Գյուղ | |||
---|---|---|---|
Տեղեր | |||
Տեղերի վանական համալիր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ և Հայկական մարզ | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Այլ անվանումներ | Դգիր, Դըղըր, Դըղր,Դըղրի, Դիղիր, Դղեր,Դղըր, Դղըրի, Դղիր,Տեխեր | ||
ԲԾՄ | 1700 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 57[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378437 | ||
Փոստային դասիչ | 02106029 | ||
|
Տեղեր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։
Հայտնի է նաև Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դիղիր, Դղեր, Դղըր, Դղըրի, Դղիր, Տեխեր անուններով[3]։
Տեղեր գյուղը գտնվում է Արագած լեռան հարավային բարձրադիր լանջին՝ Տեղեր գետի աջ ափին, ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից հեռու է 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Տեղեր գյուղից հյուսիս, Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր է պահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով, բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր-Դղր։ Գյուղի տարածքում առկա են Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները, որի հարավարևմտյան պատի քարերից մեկի վրա հայերեն արձանագրությունը թվագրված է 7-րդ դար։ Հետևաբար, մինչ 7-րդ դարը արդեն Տեղերը հայկական գյուղ է եղել։ Ամբերդը նվաճվել է թուրք սելջուկների, ազատագրվել Զաքարյանների, հետո կրկին նվաճվել մոնղոլների, թուրքերի կողմից, ինչի հետևանքով Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև քրդերով։ Այդ մասին են վկայում գյուղի արևմտյան մասում քրդական գերեզմանոցը, գյուղի հարավարևմտյան մասում գոմերի և տեղանքների քրդերեն անվանումները (Բկո գեղ)։ Գյուղը հայերով վերաբնակեցվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո 1830-1831 թթ. Արևմտյան Հայաստանից գաղթածներով։20-րդ դարի սկզբին գյուղում բնակվում էր 42 հայ ընտանիք։ 1962 թ. Խորհրդային բռնատիրության կամայական որոշմամբ տեղերցիները տեղահանվել են և բնակեցվել Պռոշյան ավանում։ 1989 թ. Տեղեր գյուղը կրկին վերաբնակեցվել է։
Գյուղի կենտրոնական բարձրադիր վայրում է գտնվում Տեղերի վանքը։ Կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, իսկ ճարտարապետը եղել է Աղբայրիկ վարդպետը։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից և պաշտպանական աշտարակավոր պարսպից։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1213 թվականին մուգ մոխրագույն բազալտից։ Գավթի շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին։ Վանական համալիրը շրջապատված է բարձր աշտարակավոր պարիսպներով։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։ Վանքի տարածքում պահպանվել են խաչքարերի բեկորներ, որոնք ավելի հին են, քան եկեղեցին[5]։
Տեղերի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1922 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 364 | 459 | 506 | 408 | 367 | 655 | 554 | 90 | 57[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և երկրագործությամբ։
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001 թ.։
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2023: