Պլուտոնի սիրտ կամ Տոմբոյի շրջան[2][3][4] (լատիներեն՝ Tombaugh Regio), թզուկ մոլորակ Պլուտոնի վրայի ամենամեծ լուսավոր հատվածը[5][6][7]։ Այն գտնվում է մոլորակի հասարակածից հյուսիս՝ ավելի մուգ Կտուլհուի շրջանից հյուսիս-արևելք և Կրունի հետքից հյուսիս-արևմուտք[8]։ Տոմբոյի արևմտյան բիլթը՝ 1000 կիլոմետրանոց սառած ազոտից և այլ գազերից բաղկացած հարթավայրն անվանվել է Սպուտնիկի պլատո (լատիներեն՝ Sputnik Planum)[9][10]:
Տոմբոյի շրջանը լայն, լուսավոր շրջան է, որն ունի մոտ 1590 կմ երկարություն[11]։ Շրջանի երկու բլթերը երկրաբանորեն տարբեր են։ Արևմտյանը՝ Սպուտնիկի պլատոն ավելի հարթ է, քան արևելյանը և նրանք ունեն երանգային տարբերություն[12]։ Առաջին ենթադրությունների համաձայն՝ արևմտյան բիլթը կարող է լցված լինել ազոտի ձյունով։ Շրջանի լուսավոր կետերը ենթադրաբար լեռնագագաթներ են[13]։ 2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված լուսանկարները ցույց տվեցին 3400 մ բարձրությամբ լեռների և խառնարանների գոյությունը[14]։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ Սպուտնիկի պլատոյի կենտրոնը հարուստ է ազոտի, ածխածնի մոնօքսիդի և մեթանի սառույցներով, իսկ եզրերը, ինչպես նաև Կտուլհուի շրջանի արևելյան հատվածը ծածկող գորշ նյութը պատված են սառցադաշտերով[9]։ Սպուտնիկի պլատոյի մակերեսը բաժանված է բազմանկյուն կոնվեկցիոն բջիջների[10] և 10 միլիոն տարուց ավելի երիտասարդ է, որը ցույց է տալիս, որ Պլուտոնը երկրաբանորեն ակտիվ է[15]։
Պլատոնի սիրտը դեռ 6 տասնամյակ առաջ՝ մինչև «Նոր հորիզոնների» մոտեցումը արդեն նույնականացվել էր որպես աղոտ հետք, որը սակայն, հնարավոր չէր նկարել կամ հետազոտել՝ լուսանկարների ցածր թույլտվության պատճառով[16]։
Տոմբոյի շրջանն առաջին անգամ նույնականացվել է «Նոր հորիզոններ» տիեզերանավի մոտեցման ժամանակ։ ՆԱՍԱ-ն սկզբում այն անվանում էր «սիրտ»՝ ունեցած ձևի պատճառով[17]։ 2015 թվականի հուլիսի 15-ին շրջանը «Նոր հորիզոնների» թիմի կողմից անվանվել է Տոմբոյի շրջան՝ Պլուտոնը հայտնաբերող աստղագետ Քլայդ Տոմբոյի հիշատակին։ Regio լատիներեն նշանակում է «շրջան»[18]։ Մինչև անվանումը պաշտոնական դառնա, այն պետք է հաստատվի «Միջազգային աստղագիտական միության» (ՄԱՄ, IAU) կողմից։ Բայց Ռիտա Շուլցը՝ ՄԱՄ-ի նախագահը նշել է, որ անվանումը նախօրոք քննարկվել է և կհաստատվի[19]։