Տարօրինակ միսիս Սևիջը

Տարօրինակ միսիս Սևիջը
Գալյա Նովենցը միսիս Սևիջի դերում
( 2012 հունիս)
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՋոն Պատրիկ
Երկիր ԱՄՆ
Առաջին
ներկայացման վայր
Al Hirschfeld Theatre?

Տարօրինակ միսիս Սևիջը (անգլ.՝ The Curious Savage), Ջոն Պատրիկի կատակերգական պիես Էթել Պ. Սևիջի մասին, մի տարեց կնոջ, որի ամուսինը վերջերս մահացել է և նրան թողել մոտ տասը միլիոն դոլար: Հոգեկան հիվանդների բարությունն ու հավատարմությունը հակադրելով «պատկառելի» հասարակական գործիչների ագահությանը և ունայնությանը՝ նա կասկածի տակ է դնում ընդհանուր ընդունված ողջամտության սահմանումները և ծաղրում հռչակավոր մարդկանց մշակույթը[1]:

Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1950 թվականի հոկտեմբերի 24-ին, Նյու Յորքում, Մարտին Բեկի թատրոնում (Բրոդվեյ), Թատերական գիլդիայի և Lewis & Young ընկերության կողմից: Էթելի դերում հանդես է եկել Լիլիան Գիշը, բեմադրության ռեժիսորը` Փիթեր Գլենվիլը[2]:

«Տարօրինակ միսիս Սևիջը» պիեսը թարգմանվել է հայերեն 1978 թվականին[3], բեմադրվել է Հայաստանի բեմերում` հայ երկու դերասանուհիների՝ Վարդուհի Վարդերեսյանի և Գալյա Նովենցի գլխավոր դերակատարությամբ:

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումը բացվում է առողջարանի հինգ բնակիչներով, ովքեր սպասում են նոր բնակչին: «Խաղաղ մենաստան» (The Cloisters-Քլոյսթերսը) կոչվող կլինիկայի ներկայիս բնակիչները գրեթե նորմալ են՝ բացառությամբ մի փոքրիկ շեղումների: Ֆերի Մեյը (պարզ աղջիկ, ով դժվարությամբ է տարբերում ֆանտազիան ճշմարտությունից) իրեն համարում է անսահման գեղեցկիկ: Ջեֆրին (համերգային երաժիշտ և ռազմական վետերան) կարծում է, որ պատերազմի ժամանակ ավիավթարից փրկվել է, բայց սարսափելի սպիեր ունի դեմքին, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մյուսները սպանվել են առանց քերծվածքի: Ֆլորենսը սիրում է իր տիկնիկին այնպես, կարծես դա իր 5-ամյա կենդանի որդին է (ով մահացել է մանկության տարիներին): Հաննիբալը (վիճակագիր, ով կորցրել է բանականությունը, երբ փոխարինվել է էլեկտրոնային հաշվիչով և կորցրել է աշխատանքը) իրեն համարում է ջութակահար, թեև ջութակ նվագել չի կարող։ Միսիս Պեդին, ում ամուսինը տարիներ առաջ ասել էր, որ «լռի», դրանից հետո հազվադեպ է խոսում, բացառությամբ իրեն ատելի բաների երկարատև ցուցակները թվելով (ներառյալ էլեկտրաէներգիան, որից նա հրաժարվել է Մեծ Պահքի համար): Նա կարծում է, որ ինքը մեծ նկարիչ է, թեև նրա նկարչական ոճը պարզունակ է:

Շուտով ներս են մտնում միսիս Սևիջը (միլիոնատիրոջ այրին) և նրա խորթ զավակները, իսկ հինգ բնակիչները գաղտնալսում են դրսի միջանցքից։ Էթելի երեք խորթ զավակները՝ Տիտոսը (ԱՄՆ սենատոր), Լիլի Բելլը (ինքն իրեն հռչակել է համեստաբարո, պարզամիտ) և Սեմուելը (դատավոր) շոկի մեջ են, երբ իմացել են, որ իրենց խորթ մայրն իր փողերով հուշահամալիր է ստեղծել՝ օգնելու համար, որ սովորական մարդիկ հասնեն իրենց երազանքներին: Իր «էքսցենտրիկ» վարքագծի հիման վրա (ինչպիսիք են՝ դերասանությամբ զբաղվելը և իր ստեղծած «Երջանկության ֆոնդ» հիմնադրամի նպատակները) նրան խելքը թռցրած ներկայացնելով ուղարկել են «Խաղաղ մենաստան», որպեսզի կարողանան գումարը վերցնել նրանից:

Երբ Էթելի երեք խորթ զավակները հեռանում են, հինգ բանտարկյալները ներկայանում են միսիս Սևիջին։ Միսիս Սևիջը նրանց պատմում է թատրոնում խաղալու իր համարձակ արարքի մասին, նախքան նրանք բոլորը կգնան հանգստի: Այնուհետև նա միսս Վիլլիին` իր բուժքրոջը և բժիշկ Էմմեթին` իր բժշկին հայտնում է, որ թաքցրել է այն գումարը, որը նրա խորթ երեխաները փորձում են խլել իրանից:

Երկրորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաղաղ մենաստանի» բնակիչները Էթելին հարցնում են խորթ զավակների մասին։ Նա բացահայտում է իր տհաճ «ընտանիքի» տխուր պատմությունը: Գալիս են խորթ զավակները՝ փորձելով պարզել Սևիջի հարստության գտնվելու վայրը: Նա խաբում է նրանցից յուրաքանչյուրին` կեղծ հուշումներ տալով հարստության տեղի մասին, և նրանցից յուրաքանչյուրին ուղարկում է վայրի և խելացնոր փնտրտուքի (wild goose, անհույս հետապմդում, ժամանակի վատնում), որտեղ նրանք ի վերջո իրենք իրենց նվաստացուցիչ վիճակների մեջ են դնում: Նրանք վերադառնում են և համոզում Էթելին բացահայտել, թե որտեղ է թաքցրել կարողությունը, որը կես միլիոն դոլարի պարտատոմսերի (negotiable bonds) տեսքով է։ Նրանք գտնվում են արջուկի մեջ, որը նա բերել էր իր հետ: Միսիս Սևիջը պատրաստվում է նրանց հանձնել, միայն թե միսիս Պեդին հանգցնի լույսերը։ Սենյակում խավար է և քաոս: Երբ լույսերը նորից վառվում են, փողն անհետանում է:

Երրորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմը սկսում է փնտրել միսիս Պեդիին և պարտատոմսերով թղթապանակը։ Մեծ ջանքերից հետո միսիս Պեդին գտնվում է, բայց նրա մոտ չեն պարտատոմսերը: Բժիշկ Էմմեթը խնդրում է, որ միսս Վիլլիին փնտրի Ֆեյրի Մեյին: Երբ Ֆեյրին խուզարկվելուց հետո վերադառնում է, նա բացականչում է, որ միսիս Պեդիի լոգարանում, վերևում հրդեհ է բռնկվել: Նրան ոչ ոք չի հավատում, և նրանք բոլորը շարունակում են վիճել: Ջեֆրին և Ֆլորենսը երկուսն էլ կեղծ խոստովանություն են անում, թե իրենք են վերցրել են թղթապանակը` փորձելով պաշտպանել նրան, ում կարծում են, որ մեղավոր է:

Այնուհետև Հաննիբալն ասում է բժիշկ Էմմեթին, որ ինքը գիտի, որ մի կին է վերցրել փաթեթը, քանի որ անջատման ժամանակ նրան հրել է օծանելիքով օծված կինը: Նա զգում է Լիլի Բելլի հոտը, բայց ոչ նրա օծանելիքը: Նա ծխի հոտ է առնում նրանից, և միսիս Վիլլիին ներս է բերում այրված թղթապանակը։ Քույրերն ու եղբայրները հեռանում են հիասթափված:

Բժիշկը Էթելին ասում է, որ եթե ցանկանում է, կարող է հեռանալ առողջարանից: Էթելի նոր ընկերներից յուրաքանչյուրը հրաժեշտի նվեր է տալիս նրան: Միսս Վիլլիին բացահայտում է, որ ինքը Ջեֆրիի կինն է և աշխատում է «Խաղաղ մենաստանում» այն հույսով, որ ամուսինը մի օր կհիշի իրեն: Նա նաև բացահայտում է, որ հենց ինքն է վերցրել պարտատոմսերը և պարզապես ձևացրել է, թե այրում է դրանք։ Էթելը, ստանալով պարտարոմսերը հեռանում է «Խաղաղ մենաստանից»՝ իր հինգ նոր ընկերներին երջանիկ և բավարարված պատկերացնելով: Ջեֆրին դաշնամուր է նվագում անթերի: Հաննիբալը ջութակի վրա կատարյալ է: Միսիս Պեդին գլուխգործոց է նկարել: Ֆլորենսը իսկական կենդանի երեխայի հետ է։ Ֆեյրի Մեյը գեղեցիկ է:

Կատակերգական այս պիեսի հիմնական թեման հիվանդների և միսիս Սևիջի խորթ երեխաների միջև հակադրությունն է: Պիեսի վերջում հանդիսատեսը մտածում է, թե ովքեր են իրական խենթերը[4]։

Դրամատուրգ Ջոն Պատրիկը իր պիեսի առաջաբանում ասում է, որ «Տարօրինակ միսիս Սևիջը» պիեսում կարևոր է, որ «Խաղաղ մենաստանի» հնազանդ բանտարկյալները խաղացվեն ջերմությամբ և արժանապատվությամբ:

Այս կատակերգությունը կենդանություն կստանա միայն այն դեպքում, եթե ընթերցողը կամ դերասանը կարողանան խորապես թափանցել հեղինակի մտահղացման մեջ: Ամեն կարգի չափազանցություններն այնտեղ, որտեղ դրանց կարիքը չկա, կխախտեն պիեսի ամբողջականությունն ու իմաստը և վատ ճաշակ կհաղորդեն: Կարևոր է, որ սիրով ու հարգանքով ներկայացվեն «Խաղաղ մենաստանում» բնակվող համակրելի հիվանդները:
Նրանց «տունը» գժանոց չէ: Եվ այդ հաճելի մարդիկ էլ խելագար չեն: Այս կերպարների մեկնաբանման ամենափոքր չափազանցումը կզրկին նրանց հմայքից ու կաղավաղի ողջ իմաստը: Կատակերգության իմաստն է՝ այդ մարդկանց հակադրել միսիս Սևիջի զավակներին և դրսի խելահեղ աշխարհին: Այս ելակետից շեղումը՝ հանուն ծիծաղելի դրությունների, կաղավաղի կատակերգության իմաստը. ոչ հեղինակը, ոչ էլ դերակատարները չեն հասնի իրենց նպատակին[3]:
- Ջոն Պատրիկ

Ֆլորենս Ուիլյամս (20-40 տարեկան), «Խաղաղ մենաստանի» նրբագեղ «մայրը», նա կարծում է, որ ունի հինգ տարեկան որդի Ջոն Թոմաս անունով: Իրականում Ջոն Թոմասը տիկնիկ է: Միսիս Սևիջի՝ «Խաղաղ մենաստանում» գտնվելու ժամանակ Ֆլորենսը կարծում է, որ Ջոն Թոմասը հիվանդ է կարմրուկով:

Ֆեյրի Մեյը (մոտ 20 տարեկան), Ֆեյրին ահավոր ստախոս է, ով սևեռուն մղում ունի իմանալ, որ ուրիշներն իրեն սիրում են: Նա ամբողջ պիեսի ընթացքում թափթված գզգզված տեսք ունի, բայց կարծում է, որ ինքն ապշեցուցիչ գեղեցիկ է: Նա նույնպես շատ մանկամիտ է. իրեն պահում և խոսում է վեց տարեկան երեխայի տոնով։

Ջեֆրի (մոտ 20-30 տարեկան), մի անգամ ռազմական օդաչու Ջեֆը գնդակահարվել է պատերազմի ժամանակ՝ փրկվելով վթարից, որում սպանվել է ողջ անձնակազմը: Նա այժմ հավատում է, որ իր դեմքին սպի կա, որն անընդհատ թաքցնում է ուրիշներից։ Նա դաշնամուր է նվագում, բայց շատ է ամաչում նվագել այլ մարդկանց շրջապատում: Նա նաև ամուսնացած է միսս Ուիլիի հետ, բայց վթարի հետևանքով չի հիշում, որ ամուսնացած է։ Միսս Ուիլլին աշխատում է «Խաղաղ մենաստանում» այն հույսով, որ մի օր իր Ջեֆրին կհիշի իրեն:

Հաննիբալ (մոտ 20-40 թվական), որը ժամանակին վիճակագիր է եղել, բայց զրկվել է աշխատանքից. նրան փոխարինել են էլեկտրոնային հաշվիչով: Դրանից հետո նա վերցրել է ջութակը, և սխալմամբ կարծում է, որ կարող է գեղեցիկ նվագել: Նա բարի մարդ է, որի երբեմն սարկաստիկ գլխում հսկայական գիտելիք կա:

Միսիս Պեդի (մոտ 40-50 տարեկան), միսիս Պեդին նկարում է այնպես, ինչպես Հաննիբալը ջութակ է նվագում: Նա նկարում է միայն ծովային տեսարաններ, ինչը Հաննիբալին թվում է «տարօրինակ, չէ որ նա երբեք չի տեսել օվկիանոսը»: Մյուս հիվանդները պատմում են, որ միսիս Պեդին դադարել է խոսել, երբ ամուսինը նրան մի օր ասել է` «լռիր», և այդ ժամանակվանից նա չի խոսում։ Նա խոսում է միայն, երբ ցանկություն է ունենում թվարկել իրեն ատելի բաները: Նա ատում է «աշխարհում ամեն ինչ»: Նրա հիմնական տողերն այն պատահական բաների շարքն է, որոնք նա ատում է, որոնք իրար հետ կապված են միայն այբբենական կարգով: Նրա տիրադները (երկարաշունչ խոսքերը) անտեսվում են մյուս հերոսների կողմից: Նա հրաժարվել է էլեկտրականությունից Մեծ Պահքի համար և պիեսի ընթացքում մի քանի անգամ անջատում է բոլոր լույսերը՝ առաջացնելով խառնաշփոթ:

Տիտոս. միսիս Սևիջի ավագ խորթ որդին: Նրան այնքան սպառնալից նամակներ են ուղարկել, որ ֆինանսական միջնորդության ծառայությունների մատուցման մեջ մասնագիտացած Western Union ամերիկյան ընկերությունը նրան ընդգրկել է «շոշափելի արժույթ» ցանկում: Տիտոսը Կոնգրեսում ամենաքիչ ժողովրդականություն վայելող սենատորն է: Նա սթափ է, հումոր չունեցող, ուղղախոս: Տիտոսը նաև բռնկուն բնավորություն ունի, ինչն ամենից շատ արտահայտվում է խորթ մոր հետ գործ ունենալիս։

Լիլի Բելլ. խորթ երեխաներից միջնեկը` խորթ դուստր Լիլի Բելլը մեկ անգամ ամուսնացած է եղել սլովակ արքայազնի հետ և այդ ժամանակվանից հինգ անգամ նորից ամուսնացել է: Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ ժառանգորդուհի է, նա գոռոզ է, մոդայիկ և ինքնավստահ: Նա նաև շատ եսասեր է և անընդհատ ջանք է թափում, որպեսզի համոզվի, որ ուրիշները հարգում են իրեն: Երբ Լիլի Բելլն առաջին անգամ հանդիպել էր Էթելին, նա կծել էր խորթ մոր մատը և այն ժամանակից ի վեր նույնքան դաժան է:

Սեմուել. Էթելի խորթ երեխաներից ամենակրտսեր որդին: Սեմուելը հայտնի է որպես ԱՄՆ-ում ամենաշատ չեղարկված որոշումներով դատավոր: Նա իր եղբայրների և քույրերի ստվերի տակ է մնում, երբեմն-երբեմն անում է կոպիտ, կարճ մեկնաբանություններ, որը միայն անտեսվում է:

Տիկին Էթել Պ. Սևիջ. Պիեսի մեծ մասում հիշատակվում է որպես «Միսիս Սևիջ», նա սրամիտ, բարեսիրտ, կապուտաչյա կին է՝ մարդկության մասին հիասթափված հայացքով: Պիեսի իրադարձությունները կենտրոնացած են նրա և նրա որոշման շուրջ. նա ձգտում է թաքցնել իր հանգուցյալ ամուսնուց ժառանգած գումարը իր ագահ խորթ զավակներից և նվիրել նրանցից ավելի պակաս բախտավորներին կամ ուրիշների պատահական, բայց կյանքի կարևոր երազանքներն իրականացնել: Նա չի սիրում իր խորթ զավակներին, բայց սովորում է սիրել «Խաղաղ մենաստանի» բնակիչներին՝ ընդունելով նրանց սեփական իրողությունները և մոլորություններն այնպես ինչպես կան, ինչը չեն անում այդ հաստատությունից դուրս մյուսները:

Դոկտոր Էմմեթ. «Խաղաղ մենաստանի» այս թևի անձնակազմի բժիշկ: Դոկտոր Էմեթը բարի է, ջերմ սրտով, և նա քրտնաջան աշխատում է իր հիվանդներին օգնելու համար:

Միսս «Ուիլլի» Վիլհելմինա. Միսս Ուիլլին վարչական օգնական և բուժքույր է: Նա ամուսնացած է Ջեֆի հետ, բայց ձգտում է ձևացնել, որ ինքը չէ, քանի որ նա չի հիշում իրեն: Նա երբեմն Ջեֆին անվանում է իր ընտանի կենդանու անունով` «Բինգո»: Ջեֆի պատճառով է նա աշխատում այստեղ, բայց, այնուամենայնիվ, նա չափազանց բարի և հասկացող է «Խաղաղ մենաստանի» բոլոր բնակիչների նկատմամբ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. John Patrick. «The Curious Savage». www.dramatists.com. ISBN -13: 978-0-8222-0260-8. Վերցված է 2024-07-23-ին. {{cite web}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. The Curious Savage ibdb կայքում
  3. 3,0 3,1 Ջոն Պատրիկ, «Տարօրինակ միսիս Սևիջը», «Կուլտուր-լուսավորական աշխատանք» ամսագիր, 1978, թիվ 2 և 3 էջեր 36-49 (հայ.), թարգմ. Մ. Բերոյան
  4. «The Curious Savage: Audition Information». Theatre III (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-07-23-ին. Վերցված է 2024-07-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]