Ենթատեսակ | սննդամթերք |
---|---|
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Հիմնական | սոխ, Բեկոն և B. oleracea? |
Hoppin' John Վիքիպահեստում |
«Ցատկոտող Ջոն» (անգլ.՝ hoppin' John), ԱՄՆ հարավային նահանգների ավանդական խոհանոցի ուտեստ[1], պատրաստվում է վիգնայից, բրնձից, կտրտած սոխից ու բեկոնի շերտերից և համեմվում կծու պղպեղով, աղով և սխտորով[2]։
«Ցատկոտող Ջոնի» պատմությունն սկսվում է ԱՄՆ-ում ստրկատիրության ժամանակներից։ Նրա հիմնական բաղադրիչը՝ վիգնան, այն ժամանակ լայնորեն տարածված էր Արևմտյան Աֆրիկայում[3][4]։ Այդ պատճառով դրա հիման վրա ստեղծվող ուտեստը հասանելի էր Կոնգոյից ԱՄՆ բերված ստրուկներին[5]։ Կան նաև վարկածներ, որոնց համաձայն՝ ուտեստը հայտնվել է Սենեգալի և Նիգերիայի մուսուլմանների շնորհիվ, որոնք պատրաստել են այն ապխտած տավարի մսով կամ հնդկացի-սեմինոլների շնորհիվ[6]։
Ուտեստի անվան ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան։ Ըստ մի վարկածի՝ այն ծագում է pois pigeons (աղավնու ոլոռ) ֆրանսիական բառակապակցությունից, ըստ այլ տարբերակի՝ հինդիով bahatta kachang բառակապակցությունից, որը նշանակում էր ոլոռ[7]։
«Ցատկոտող Ջոն» ուտեստն ընդունված է ուտել հունվարի 1-ին։ Ենթադրվում է, որ ուտեստը նպաստում է հարստությանը և հաջողությանը նոր տարում[8][9][10]։ Հատիկները խորհրդանշում են մետաղադրամներ, կանաչին՝ դոլարային թղթադրամներ[8], իսկ ուտեստի հետ մատուցվող եգիպտացորենի հացը՝ ոսկին[11]։ «Ցատկոտող Ջոնի» մնացորդները կոչվում են «ցատկող Ջեննի» (անգլ.՝ skippin' Jenny) և խորհրդանշում են տանտերերի խնայողությունը. մնացորդներն ուտելը, ըստ հավատալիքների, ավելի հավանական է դարձնում ընթացիկ տարում հարստանալը[12]։