Ցուկեմեն (ճապ. つけ麺, «ընկղմված արիշտա») ճապոնական ուտեստ, ռամենի նման ուտեստ, իրենից ներկայացնում է արիշտա, որն ուտում են առանձին տարայի մեջ լցված ապուրի կամ արգանակի մեջ թաթախելուց հետո։ Ցուկեմենը հայտնագործվել է 1961 թվականին Տոկիոյի Կադզուո Յամագիսի ռեստորանի կողմից, որից հետո ուտեստը շատ հայտնի է դարձել Տոկիյում և ամբողջ Ճապոնիայում։ ԱՄՆ-ում ցուկեմենը հայտնի է դարձել Լոս Անջելեսում, այդ ժամանակ մնացած երկրներում այն համեմատաբար քիչ ճանաչվեց։
Ցուկեմենը ռամենի նման ճապոնական ուտեստ է և կազմված է արիշտայից և ապուրից կամ արգանակից, որոնք մատուցվում են առանձին։ Արիշտան ուտելուց առաջ թաթախում են ապուրի մեջ[1]։ Պատրաստման համար կարող են օգտագործվել սոբա, ուդոն և արիշտայի մի քանի այլ տեսակներ։ Արիշտան հիմնականում մատուցվում է սառը վիճակում, իսկ ապուրը մատուցվում է տաք վիճակում կծվության և արիշտան ապուրի մեջ թաթախելու համար։ Բացի այդ, արիշտան նաև կարող է մատուցվել սենյակային ջերմաստիճանում։ Ուտեստի լրացուցիչ բաղադրիչները հիմնականում ավելացվում են կամ արիշտայի վրա, կամ նրա կողքին։ Այդպիսի բաղադրիչներից են օրինակ նորի (ճապոնական կարմիր ջրիմուռներ) ջրիմուռները, տյասուն (խոզի միս), մենման (խմորված եղեգ), տամոգոյակի ձվածեղը և խաշած ձուն[2]։
Ապուրը թաթախման համար ծառայում է սոուսի տեսքով և հիմնականում ունենում է ավելի ուժեղ և կծու համ, քան սովորական արգանակը՝ ռամենի համար[1]։ Որպես սոուս կարելի է մատուցել դասի ապուրը, որը պատրաստում են արգանակից, որի անունը նույնպես դասի է։ Կան ռեստորաններ, որոնք ավելացնում են եռացրած ջուր արգանակը ճաշի վերջում նոսրացնելու և եռման աստիճանը թուլացնելու համար, այդ կերպ ապուրը դառնում է էլ ավելի համեղ։
Ցուկեմենը հայտնագործվել է 1961 թվականին Կադզուո Յամագիսիի կողմից, ով Տոկիոյում ունեցել է հայտնի ռեստորան, որի անունը «Տաիսյոկեն» է։ Սկզբում, Յամագիսին ուտեստը ավելացնում էր իր «ծովամթերքներով հատուկ սոբան» ռեստորանի մենյուի մեջ, որը նման էր «արիշտայով մականիյա սառը ապուրին»։ Այդ ժամանակ, ցուկեմենի արժեքը 40 իեն էր, և այն շատ արագ հայտնի դարձավ Տաիսյոկեն ռեստորաններում։ 2015 թվականին Տաիսյոկենի ցանցը ամբողջ Ճապոնիայի տարածքում ուներ ավելի քան 100 հաստատություն[3]։
2000-ական թվականներին, ցուկեմենն այնքան հայտնի էր Տոկիոյում և Ճապոնիայում, որ մի քանի ռեստորաններ մատուցում են միայն այդ ուտեստը։
Ցուկեմենը ճանաչում գտավ նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում։ 2013 թվականին, ցուկեմենը հայտնի դարձավ Լոս Անջելեսի մի քանի ռեստորաններում, որոնք միայն մատուցում էին ռամեն, սակայն երկրի մյուս մասերում, ինչպես, օրինակ Չիկագոյում, ուտեստը ունի ավելի քիչ հայտնիություն և հազվադեպ է առաջարկվում ռեստորաններում[4][5]։