Տիգրան Սուրիկի Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | քաղաքագիտության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով |
Tigran Torosyan Վիքիպահեստում |
Տիգրան Սուրիկի Թորոսյան (ապրիլի 14, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ։
1973-1978 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ՝ 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում։ Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ և 1978 թվականից աշխատանքի է անցել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա՝ առաջատար ինժեներ։ 1988-1995 թթ. աշխատել է որպես ենթաբաժնի պետ և առաջատար գիտաշխատող։ 1990 թ. պաշտպանել է թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հեղինակ է 10 գյուտերի և ավելի քան 30 գիտական աշխատանքների։
1995 թ. սկսել է զբաղվել քաղաքագիտական ուսումնասիրություններով։ Այս ոլորտում հեղինակ է չորս մենագրության («Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա», 2006 թ., «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում», 2008 թ.«Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ», 2008 թ., Conflict Resolution in the Framework of International Law։ Case of Nagorno Karabakh, 2010 թ.), չորս տասնյակից ավելի գիտական և երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և օտարերկրյա պարբերականներում և ժողովածուներում։ 2006 թ. պաշտպանել է թեզ և ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։
2008 թ. ընտրվել է Արցախի համալսարանի պատվավոր դոկտոր։
2010 թ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունը Գիտությունների ազգային ակադեմիայի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցույթում հաղթող է ճանաչվել «հասարակական գիտություններ» անվանակարգում։
1996-1998 թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.՝ Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր։ Հեղինակ է ավելի քան երկու հարյուր վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր պարբերականներում և ժողովածուներում։
1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձևավորել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։ 1999-2006 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, 2001-2003 թթ.՝ Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։
2003 թ. մայիսի 25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003 թ. հունիսի 12-ին՝ Ազգային ժողովի փոխնախագահ։ 2003 թվականից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։
2004 թ. ընտրվել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006 թ.՝ ԵԽԽՎ անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։
1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է, 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից՝ ՀՀԿ փոխնախագահ։
2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ։
2003-2006 թթ. եղել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, 2004-2007 թթ.՝ ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007 թթ.՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 2007 թ. հունիսի 7-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ[2]։ 2008 թ. սեպտեմբերի 26-ին հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
2008 թվականի սեպտեմբերի 16-ից՝ անկուսակցական[3][4]։
2006 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2007 թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Ամուսնացած է, ունի դուստր։
Նախորդող Յուրի Բախշյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյան 02 նոյեմբերի 1999 թ. - 01 հունիսի 2006 թ. |
Հաջորդող պաշտոնը թափուր էր մինչև 07.06.2007, Իշխան Զաքարյանը 2007 թվականի հունիսի 7-ից |
Նախորդող Արթուր Բաղդասարյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյան 01 հունիսի 2006 թ. - 26 սեպտեմբերի 2008 թ. |
Հաջորդող Հովիկ Աբրահամյան |
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Թորոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Թորոսյան» հոդվածին։ |
|