Տրանսգենդեր հղիություն, տրանսգենդեր մարդու հղիություն մեկ կամ մի քանի սաղմերով կամ պտուղներով։ 2023 թվականի դրությամբ այս հնարավորությունը սահմանափակվում է կանանց վերարտադրողական համակարգով ծնվածների համար։ Այնուամենայնիվ, սեռական անցման հետ կապված բուժումները կարող են ազդել պտղաբերության վրա։ Տրանսգենդեր տղամարդիկ և ոչ բինար մարդիկ, որոնք հղի են կամ ցանկանում են հղիանալ, բախվում են սոցիալական, բժշկական, իրավական և հոգեբանական խնդիրների։ Քանի որ արգանդի փոխպատվաստումը ներկայումս փորձնական է, և ոչ մի փոխպատվաստում հաջողությամբ չի իրականացվել տրանս կանանց մոտ, նրանք չեն կարող հղիանալ։
Հղիությունը հնարավոր է տրանսգենդեր տղամարդկանց համար, որոնց մոտ պահպանվել են գործող ձվարանները և արգանդը, ինչպես օրինակ՝ Թոմաս Բիթիի դեպքում[1]։ Անկախ հորմոն փոխարինող թերապիայի (ՀՓԹ) նախորդ բուժումներից, հղիության զարգացումը և ծննդաբերության գործընթացները սովորաբար նույնն են, ինչ ցիսգենդեր կանանց մոտ։ Ծննդաբերության տարբերակները ներառում են սովորական մեթոդներ, ինչպիսիք են հեշտոցային ծննդաբերությունը և կեսարյան հատումը, և հիվանդի նախապատվությունը պետք է հաշվի առնվի՝ նվազեցնելու գենդերային դիսֆորիկ զգացումները՝ կապված որոշակի ֆիզիկական փոփոխությունների և զգացումների հետ[2]։ Ցույց է տրված, որ նախկինում ՀՓԹ-ի օգտագործումը կարող է բացասաբար չազդել ձվարանների խթանման արդյունքների վրա՝ առանց տեստոստերոնի օգտագործման պատմություն ունեցող և չունեցող տրանսգենդեր տղամարդկանց ֆոլիկուլյար ֆունկցիայի կամ ձվաբջիջների հասունության մարկերների էական տարբերությունների[3]։ Տրանսգենդերների հետ կապված առկա բուժման լայն շրջանակներից, ներառյալ վիրահատական և բժշկական միջամտությունները, ոմանք առաջարկում են պտղաբերության պահպանման տարբերակը, մինչդեռ մյուսները կարող են վտանգել հղիանալու կարողությունը (ներառյալ երկկողմանի սալպինգո-օոֆորէկտոմիան և/կամ տոտալ հիստերէկտոմիան)։
Պտղին էկզոգեն տեստոստերոնի բարձր մակարդակների ենթարկելը կարող է վնասել չծնված երեխային, հատկապես իգական սեռի պտղի միզասեռական համակարգը[4]։ Սա հատկապես կարևոր է առաջին եռամսյակում, երբ հղիությունների մի մասը դեռ չեն հայտնաբերվում[5]։ Կանանց հղիությանների հետ կապված նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էնդոգեն անդրոգենների բարձր մակարդակը կապված է ծնվելուց պտղի քաշի նվազման հետ, սակայն պարզ չէ, թե ինչպես է նախկինում ստացած տեստոստերոնը ազդում հղի տրանս անձնավորության երեխայի քաշի վրա[2]։ Ապագա հղիություններին կարելի է հասնել ձվաբջիջների բանկից ձվաբջիջ վերցնելու միջոցով, սակայն այս գործընթացը կարող է մեծացնել գենդերային դիսֆորիան կամ անհասանելի լինել ապահովագրական ծածկույթի բացակայության պատճառով[6]։
Բացի այդ, ամենորեա (ՀՓԹ-ի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն) ունեցող բուժառուները կարող են լրացուցիչ դժվարություններ զգալ վաղ հղիությունների հայտնաբերման հարցում՝ կանոնավոր դաշտանային ցիկլերի բացակայության պատճառով, որոնք կարող էին հուշել հղիության մասին, օրինակ՝ եթե ցիկլը ուշանար[5]։ Այս պատճառով, բուժառուների և բուժաշխատողների համար կարևոր է համակողմանիորեն քննարկել պտղաբերության նպատակները, ընտանիքի պլանավորումը և հակաբեղմնավորման տարբերակները սեռափոխության ընթացքում[5]։ Շատ տրանս տղամարդիկ, որոնք պլանավորել էին հղիություն, կարողացել են հղիանալ տեստոստերոնի դադարեցումից հետո վեց ամսվա ընթացքում[6]։ Վերարտադրողական համակարգի՝ տեստոստերոնով պայմանավորված փոփոխությունները կարող են մասամբ կամ ամբողջությամբ հետ շրջվել ՀՓԹ-ի դադարեցումից հետո։
Տրանս տղամարդկանց ՀՓԹ-ն ի վերջո նվազեցնում է պտղաբերությունը։ Տեստոստերոնի շարունակական օգտագործումը ճնշում է ձվարանային ցիկլը և արգանդային ցիկլը, ինչը հակառակ դեպքում ամեն ամիս կառաջացներ ձվաբջիջների հասունացում, օվուլյացիա և դաշտան։ Տեստոստերոնային թերապիան նաև առաջացնում է հեշտոցի և արգանդի ատրոֆիա[7]։ Տեստոստերոնի օգտագործումը տրանս տղամարդկանց և այլ տրանս առնական անհատների մոտ ազդում է ձվարանների վրա՝ հանգեցնելով ձվարանների կիստաների քանակի ավելացմանը, ինչը նկատվում է նաև ՁՊԿՀ ունեցող ցիս կանանց մոտ։ Հետազոտված անհատների մոտ նաև դրսևորվել են ֆոլիկուլների ատրեզիա, ստրոմայի գերաճ և ձվարանների հյուսվածքի փոխարինում կոլագենով։ ԻՆչպես նաև հետազոտված շատ տրանս տղամարդկանց արգանդափողերը փակ կամ մասամբ փակ էին. սովորաբար, արգանդափողերը բաց են, ինչը թույլ է տալիս բեղմնավորված ձվաբջիջներին շարժվել դեպի արգանդ։ Սակայն, տրանս տղամարդկանց դիտարկումը և լաբորատոր մկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեստոստերոնային բուժումը չի ազդում հասանելի գամետների (ձվաբջիջների/սեռական բջիջների) քանակի վրա[8]։
Ամերիկացի տրանս տղամարդկանց ուսումնասիրության ժամանակ 28,3%-ը հայտնել է, որ վախենում է հորմոնալ թերապիայի պատճառով հղիանալ չկարողանալուց։ Քանի որ որոշ տրանս տղամարդիկ ցանկանում են երեխա ունենալ, կարևոր է, որ բժիշկները քննարկեն պտղաբերության պահպանման տարբերակները տրանս տղամարդ բուժառուների հետ՝ նախքան ՀՓԹ նշանակելը[9]։
Չնայած պտղաբերության վրա ունեցած ազդեցությանը՝ տեստոստերոնային թերապիան արդյունավետ հակաբեղմնավորիչ չէ։ Տրանս տղամարդիկ և ոչ բինար մարդիկ, որոնք ընդունում են տեստոստերոն, դեռ կարող են հղիանալ, նույնիսկ եթե նրանց դաշտանը դադարել է[2][10]։ Տրանս տղամարդիկ կարող են ունենալ չնախատեսված հղիություն[6][9], հատկապես, եթե նրանք բաց թողնեն դեղաչափ[6]։
Տրանս տղամարդկանց համար հետծննդյան մեկ այլ կարևոր հարց է, թե արդյոք վերսկսել տեստոստերոնային թերապիան, թե ոչ։ Ներկայումս չկա որևէ ապացույց, որ տեստոստերոնը զգալի քանակությամբ անցնում է կրծքի կաթ[11]։ Սակայն, տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է ճնշել լակտացիան, և առողջապահական ուղեցույցները նախկինում խորհուրդ են տվել, որ տրանս տղամարդիկ կրծքավանդակով կերակրելիս (կրծքով կերակրելիս) չանցնեն տեստոստերոնային թերապիա[12]։ Տրանս տղամարդիկ, որոնք ենթարկվում են կրծքավանդակի վերակառուցողական վիրահատության, կարող են պահպանել կրծքով կերակրելու ունակությունը[13]։
Հղիության ընթացքում հատուկ ուշադրությունը տրանսգենդերներ մարդկանց հոգեկան առողջությանը շատ կարևոր է։ Նախկինում ցույց է տրվել, որ տրանսգենդեր անհատները ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան ցիսգենդերները, և ավելի քիչ սոցիալական աջակցություն են ստանում իրենց շրջապատից և ընտանեկան հարաբերություններից[14][15]։ Համապատասխանաբար, հղիության փորձ ունեցող տրանսգենդերներից շատերը հայտնել են, որ բուժաշխատողների տեսակետները էապես ազդել են բուժաշխատողի ընտրության վրա, և շատ տրանսգենդեր մարդիկ նախընտրում են տատմերական (տնային մանկաբարձական) ծառայություններ, քան ծննդաբերել հիվանդանոցային պայմաններում։
Որոշ անհատներ հայտնել են, որ ունեցել են գենդերային դիսֆորիա և մեկուսացման զգացումներ՝ կապված իրենց գենդերային ինքնության և արտաքին տեսքի կտրուկ փոփոխությունների հանրային ընկալման հետ, որոնք տեղի են ունենում հղիության ընթացքում, ինչպիսիք են կրծքերի մեծացումը[16]։ Ոմանք նշում են իրենց հղի մարմնից անջատված կամ օտարված լինելու զգացողություն։ Թե՛ սոցիալական գենդերային դիսֆորիան (կապված ուրիշների ընկալման հետ), թե՛ ֆիզիկական գենդերային դիսֆորիան (սեփական մարմնի ընկալումը) կարող է առաջանալ, երբ տրանս անձը հղի է[17][18]։
Չնախատեսված հղիությունը կարող է նաև վտանգավոր լինել տրանս մարդու հոգեկան առողջության համար։ Համաձայն 18-ից 45 տարեկան ամերիկացի տրանսգենդեր տղամարդկանց ուսումնասիրության՝ 30,5%-ը հայտնել է, որ վախենում է հղիությունից[19]։ Անցանկալի հղիությունը տրանս մարդկանց մոտ կարող է առաջացնել գենդերային ծանր դիսֆորիա և սուիցիդալ մտքեր։ Մեկ ոչ բինար անձ, որը կատարել է ինքնուրույն աբորտ, ասել է[20]․ «[Ես կիրառեցի] բութ ուժ [իմ] որովայնի վրա։ Դիտարկել եմ թույն խմելը, քանի որ իմ ապահովագրությունը չեր ծածկում աբորտի ծառայությունները։ Բարեբախտաբար, ես կարողացա ձեռք բերել պետական ապահովագրություն, որը ծածկում էր այդ միջամտությունը, ուստի բանը չհասավ դրան։ Ես 100 տոկոսով կանեի դա։ Մահանալն ավելի լավ այլընտրանք էր ստիպված հղիությանը»։
Տրանսգենդերների խտրականության ազգային հետազոտության համաձայն՝ տրանս անհատների մոտ հետծննդյան ինքնասպանությունների և դեպրեսիայի հաճախականությունը ավելի բարձր է, քան չափահասների միջին ցուցանիշը[15]։ Սա կարող է վերագրվել այնպիսի գործոնների, ինչպիսիք են սոցիալական աջակցության բացակայությունը, խտրականությունը և բուժաշխատողների համապատասխան վերապատրաստման բացակայությունը[15]։
Տրանսգենդերներ մարդիկ, ներառյալ տրանս տղամարդիկ և ոչ բինար մարդիկ, ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչությանը, բախվում են անօթևանության, սննդային անապահովության, ինտիմ գործընկերոջ կողմից բռնության և մանկական հասակում անբարենպաստ փորձառությունների հետ։ Այս ամենը կարող է ազդել հղիության ելքերի վրա։ Բացի այդ, տրանս մարդիկ ունենում են փոքրամասնության սթրես և կարող են լինել թմրամիջոցների օգտագործման ավելի բարձր ռիսկի տակ, քան ընդհանուր բնակչությունը։ Ոմանք նաև հայտնում են, որ խտրականության պատճառով խուսափել են բժշկական օգնությունից կամ չեն վստահել բժշկական մասնագետներին[21]։
Որոշ տրանս տղամարդիկ, որոնք հղի են, ենթարկվում են խտրականության, որը կարող է ներառել մի շարք բացասական սոցիալական, զգացմունքային և բժշկական փորձառություններ, քանի որ հղիությունը դիտվում է որպես բացառապես կանացի կամ կանանց գործառույթ։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս հղի տրանս տղամարդկանց տեղեկացվածության, ծառայությունների և բժշկական օգնության պակաս[16]։ Այս ծառայությունների անհասանելիությունը կարող է հանգեցնել նախածննդյան խնամքի հետ կապված հարմարավետ և աջակցող ծառայություններ գտնելու դժվարության, ինչպես նաև վտանգավոր կամ անառողջ պրակտիկաների ռիսկի բարձրացման։
Չնախատեսված հղիությունները կարող են հանգեցնել նրան, որ տրանսգենդեր տղամարդիկ կամ ոչ բինար մարդիկ մտածեն կամ փորձեն ինքնուրույն աբորտ անել։ Շատ տրանսգենդեր տղամարդիկ նշում են, որ փորձել են ինքնուրույն աբորտ անել՝ աբորտի անվտանգ և արդյունավետ մեթոդների բացակայության պատճառով[20]։ Տրանս տղամարդկանց մոտ աբորտների հաճախականության վերաբերյալ ուսումնասիրությունները տարբեր են։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տրանս մարդկանց հղիությունների 12%-ից[9] 21%-ն ավարտվում է աբորտներով։ Որոշ տրանս մարդիկ նշում են, որ ընտրություն են կատարել աբորտի և ինքնասպանության միջև, քանի որ հղիությունը առաջացնում է սարսափելի գենդերային դիսֆորիա[20]։
Համաձայն Medicare-ի կողմից Ավստրալիայի համար հավաքված տվյալների, որը 2020 թվականի դրությամբ սակավաթիվ ազգային հետազոտություններից մեկն է, 2016 թվականին երկրում բնական ճանապարհով կամ կեսարյան հատման միջոցով ծննդաբերել են իրենց տղամարդ համարող 75 մարդ, իսկ 2017 թվականին՝ 40[22]։
Կանանց վերարտադրողական համակարգով ոչ բինար մարդիկ կարող են ծննդաբերել[23]։
Ոչ բինար մարդիկ, որոնք սեռափոխության համար ստանում են տեստոստերոն, պետք է ընդհատեն ՀՓԹ-ն՝ հղիությունը պահպանելու համար, քանի որ տեստոստերոնը տերատոգեն է[4]։ Տեստոստերոնային թերապիայի ստացող ոչ բինար մարդկանց մոտ չնախատեսված հղիությունները կարող են ավելի հաճախ լինել, եթե նրանք ստանում են տեստոստերոնի ցածր դեղաչափ[6]։ Ոչ բինար ծնողներն ընտրում են՝ կոչվել «մայրիկ», «հայրիկ», թե՞ նոր ստեղծած գենդերային չեզոք, թե ոչ բինար անվանումներ[24]։
Ոչ բինար մարդիկ, որոնք գրել կամ նկարագրվել են հղիության իրենց փորձառությունների մասին, ներառում են Ռորի Միքելսոնը[25], Բրեյդեն Շիրցինգերը[26] և Մրայա ՄաքՔարթին[27]։
Տրանսգենդեր կանանց համար հղիությունը հնարավոր չէ, քանի որ նրանք չունեն կանացի վերարտադրողական համակարգ։ 2019 թվականի դրությամբ տրանսգենդեր կանանց մոտ արգանդի փոխպատվաստում հաջողությամբ չի իրականացվել[28]։ Դանիացի տրանսգենդեր նկարչուհի Լիլի Էլբեն մահացել է 1931 թվականին հետվիրահատական բարդություններից՝ նման վիրահատության փորձից հետո։
Արգանդի փոխպատվաստումը կամ UTx-ը գտնվում է սկզբնական փուլում և դեռ հասանելի չէ հանրությանը։ 2019 թվականի դրությամբ, ցիսգենդեր կանանց մոտ կատարվել են ավելի քան 42 UTx միջամտություններ, որոնցից, հրապարակման պահի դրությամբ, արգանդի փոխպատվաստման արդյունքում ստացվել է 12 կենդանի ծնունդ[29]։ Արգանդի փոխպատվաստման միջազգային միությունը (ISUTx) միջազգայնորեն հիմնվել է 2016 թվականին՝ 70 կլինիկական բժիշկների և գիտնականների մասնակցությամբ, և ներկայումս ունի 140 միջմայրցամաքային պատվիրակներ[30]։
2012 թվականին ՄաքԳիլի համալսարանը Transplant International-ում հրապարակել է «Արգանդի փոխպատվաստման էթիկական իրագործելիության Մոնրեալի չափանիշները»՝ արգանդի փոխպատվաստման իրականացման չափանիշների առաջարկվող փաթեթ[31]։ Այս չափանիշների համաձայն, և քանի որ գենետիկ արական սեռի անձանց մասնակցությամբ հետազոտություն չեն իրականացվել, միայն գենետիկ իգական սեռի ներկայացուցիչը էթիկայի տեսանկյունից կարող է փոխպատվաստվման ռեցիպիենտ համարվել։ Տրանս կանանց թեկնածությունից դուրս մնալը հիմնավորվում է վիրահատության իրականացման եղանակը որոշելու համար հետազոտությունների բացակայությամբ, այլ ոչ թե ներքին արգելքով[32]։ 2021 թվականին Մոնրեալի չափորոշիչների հեղինակները հրապարակել են բիոէթիկայի չափանիշների վերանայված փաթեթ՝ արգանդի փոխպատվաստման համար գենետիկ տղամարդկանց (և այլ գենետիկ XY անհատների) իրավասությունը հաշվի առնելու էթիկական շրջանակով[33]։
2020 թվականին Մույլլերյան ծորանի մշտական համախտանիշով ինտերսեքս տրանս կին Մայքի Շանելին կարողացել է հղիանալ։ Նրան հատկացվել են արական XY քրոմոսոմներ և արտաքին արական և ներքին իգական վերարտադրողական օրգաններ, որոնք բացահայտվել են ռենտգենից հետո[34][35][36]։ Այլ տեղեկություններ չեն հրապարակվել։
Հաղորդվում է, որ 1583 թվականին Ուելսի Բոմարիս քաղաքում մի ինտերսեքս անձ, որն ուներ արական սեռական հատկանիշներ, հղիացել է[37]։
Յունիկոդը է4.0 տարբերակում ներկայացրել է «հղի տղամարդ» և «հղի մարդ» էմոջիները, որը հաստատվել է 2021 թվականի սեպտեմբերին[38]։ Սակայն, սա ուղեկցվել է որոշակի հակասություններով, քանի որ ոմանք այն անհեթեթ էին համարում[39]։