Տնտեսագիտական միտքը Հին Հռոմում

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում (754-753 թվականներ)։ Անվանումը ծագել է առաջին թագավոր` Հռոմուլոսի անունից։ Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր։ Հռոմեական համայնքի լիիրավ անդամներ էին համարվում պատրիկները և պլեբեյները։ Ավելի ուշ շրջանում հասարակությունը բաժանվեց արտոնյալ խավի՝ ծերակուտականների, հեծյալների, քաղաքային հողատերերի վերնախավի, որից զատ էին առևտրականները, արհեստավորները, մանր հողատերերը, հողի վարձակալները։ Հիմնական շահագործվող դասակարգը ստրուկներն էին։ Դասակարգային պայքարը, հասարակական-տնտեսական հարաբերությունների էվոլյուցիան ուղեկցվում էին քրիստոնեության տարածման շրջանով, որը քննադատների կողմից բնութագրվում էր որպես ստրուկների և թուլամորթների կրոն։
Մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին դարերում Հռոմն աշխարհակալ ստրկատիրական պետություն էր։ Հին Հռոմի պատմության այս շրջանը հայտնի է նաև դասական ստրկատիրական հարաբերությունների շրջան, որն էլ հետագայում ձևավորեց ֆեոդալական հարաբերությունների հենքը (3-5-րդ դարեր)։

Տնտեսագիտական մտքի ուղղվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 5-4-րդ դարերում Հին Հռոմի «տնտեսական զարգացման» անտիկ միտքն ուղղված էր հասարակական կայունացման հիմնախնդրին։ Միտումներ կային խստացնելու պարտային ստրկությունը, միևնույն ժամանակ սահմանափակելով հողային սեփականության իրավունքը։ Պարտապանի ազատությունը, կյանքը տնօրինողը պարտատերն էր։ Պարտային ստրկությունն արգելվեց 300-ական թվականներին։ Մ.թ.ա. 2-րդ - 1-ին դարերում Հռոմի տնտեսական հիմքը խոշոր ստրկատիրական գյուղատնտեսությունն էր։

Մարկոս Տուլիցիոս Ցիցերոն

Ձևավորված խոշոր հողատիրությունների շնորհիվ մանր արտադրությունն անցում կատարեց խոշոր ստրկատիրական տնտեսությունների։ Սա հիմք դարձավ լատիֆունդիաների ձևավորման համար, երբ առաջ քաշվեց կոլոնային հողօգտագործման գաղափարը տնտեսությունում։

Հին հռոմեական տնտեսագիտական միտքն ամփոփված էր փիլիսոփայական ուսումնասիրություններում, նաև՝ առակային բնույթի էպոսներում։ Հետագայում տնտեսագիտական միտքը բուռն զարգացում ապրեց փիլիսոփաների ակտիվ միջամտությամբ։ Հռոմեական փիլիսոփայությունը զարգացել էր հունական փիլիսոփայության ուղղակի ազդեցության ներքո, կրկնելով հիմնական գաղափարական սկզբունքները։ Հռոմեական պետության պաշտոնական կրոնն էր ստոիցիզմը։ Ուղղության հայտնի ներկայացուցիչներ են Լ. Աննեուս Սենեկան, կայսր Մարկուս Ավրելիուսը։ Փիլիսոփայական պրագմատիկ միտքը տարածող ակնառու ներկայացուցիչ էր Ցիցերոնը, ում քննադատական հայացքներում նույնիսկ ճշմարտության արժեքն էր որոշվում մտքի օգտակարությամբ։ Փիլիսոփա Էպիկուրի հայացքները դրականորեն էին ազդում փիլիսոփայական մտքի, նաև՝ տնտեսագիտական հստակ կողմնորոշումների ձևավորման վրա։ Աթեիստ Էպիկուրի գաղափարները նախանշում էին վարքագծային ավանդական հարմարվողականություն, որում թեև «օգտակարության» հանդեպ յուրօրինակ դրական կողմնորոշմանը, սակայն մինիմալ ծախսեր — մաքսիմալ շահ(ույթ) բանաձևված մոտեցումը զերծ էր որպես վարքագծային տարր, ձևավորման քննարկումներից։ Ընդհանուր առմամբ այս ուսմունքներում առկա էր պետական իշխանության ֆետիշացում, և կայսեր պաշտամունքը դարձել էր փիլիսոփայության սակրալացման (կրոնին ենթարկվածության) սկիզբ։ Առկա էին նաև փիլիսոփայական ուսմունքներ, որոնց հիմքում ընկած էին Պլատոնի ու Արիստոտելի փիլիսոփայական սկզբունքները։ Ահա այս բազմազան գաղափարների փոխշփման տիրույթում առանձնանում էին տնտեսության և տնտեսագիտական հիմնահարցերի վերաբերյալ դիրքորոշումները։

Մարկոս Պորցիոս Կոտոն Ավագ

Տնտեսագիտական մտքի ձևավորման գործում էական ավանդ թողած հռոմեական հեղինակներից մեզ հասած գործերը հիմնականում նվիրված էին գյուղատնտեսության և մասամբ այլ ոլորտներում ծառացած հիմնախնդիրների լուծմանը։ Այդ նշանավոր մտածողներից էին Մարկոս Կատոն Ավագը, Մարկոս Տերենցիոս Վարոնը, Լուցիոս Մոդերատ Կոլումելան, Սենեկան և այլք»[1]։
Սենական հանդես էր գալիս ստրկատիրության քննադատության դիրքերից։ Նա չէր մերժում այն, բայց պահանջում էր ստրուկների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել։ Տնտեսությանն առնչվող խնդիրներում արդարության պահապանի դիրքերից էր հանդես գալիս Մարկոս Տուլիցիոս Ցիցերոնը։

Ըստ նրա մարդուն բնորոշ է միավորվելու ձգտումը։ Արդյունքում կազմավորվում են պետություններ, որտեղ պետք է ապահովված լինի մարդկանց անվտանգությունը, ազատ ապրելու իրավունքը և ընդհանրապես ամեն ինչ պետք է կարգավորվի օրենքով։ Ըստ Ցիցերոնի մասնավոր սեփականություն ի սկզբանե չի եղել։ Այն ձևավորվել է հասարակության բնականոն էվոլյուցիայի արդյունքում։ Ուստի և պետությունում պետք է պահպանվի ինչպես հասարակական սեփականությունը, այնպես էլ մասնավոր սեփականատերերի իրավունքները։ Հետագայում նա նույնիսկ առաջարկում էր ստրուկներին վերաբերվել ինչպես մասնահատուկ վարձակալների։

[2]:

Մարկոս Պորցիոս Կոտոն Ավագ[3] (234-149 թթ. մ.թ.ա.), պետական գործիչ, գրող, հրապարակախոս։ Ունեցել է խոշոր ստրկատիրական տնտեսություններ։ Ըստ նրա ազնիվ մարդիկ և ամենակայուն զինվորները սերում են հողագործներից և որ ցանկացած գործունեության գերնպատակը շահի ստացումն էր։ Կոտոնը կողմ էր ստրուկների աշխատանքային ռեժիմավորման գաղափարին։ Գտնում էր, որ վերջիններս պետք է սահմանված ժամեր ունենան հանգստի, աշխատանքի, քնի համար։ Գտնելով, որ ստրկատերը պետք է հոգա ստրուկների առողջության, սննդի մասին, կիրառում էր այդ գաղափարն իր տնտեսությունում։ Սույն գաղափարի իրագործումն ըստ Կոտոնի կհանգեցնի արտադրողականության բարձրացման։

Մարկոս Տերենցիոս Վարոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոս Տերենցիոս Վարոնը փիլիսոփա էր, հրապարակախոս (116-27 մ.թ.ա.): Նրա աշխատություններում առաջ էին քաշվում տնտեսագիտական հիմնահարցերի քննարկումներ։ «Երկրագործության մասին» աշխատությունում ներկայացված են գործնական խորհուրդներ անասնապահության, թռչնաբուծության, ձկնորսության, մեղվապահության շուրջ։ Վարոնը համարում էր, որ անասնապահությունն առավել եկամտաբեր է և դրա զարգացման համար հարկ է արդյունավետորեն մշակել հողատարածությունները, ինչը կենդանիների համար սնունդ կապահովի։ Վարնը գտնում էր, որ հարկ է կարևորել այն ճյուղերի զարգացումը, որոնք մեծ շահ էին ապահովում տնտեսությունում, ընդ որում հաշվի առնելով գնային տատանումները, աշխատանքի արտադրողականությունը։

Լուցիոս Մոդերատ Կոլումելա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմի տնտեսագիտական միտքն արտահայտված է նաև Լուցիոս Մոդերատ Կոլումելայի հայացքներում (1-ին դար մ.թ.ա.): Կոլումելային մտահոգել է հիմնականում ստրուկների վերարտադրության հիմնահարցը։ Նա կոչ էր անում ագարակները կառուցել քաղաքներին մոտ, քանի որ գիտակցում էր տնտեսության կազմակերպման ստրկատիրական եղանակի անկման անխուսափելիությունը։ Նա վեր հանեց նաև ագարակները վարձակալության հանձնելու խորհուրդը, ինչը կարող էր եկամտաբեր դառնալ։ Կոլումելան կողմ էր աշխատանքի բաժանմանը և աշխատանքային օրվա նորմավորմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մարտիրոսյան, Արման Ռուբենի։ Տնտեսագիտական մտքի պատմություն ։ Ուսումնառության նյութեր / Ա.Ռ. Մարտիրոսյան ; Խմբ.՝ Գ.Ա. Ղարիբյան. - Երևան ։ Ոսկան Երևանցի, 2005. - էջ 42
  2. Մարտիրոսյան, Արման Ռուբենի Տնտեսագիտական մտքի պատմություն ։ Ուսումնառության նյութեր / Ա.Ռ. Մարտիրոսյան ; Խմբ.՝ Գ.Ա. Ղարիբյան. - Երևան ։ Ոսկան Երևանցի, 2005. - էջ 44
  3. https://www.britannica.com/biography/Marcus-Porcius-Cato-Roman-statesman-234-149-BC