Ցորեն Ուրարտու |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Triticum urartu |
Հատուկ պահպանություն |
Ցորեն Ուրարտու (լատին․՝ Triticum urartu), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
40-100 սմ բարձրությամբ փռված ցողուններով միամյա խոտաբույս է։ 5-11 սմ երկարությամբ, մինչև 30-ի հասնող հասկիկներն ունեն մեկ կարմրավուն հատիկ։ Հասկերի առանցքը մասերի բաժանվող է։ Հասկիկում երկու ներքևի ծաղիկների ստորին ծաղկային թեփերը քիստերով են[1]։
Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք, «Էրեբունի» պետական արգելոց)։ Աճում է նաև Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Լիբանանում[1]։
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, կավային և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Վտանգված տեսակ է։ Հանդիսանում է ցորենի կուլտուրական սորտերի մոտիկ ազգակիցը։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորեն Ուրարտու» հոդվածին։ |
|
|