինչպես նաև Ռուսական կայսրության կամ այլ պետությունների սուբյեկտների համար, ովքեր տարբեր պատճառներով հրաժարվել են երկիր վերադառնալ օրինական արտասահմանյան ուղևորություններից կամ գործուղումներից)։
Աֆանասի Միխայլովիչ Շորոխովը ծնվել է Տոբոլսկի նահանգի Լարիխա գյուղում, գյուղացիական ընտանիքում։ 1923 թվականին անդամագրվել է Կոմսոմոլին, իսկ 1929 թվականին փոխել է իր անունը՝ դառնալով Վլադիմիր Պրոլետարսկի։
Պետրովը ծառայել է Բալթյան նավատորմում՝ որպես կրիպտոգրաֆ։
1933 թվականից Միացյալ պետական քաղաքական վարչության (ОГПУ) աշխատակից, աշխատել է արտաքին բաժնում Գլեբ Բոկիի ղեկավարությամբ: 1938–1939 թվականներին ծառայել է Չինաստանում՝ որպես գաղտնագրման բաժնի ղեկավար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1938):
Մինչ Շվեդիա տեղափոխվելը նա փոխել է անունը՝ դառնալով Վլադիմիր Պետրով։ 1942 թվականին նրան կնոջ՝ Եվդոկիա Պետրովայի (Կարցևա) հետ գործուղել են Շվեդիա, որտեղ երկուսն էլ Ստոկհոլմում աշխատում էին որպես գաղտնագրող՝ խորհրդային դեսպանատանը մեկ այլ հայտնի ամուսնական զույգի՝ Բորիս Ռիբկինի և Զոյա Վոսկրեսենսկայայի ղեկավարությամբ։
1951 թվականին ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղարի պաշտոնյայի քողի տակ, որպես խորհրդային հետախուզության ռեզիդենտ, ուղարկվել է Ավստրալիա։ Օլեգ Գորդիևսկին պնդում էր, որ Պետրովին Ավստրալիա է ուղարկել անձամբ Բերիան[2]։
1954 թվականին Ավստրալիայում երեք տարի աշխատելուց հետո Պետրովը, շփվելով ռուսախոս էմիգրանտ Միքայել Բիալոգուրսկու հետ, քաղաքական ապաստան է խնդրել՝ առանց կնոջը տեղյակ պահելու։ 10 օր անց Պետրովը ապաստան է ստացել։ Ավելի ուշ ապաստան է ստացել նաև նրա կինը՝ Եվդոկիա Պետրովան, որը նույնպես Ավստրալիայի խորհրդային կայանի գաղտնագրող-սպա էր։
1953-1954 թվականներին, Բերիայի ձերբակալությունից և մահապատժից հետո, սկսվեց օտարերկրյա կայանների «մաքրումը» Բերիայի անձնակազմից: Վախենալով ԽՍՀՄ հետ կանչվելու և այնտեղ բռնաճնշումների ենթարկվելու հավանականությունից՝ Պետրովը 1954 թվականին սեփական նախաձեռնությամբ կապի մեջ մտավ Ավստրալիայի հետախուզական ծառայությունների (ASIO) հետ և քաղաքական ապաստան խնդրեց Ավստրալիայում։ Պետրովը ապաստան է խնդրել միայնակ՝ առանց կնոջ՝ Եվդոկիա Պետրովայի, ով այդ ժամանակ գտնվում էր այլ քաղաքում։ ՊԱԿ-ի երկու սպա նրան բռնի ուժով բերել են Կանբերայի օդանավակայան և, հակառակ իր կամքին, լրագրողների ու ֆոտոլրագրողների ներկայությամբ քարշ տվել դեպի ԽՍՀՄ մեկնող ինքնաթիռը։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Դարվինի օդանավակայանում՝ վառելիք լիցքավորելու նպատակով: Ավստրալիայի վարչապետ Սըր Ռոբերտ Մենզիսի հրամանով գործին միջամտել է ավստրալիական ոստիկանությունը։ Դարվինի ոստիկանները մտել են ինքնաթիռ և հրազենի տեղափոխումն արգելելու պատրվակով, զինաթափել խորհրդային երկու «դիվանագիտական սուրհանդակների» և ազատ արձակել Եվդոկիա Պետրովային։ Որից հետո նա կարողացել է միանալ ամուսնուն։ Պետրովն իր հետ վերցրել է մի շարք փաստաթղթեր, որոնք բացահայտում էին Ավստրալիայում խորհրդային հետախուզության գործողությունները, որոնք քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովի կողմից, սակայն ավստրալացիները չեն գաղտնազերծել: Պետրովը նաև բազմաթիվ տվյալներ է փոխանցել Շվեդիայում և Ֆինլանդիայում խորհրդային ռեզիդենտների աշխատանքի մասին։ Նրա ցուցմունքների շնորհիվ բրիտանական հակահետախուզությունը կարողացել է պարզել «Քեմբրիջյան հնգյակի» երրորդ անդամի` Քիմ Ֆիլբիի ինքնությունը, այն բանից հետո, երբ առաջին երկուսը` Բյորջեսը և Մաքլեյնը, փախան ԽՍՀՄ 1951 թվականին:
1954 թվականի ամռանը Յան Ֆլեմինգը մեկնել է Ավստրալիա Պետրովից հարցազրույց վերցնելու համար։ Բայց բրիտանական հետախուզության ղեկավարությունն արգելել է հրապարակել ամբողջական տարբերակը, իսկ Sunday Times-ը հրապարակել է մի հատված, որտեղ խորհրդային հետախուզության աշխատակիցը խոսում է ֆուտբոլի հանդեպ իր կրքի մասին: Հրապարակման արգելքը դրդել է Ֆլեմինգին ստեղծել «Ռուսաստանից սիրով» վեպը[3]։
1956 թվականին Պետրովն ստացել է Ավստրալիայի քաղաքացիություն։ Հրատարակվել է Պետրովների հուշերի գիրքը՝ «Վախի կայսրությունը», որը գրել է ASIO-ի սպա Մայքլ Թուեյթսը՝ հիմնված նրանց պատմվածքների վրա։ Մինչև կյանքի վերջը Պետրովներն ապրում էին Ավստրալիայում՝ ավստրալական հետախուզական ծառայությունների պաշտպանության ներքո՝ Էլլիսոն ամուսինների անուններով, գրեթե առանց լրագրողների հետ շփվելու։ 1970-ական թվականների կեսերին Պետրովը մի շարք կաթվածներ է տարել և իր կյանքի վերջին 17 տարին անցկացրել ծերանոցում՝ հաշմանդամի սայլակին գամված։ Մահացել է 1991 թվականին Մելբուռնում։ Եվդոկիա Պետրովան ամուսնու մահից հետո ապրել է ևս 11 տարի և մահացել 2002 թվականին։
Խորհրդային արտաքին հակահետախուզությունը ծրագրել է առևանգել Պետրովին և տանել ԽՍՀՄ ցուցադրական դատավարություն անցկացնելու նպատակով[4]։
Պետրովի կյանքն ու գործունեությունը գեղարվեստական ստեղծագործությունների թեմա է դարձել:
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պետրով (դիվանագետ)» հոդվածին։ |
|