Տոկուձին Յոսիոկա ճապ.՝ 吉岡徳仁 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 20, 1967[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Սագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա կամ Սագա, Ճապոնիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիզայներ և գրաֆիկական դիզայներ |
Կայք | tokujin.com |
![]() |
Տոկուձին Յոսիոկա (ճապ.՝ 吉岡徳仁, հունվարի 20, 1967[1], Սագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա և Սագա, Ճապոնիա[2]), ճապոնացի առավել հայտնի ժամանակակից դիզայներներից մեկը։
Ծնվել է 1967 թվականին, Սագա պրեֆեկտուրայում։ 1986 թվականին ավարտել է դիզայնի դպրոցը Կուվասավայում, Տոկիոյում, այնուհետև փորձաշրջան է անցել Սիրո Կուրամատոյի ղեկավարությամբ։ Աշխատել է Իսսեյ Միյակեում (Issey Miyake), և այսօրվա դրությամբ նրա ամենահայտնի աշխատանքներից մեկն այդ դիզայն ստուդիայի համար նախագծված խանութն է Տոկիոյում։ 1992 թվականից ինքնուրույն գործունեություն է սկսել որպես ֆրիլանսեր, իսկ 2000 թվականին հիմնել է սեփական «Tokujin Yoshioka Design» ընկերությունը։ Համագործակցում է Իսսեյ Միյակեի հետ ավելի քան քսան տարի։
Տոկուձին Յոսիոկայի ստուդիան ինտերիեր և ցուցադրության տարածքներ է ձևավորում Issey Miyake-ի, Hermes-ի, Muji-ի և Peugeot-ի համար, ինչպես նաև ակտիվորեն ներգրավված է արտադրական դիզայնի ոլորտում։ Տոկուձին Յոսիոկայի ինստալյացիաներում առկա է խաղարկային ֆուտուրիզմի ընդգծված գեղագիտություն։ 2002 թվականին դիզայներն արտադրանքի հավաքածու է մշակել իտալական Driade ընկերության համար` Tokyo Soft անվամբ, որը դարձել է աշխարհում փափուկ կահույքի լավագույն օրինակներից մեկը։
2001 թվականին Տոկուձին Յոսիոկան ներկայացրել է բազկաթոռների էպատաժային Honey Pop հավաքածուն, որը ներառում էր ինքնատիպ տրանսֆորմերներ` պատրաստված սեղմված թղթի թերթիկներից։ Honey Pop բազկաթոռը, որը նաև հայտնվել է Բեռլինի Vitra Design թանգարանում և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, ամբողջությամբ կրկնում է դրա մեջ նստող մարդու մարմնի ձևերը։ Նրբագեղ «honey-pop design»-ը զարգացվել է նաև բազկաթոռների հետագա փորձարկումների ժամանակ, որի արդյունքում հայտնվել է «Tokyo-Pop» հավաքածուն (2002)։ Այդ հավաքածուի բազկաթոռը, որն ստեղծված էր ժամանակակից պոլիմերային նյութերից, մեծ հաջողություն է ունեցել Միլանի միջազգային սալոնում։
2006 թվականին նույն միլանյան սալոնում ճապոնացի դիզայները ներկայացրել է իր նորաթուխ նախագիծը` Pane Chair բազկաթոռը (իտալերեն pane բառը նշանակում է հաց)։ Ինքը` դիզայներն ասում է, որ «բազկաթոռային» փորձարկումներով է զբաղվում այն պատճառով, որ դա անելի շատ բարդ է։ Ըստ նրա` մարդկության պատմության ընթացքում ստեղծված բազկաթոռների հազարավոր մոդելներից միայն հարյուրավորները կարելի է հարմարավետ կոչել։
Տոկուձին Յոսիոկայի աշխատանքներից են ժամացույցը, որը նրա ստեղծել է Իսսեյ Միյակէի պատվերով, Media Skin շարքի բջջային հեռախոսը, որն ստեղծվել է KDDI բրենդի համար, ինչպես նաև` երկու նոր բազկաթոռները` «սերուցքայինը» (Panna Chair) և «բազկաթոռ ծաղկեփունջը» (Bouquet Chair):
2007 թվականին դիզայնի Design Miami ցուցադրության ժամանակ Տոկուձին Յոսիոկան ստացել է տարվա լավագույն դիզայների կոչում[3]։
2009 թվականին Baselworld ցուցահանդես-վաճառքի ժամանակ դիզայները ներկայացրել է Swarovski տաղավարը, որի վրա կախված էին բազմաթիվ մանր հայելիներ։
2015 թվականին ստեղծել է Brook, Moroso փափկաթոռները Լոնդոնում ֆլամանդական Issey Myiake խանութի համար։
2016 թվականին Իսսեյ Միյակեի ցուցահանդեսի համար դիզայները մտահղացել է Transparent body ինստալյացիան։
Տոկուձին Յոսիոկային վստահել են նախագծել 2020 թվականի Օլիմպիական խաղերի ստադիոնը Տոկիոյում։
Նրա ստեղծագործությունները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում և Վիտրա դիզայնի թանգարանում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկուձին Յոսիոկա» հոդվածին։ |