Տասսեոգրաֆիա, գուշակություն կամ գուշակության մեթոդ, մեկնաբանում է թեյի տերևների, սուրճի մրուրի կամ գինու նստվածքների նախշերը:
Տերմինը բխում է ֆրանսերեն tasse (բաժակ) բառից և հունարեն -graph (գրում) վերջածանցից։
Տասսեոգրաֆիան հետևում էր թեյի և սուրճի առևտրային ուղիներին և կիրառվում էր ինչպես բալթյան, այնպես էլ սլավոնական ազգերի կողմից: Այն սերտորեն կապված էր գնչուների հետ, որոնց քոչվորական ապրելակերպը նպաստում էր պրակտիկայի տարածմանը: Թեև թեյի տերևների ընթերցանությունը ծագել էր Չինաստանում (թեյի ստեղծումից անմիջապես հետո), այն կիրառվում էր տարբեր տարածաշրջաններում աննշան փոփոխություններով: Նշվում է, որ գուշակության այս ձևը բանավոր ավանդույթ էր: Տասսեոգրաֆիան չէր համարվում փակ մշակութային պրակտիկա, սակայն հաճախ «ավանդական» էր համարվում գնչու երեցներից թույլտվություն խնդրելը որպես հարգանքի նշան[1]։
Արևմտյան տասսեոգրաֆիան կարելի է կապել միջնադարյան եվրոպացի գուշակների հետ, ովքեր իրենց ընթերցումները կատարում էին մոմ և այլ հալած նյութեր շաղելու միջոցով[2]։ Նրանք կապ ունեին Ասիայում շատ նմանատիպ և հաստատված ծեսերի հետ, ինչպիսիք են օրինակ պագտատավաները (անգլ.՝ pagtatawas)[3]։
Արաբական սուրճը սուրճի մշակույթ էր, որը հետագայում Եմենից տարածվում էր մնացած Մերձավոր Արևելքում, Օսմանյան կայսրությունում և Բալկաններում, այնուհետև աշխարհի շատ մասերում: Սուրճը սկիզբ էր առել արաբական աշխարհում և Արևմտյան Ասիայում: Ըստ տարբեր աղբյուրների՝ սուրճի մրուրով գուշակությունն առաջին անգամ հայտնվել էր Օսմանյան պալատներում 1500-ական թվականներին։ Երբ օսմանյան կայսրության հարեմի հարճերը ձանձրանում էին՝ սուրճ էին խմում և միմյանց գուշակություններ անում՝ զրուցելու և բամբասելու նպատակով[4]։
Ջ. Գորդոն Մելթոնի կողմից խմբագրված «Օկուլտիզմի և պարահոգեբանության հանրագիտարան»–ի 5–րդ հրատարակության 2–րդ հատորում նշվում է՝
Մեկ բաժակ թեյը լցնելուց հետո, առանց թեյի քամիչ օգտագործելու, թեյը պետք է խմել կամ թափել: Այնուհետև բաժակը պետք է լավ թափահարել և մնացած հեղուկը քամել ափսեի մեջ: Գուշակողը նայում է բաժակի մեջ թեյի տերևների նախշերին և թույլ է տալիս երևակայությանը խաղալ: Այս ձևերն այնուհետև մեկնաբանվում են ինտուիտիվ կամ խորհրդանիշների բավականին ստանդարտ համակարգի միջոցով, ինչպիսիք են օրինակ՝ օձ (թշնամություն կամ կեղծիք) կամ տուն ( փոփոխություն, հաջողություն):
Մելթոնի նկարագրած թեյը թափելու և բաժակը թափահարելու մեթոդը հազվադեպ է հանդիպում, գուշակների մեծ մասը մարդկանց խնդրում են խմել թեյը, ապա պտտել բաժակը:
Ինչ վերաբերում է տերևների մեկնաբանությանը, Ջեյմս Ռենդիի խոսքերով՝ «ներքևում գտնվող տերևները ցույց են տալիս հեռավոր ապագան, իսկ եզրերի վրա գտնվողները՝ անմիջական ապագան: Թեյի տերևների ցողունները ներկայացնում են մարդկանց: Հաստ ցողունները, օրինակ, գեր մարդիկ են»[5]։
Սուրճի մրուրով գուշակությունները (արաբ․՝ قراءة الفنجان; պարս.՝ فال قهوه; թուրքերեն՝ kahve falı; հուն․՝ καφεμαντεία; սերբ.՝ гледање у шољу) ավանդաբար կատարվում են արաբական կամ թուրքական սուրճի միջոցով, քանի որ դրանք առաջացնում են շատ հաստ նստվածք: Բաժակի սուրճը սպառվում է, իսկ նստվածքը թողնում են նստելու։
Սուրճի ընթերցանության մի քանի տարբերակներ կան: Նրանք սովորաբար պահանջում են, որ բաժակը ծածկվի բաժակապնակով և գլխիվայր շրջվի: Թուրքական ավանդույթի համաձայն՝ սուրճ ընթերցողները հաճախ մեկնաբանում են բաժակը հորիզոնական բաժանված՝ ներքևի կեսին հայտնված խորհրդանիշները մեկնաբանվում են որպես անցյալի վերաբերյալ հաղորդագրություններ, իսկ վերին մասի խորհրդանիշները՝ ապագայի վերաբերյալ հաղորդագրություններ: Բաժակը կարող է նաև մեկնաբանվել ուղղահայաց՝ որոշելու «այո» կամ «ոչ» պատասխանները, ինչպես նաև խորհրդանիշներով ներկայացված իրադարձությունների ընդհանուր արդյունքը: Օրինակ, որոշ գուշակներ կարող են բաժակի ձախ կեսի խորհրդանիշները համարել բացասական իրադարձություններ կամ արդյունքներ, իսկ աջ կեսի խորհրդանիշները՝ դրական: Այլ ընթերցողներ հավատարիմ են այն համոզմունքին, որ բաժակը կարող է բացահայտել անցյալի մասին պատկերացումները, բայց այն չի կարող կանխատեսել ապագայի իրադարձություններ քառասուն օրից հետո[6]։
Երբ մի բաժակ թեյ կամ սուրճ են խմում, հաճախ նստվածք է մնում:
Հայտնի է, որ այդ նստվածքը ձևավորում է նախշեր կամ խորհրդանիշներ՝ թողնելով «կատարյալ կտավ» մեկնաբանության համար: Բաժակում պատկերների հայտնվելու բազմաթիվ հավանականություններ կան[7]։ Ձևավորված պատկերները յուրովի են դիտվում ընթերցողի կողմից, ուստի հաճախ ասում են, որ բաժակի ընթերցանության միակ սահմանափակումը հենց ընթերցողի երևակայությունն է[8]։
Խորհրդանիշներ կարող են լինել շատ տարբեր բաներ՝ ֆիզիկական առարկաներ կամ վերացական հասկացություններ: Հաճախ ընթերցողը սիմվոլները միասին է մեկնաբանում կանխատեսման համար, ընդունելով դրանց անհատական նշանակությունները[7]։
Խորհրդանիշների մեկնաբանությունը կարելի է վերցնել պատմությունից, վիճակագրությունից, փոփ մշակույթի հղումներից և հաճախ բնությունից կամ աշխարհի հետ մեր փոխազդեցությունից[1]։ Կան շատ դասական պատկերների մեկնաբանություններ, որոնք մշակվել են Մեծ Բրիտանիայում 1800-ականների վերջին, քանի որ տասսեոգրաֆիան հանրաճանաչություն է ձեռք բերել որպես սեղանի խաղ[7]։