Տադեուշ Բոյ-Ժելենսկի լեհ.՝ Tadeusz Boy-Żeleński | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Tadeusz Kamil Marcjan Żeleński |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1874[1][2][3] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հուլիսի 4, 1941 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, բժիշկ և մանկաբույժ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Կրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School? |
Անդամակցություն | Լեհաստանի գրականության ակադեմիա և Լեհական Պեն ակումբ |
Աշխատավայր | Լվովի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Zofia Żeleńska? |
Tadeusz Boy-Żeleński Վիքիպահեստում |
Տադեուշ Բոյ-Ժելենսկի (այս տարբերակն ի հայտ է եկել ժամանակակից աղբյուրներում, անգլ.՝ Tadeusz Kamil Marcjan Żeleński, Tadeusz Boy-Żeleński, դեկտեմբերի 21, 1874[1][2][3], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 4, 1941, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), լեհ թատերական քննադատ, ֆրանսիական գրականության թարգմանիչ, գրականագետ, կրթությամբ բժիշկ։
Ծնվել է 1874 թվականին Վարշավայում։ Հայրը եղել է կոմպոզիտոր Վլադիսլավ Ժելենսկին։ Տադեուշ Ժելենսկին միացել է կրակովյան երիտասարդ հեղինակներին ու նկարիչների և նրանց հետ 1906 թվականին «Յամա Միխալիկա» սրճարանում հիմնել «Կանաչ գնդակ» կաբարեն` դառնալով սատիրական տեքստերի հեղինակ, որոնք հետագայում տպագրվել են «Բառեր» (լեհ.՝ Słówka) վերնագրով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է երկաթուղային բժիշկ։ 1919 թվականից գրել է թատերական քննադատություն-վերլուծություններ նախ կրակովյան «Ժամ», ապա վարշավյան «Կուրիեր» թերթում։ 1922 թվականին Կրակովից տեղափոխվել է Վարշավա։
Ֆրանսերենից լեհերեն է թարգմանել բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց թվում են Մոլիերի, Ռասինի, Մարիվոյի պիեսները, Ֆրանսուա Վիյոնի, Վոլտերի, Բլեզ Պասկալի, Մոնտեսքյոյի, Շոդերլո դը Լակլոյի, Բրանտոմի, Դենի Դիդրոյի, Միշել Մոնտենի, Ժան-Ժակ Ռուսոյի, Օնորե դը Բալզակի, Մարսել Պրուստի ստեղծագործությունները։ Ստեղծել է մոտ հարյուրհատորանոց գրադարան, որոնք բաղկացած են ֆրանսիական դասականների թարգմանություններից։
«Գրական լուրեր» (լեհ.՝ Wiadomości Literackie) շաբաթաթերթում գրել է քաղաքական հոդվածներ։ Գրել է ֆելիետոնների շարքեր` «Մեր զավթիչները», «Կանանց դժոխք» և «Կոնսիստորիայի կույսեր», զբաղվել է կաթոլիկ եկեղեցու`լեհական հասարակության վրա ունեցած մեծ ազդեցության վերլուծությամբ։ Լեհաստանի գրականության ակադեմիայի անդամ է եղել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո` 1939 թվականի սեպտեմբերին, Վարշավայից տեղափոխվել է Լվով և խորհրդային իշխանությունների ներկայացմամբ նույն թվականի հոկտեմբերին նշանակվել է Լվովի համալսարանի ֆրանսիական գրականության պատմության ամբիոնի վարիչ։ «Nowe Widnokręgi» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է եղել, հոդվածներ է հրատարակել «Czerwony Sztandar» թերթում։ 1939 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրել է լեհ գրողների դիմումը, որը ողջունում էր Արևմտյան Ուկրաինայի միավորումը Ուկրաինայի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը։ 1940 թվականի հունվարին 15 այլ հեղինակների հետ սկսել է աշխատել լեհական գրականության եռահատոր դասագրքի շուրջ։
Երբ քաղաքը գրավել են հիտլերյան զորքերը, 1941 թվականի հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տադեուշ Բոյ-Ժելենսկին թերապևտ Յան Գրեկի և նրա կնոջ հետ Կառլ Շյոնգարտի ղեկավարությամբ ձերբակալվել է Լվովի լեհ մտավորականությանը վերացնելու ծրագրի շրջանակներում և հենց նույն գիշերն էլ գնդակահարվել։ Գերեզմանատեղին հայտնի չէ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադեուշ Բոյ-Ժելենսկի» հոդվածին։ |
|