Տրետինոին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₀H₂₈O₂ |
Մոլային զանգված | 5,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 181 °C[2] °C |
Դասակարգում | |
CAS համար | 302-79-4 |
PubChem | 444795 |
EINECS համար | 206-129-0 |
SMILES | CC1=C(C(CCC1)(C)C)C=CC(=CC=CC(=CC(=O)O)C)C |
ЕС | 206-129-0 |
ChEBI | 392618 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Տրետինոին, նաև հայտնի որպես ամբողջովին տրանս ռետինոյաթթու (ATRA), դեղորայք, որն օգտագործվում է ակնեի և սուր պրոմիելոցիտար լեյկոզի բուժման նպատակով[3][4][5]։ Ակնեի բուժման համար կիրառվում է քսուկի կամ նրբաքսուկի (կրեմ) ձևով[5]։ Լեյկոզների բուժման դեպքում օգտագործում են երեք ամիս բերանացի ընդունման տարբերակով[3]։
Բերանացի ընդունմամբ կիրառելիս հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են՝ հևոցը, գլխացավը, թմրածությունը, ընկճախտը, մաշկի չորությունը, քորը, մազաթափությունը, սրտխառնոցը, մկանացավերը և տեսողության խանգարումները[3]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են՝ լեյկոցիտների թվաքանակի չափազանց բարձրացումը և թրոմբագոյացման խթանումը[3]։ Կրեմի օգտագործման ժամանակ դիտվող կողմնակի երևույթներից են՝ մաշկի կարմրությունը, թեփոտումը և լուսազգայունությունը[5]։ Հղիության ժամանակ օգտագործումը համարվում է, որ վնասում է երեխային[3]։ Դեղը դասվում է ռետինոիդների շարքին[4]։
Տրետինոին դեղորայքը ստեղծվել է 1957 թվականին և հաստատվել է բժշկական նպատակներով օգտագործման համար 1962 թվականին[6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անփոխարինելի՝ առողջության համար ամենաանվտանգ և անհրաժեշտ դեղերի ցանկում[7]։ Հասանելի են նաև Տրետինոինի ջեներիկ տարբերակները[8]։
Տրետինոինը մեծ մասամբ կիրառվում է ակնեի բուժման նպատակով[9]։ Այն նաև կիրառվում է բուն մաշկի հիպերկոլագենացված տեղամասերը` բծերը բուժելու նպատակով, չնայած սա չի նշվում ցուցումներում[10]։
Տեղային օգտագործման տրետինոինը հակացուցված է հղիներին և դասվում է C կատեգորիային[9]։
Այն մարդիկ, ովքեր օգտագործում են այս դեղորայքը, չպետք է կիրառեն այլ միջոցներ, որոնք ունեն արտահայտված չորացնող ազդեցություն. բաղադրությունում ունեն ալկոհոլ, կծու, լայմ, ծծումբ, ասպիրին, քանի որ այս միջոցները կարող են փոխազդել կամ պոտենցել տրետինոինի կողմնակի ազդեցությունները[9]։
Տրետինոինը կիրառվում է սուր պրոմիելոցիտար լեյկոզի ռեմիսիան երկարաձգելու նպատակով այն անձանց մոտ, ովքեր ունեն մուտացիա (15;17 տրանսլոկացիա և/կամ PML/RARα գենի առկայություն) կամ անտրացիկլիններով բուժման նկատմամբ կայուն են, կամ ունեն անտանելիություն այդ խմբի դեղորայքի նկատմամբ[11][12][13]։
Այս դեղորայքը հակացուցված է հղիներին ու բերանացի ընդունման դեղաձևը դասվում է D կատեգորիային, քանզի վնասում է պտուղը[11]։
Տեղային տրետինոինը նախատեսված է միայն մաշկին քսելու համար և չի կարելի օգտագործել այլ հատվածներում, օրինակ՝ քսել աչքերին կամ լորձաթաղանթներին։ Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ մաշկի տեղային գրգռումը, կարմրությունը, թեփոտումը և այրոցի զգացումը[9]։
Բերանացի ընդունման համար նախատեսված տրետինոինը ունի մի շարք վտանգներ, ինչպիսիք են՝ ռետինոյաթթվի համախտանիշը և լեյկոցիտոզը[11]։
Այլ ծանր կողմնակի երևույթներից են՝ թրոմբոզի, երեխաների մոտ բարորակ ներգանգային գերճնշման, հիպերլիպիդեմիայի՝ հիպերխոլստերինեմիայի և/կամ հիպերտրիգիցիրիդեմիայի և լյարդի ախտահարման ռիսկը[11]։
Կան նաև այլ կողմնակի երևույթներ, օրինակ՝ անհանգստություն (66 %), դող (63 %), արյունազեղումներ (60 %), վարակներ (58 %), ծայրամասային այտուցներ (52 %), ցավ (37 %), կրծքավանդակում անհարմարավետության զգացում (32 %), այրոց (29 %), տարածուն ներանոթային մակարդում (26 %), քաշի ավելացում (23 %), անորեքսիա (17 %), քաշի կորուստ (17 %) և մկանացավեր (14 %)[11]։
Շնչական համակարգի կողմից դիտվող կողմնակի երևույթները հիմնականում նշմարում են ռետինոյաթթվի համախտանիշի զարգացումը և ներառում են վերին շնչուղիների գործունեության խանգարումներ (63 %), դիսպնոէ (60 %), շնչառական անբավարարություն (26 %), հեղուկ թոքամզի խոռոչում (20 %), թոքաբորբ (14 %), խզզոցներ (14 %), սուլող շնչառություն (14 %) և այլ նշաններ, որոնք հանդիպում են 10 %-ից քիչ դեպքերում[11]։
Այս դեղորայքը օգտագործած անձանց շուրջ 23 %-ը նշում է ականջներում աղմուկի կամ լցվածության զգացում[11]։
Ստամոքսաղիքային ուղու կողմից դիտվող կողմնակի երևույթներից են՝ արյունահոսությունը (34 %), որովայնային ցավը (31 %), դիառեան (23 %), փորկապությունը (17 %), դիսպեպսիան (14 %) և փորափքանքը (11 %), ինչպես նաև այլ խանգարումներ, որոնք 10 %-ից քիչ են հանդիպում[11]։
Սիրտանոթային համակարգի կողմից դիտվում են՝ ռիթմաշեղումներ (23 %), կարմրություն (23 %), հիպոտենզիա (14 %), հիպերտենզիա (11 %), ֆլեբիտ (11 %) և սրտային անբավարություն (6 %), պացիենտների 3 %-ի մոտ դիտվում է՝ սրտի կանգ, սրտամկանի ինֆարկտ, սրտամկանի դիլատացիա, աղմուկներ, իշեմիա, կաթված, միոկարդիտ, պերիկարդիտ, թոքային գերճնշում, երկրորդային կարդիոմիոպաթիա[11]։
Նյարդային համակարգի կողմից դիտվող կողմնակի երևույթներից են՝ գլխապտույտ (20 %), պարէսթեզիաներ (17 %), տագնապ (17 %), անքնություն (14 %), ընկճախտ (14 %), շփոթվածություն (11 %) և այլ երևույթներ, որոնք 10 %-ից քիչ են հանդիպում[11]։
Միզային համակարգի կողմից դիտվող կողմնակի երևույթներից կարող են լինել երիկամային անբավարարություն (11 %) և այլ խնդիրներ, որոնք 10 %-ից քիչ են հանդիպում[11]։
Քաղցկեղի բուժման գործում նրա արդյունավետության մեխանիզմը անհայտ է, բայց սուր պրոմիելոցիտար լեյկոզի ուսումնասիրման բջջային մակարդակում լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ տրետինոինի ազդեցությունից բջիջները տարբերակվում են և դադարում են բազմանալ, ու ժամանակի ընթացքում ոսկրածուծում կրկին սկսում են գերակշռել ոչ քաղցկեղային բջիջները[11]։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս ամբողջովին տրանս ռետինոիդի ածանցյալները(ATRA) արգելակում և քայքայում են PIN1-ը (պեպտիդիլպրոլիլ տրանս իզոմերազ-1)[14]։
Ակնեի բուժման մեջ իր արդյունավետության մեխանիզմը ևս անհայտ է, ու կրկին բջջային մակարդակով եթե դիտարկենք, այն նպաստում էպիթելյալ բջիջների բազմացմանը և մաշկի արագ փոխարինմանը՝ դրանով ապահովելով սև կետերի վերացումը, ինչպես նաև խոչընդոտում է մազարմատում էպիթելիոցիտների միմյանց կիպ հարելուն, հետևաբար ընկճում է սև կետերի առաջացումը։
Տրետինոինը, որպես ակնեի բուժման միջոց, համահայտնաբերել են Ջեյմս Ֆուլտոնը և Ալբերտ Քլիգմանը 1960ական թվականներին Պենսիլվանիայի համալսարանում[15][16]։ Պենսիլվանիայի համալսարանին էր պատկանում Ռետին-Ա ի մենաշնորհը։ Արտոնագիրը հետագայում նա փոխանցել է դեղաբանական ընկերություններին[16]։
Տրետինոին անվանման ծագումը ոչ միանշանակ է[17][18], բայց ամենահայտնի տեսակետը այն է[17], որ անունը ձևավորվել է[19] trans- + retinoic [acid] + -in, որի օգտին է խոսում նաև այս դեղի պատկանելը ռետինոյաթթվի ամբողջովին տրանս իզոմերների շարքին։ Իզոտրետինոինի արմատը ևս տրետինոինն է, որին գումարվել է iso- նախածանցը։ Արտասանության հետ կապված ընդունելի մի քանի տարբերակ կա տրետինոինի և իզոտրետինոինի համար։ Ռետինոյիկը արտասանվում է /ˌrɛtɪˈnoʊɪk/[18][19][20][21], ու բնական է /ˌtrɛtɪˈnoʊɪn/ արտասանությունը, որն էլ ամենահաճախն ենք լսում։ Բառարաններում կարող ենք նաև այլ օրինակներ հանդիպել՝ /ˌtrɪˈtɪnoʊɪn/[18][20] և /ˈtrɛtɪnɔɪn/[19][21]։
Որոշ գիտնականներ փորձում են ապացուցել մազաթափության բուժման նպատակով տրետինոինի կիրառման արդյունավետությունը, հատկապես՝ մինոքսիդիլի ազդեցությունը խթանելու միջոցով, բայց հետագա հետազոտություններ են անհրաժեշտ դա հաստատելու համար, որովհետև ներկայիս արդյունքները հակասական են[22]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրետինոին» հոդվածին։ |
|