Ցվետա Կարայանչևա | |
Կուսակցություն՝ | GERB |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Ծննդյան օր | փետրվարի 25, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Bolyarovo, Յամբոլի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ցվետա Վալչևա Կարայանչևա (անգլ.՝ Tsveta Valcheva Karayancheva, փետրվարի 25, 1968[1], Bolyarovo, Յամբոլի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ինժեներ և քաղաքական գործիչ, որը եղել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը 2017 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մարտը։
Ցվետա Վալչևա Կարայանչևան ծնվել է 1968 թվականի փետրվարի 25-ին Յամբոլի մարզի Բոլյարովո ավանում[2][3]։ Սովորել է Քարջալիի մեքենաշինական քոլեջում[3], որից հետո ավարտել է Սոֆիայի տեխնիկական համալսարանի ինժեներության ու Նոր բուլղարական համալսարանի մենեջմենտի բաժինները[4][5]։
Կարայանչևան աշխատել է Քարջալիի «Ֆորմպլաստ» կոչվող պլաստմասսայե իրեր պատրաստող գործարանում, դարձել դրա գլխավոր դիզայներն ու գործարանի մենեջերը[3]։ Աշխատել է նաև Ղրղզստանի արդյունաբերության ոլորտում[4]։
Կարայանչևան հանդիսանում է «Գերբ» կուսակցության անդամ և 2007 թվականին դարձել է Քարջալիի տարածաշրջանային համակարգողը։ 2009 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Քարջալիի ընտրատարածքը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավոր[2][4]։ Վերընտրվել է 2013, 2014 և 2017 թվականներին[4]։ 2017 թվականի մայիսից մինչև նոյեմբեր եղել է խորհրդարանի հինգ փոխնախագահներից մեկը[6][7]։
2017 թվականի նոյեմբերի 17-ին ընտրվել է խորհրդարանի նախագահ[2] 138 կողմ, 3 դեմ ու 71 ձեռնպահ ձայներով[8]։ Փոխարինել է Դիմիտար Գլաչևին, որը հրաժարական էր տվել «քաղաքական ցնցումներից» խուսափելու համար, երբ Բուլղարիան ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը[9]։
2018 թվականի նոյեմբերին հովանավորել է Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության դեմ ուղղված փոփոխությունը[10]։ 2019 թվականի հունիսին պաշտոնական այցով եղել է Մոսկվայում[11]։ 2020 թվականի մայիսի 9-ին COVID-19 համավարակին ի պատասխան արգելել է բոլոր պատգամավորների արտասահմանյան այցերը[12]։ Մարտի 26-ին առաջարկել է, որ խորհրդարանը դադարեցնի կանոնավոր նիստերը և գումարվի միայն հրատապ կամ արտակարգ դրդապատճառների համար, իսկ նախարարներին ուղղված հարցերը լինեն բացառապես գրավոր[13]։
Ի պատասխան 2020 թվականի սեպտեմբերին կառավարության դեմ բողոքի ցույցերի՝ Կարայանչևան ասել է․ «Իհարկե, մենք լեգիտիմ ենք։ Մենք այս իշխանությունը նվաճել ենք 2017 թվականին, երբ ընտրությունները կազմակերպել էր Ռումեն Ռադևի ժամանակավոր կառավարությունը»[14]։ Նա ասել է, որ բողոքի ակցիաները ֆինանսավորվել են մաֆիայի կողմից, և որ լրագրողների մուտքը խորհրդարան չի վերականգնվի[14]։ Կարայանչևան ավելի վաղ ասել էր, որ խորհրդարանում միայն պետական հաստատությունների ներկայացուցիչներին թույլ տալու որոշումը COVID-19-ի տարածումը կանխելու միջոցառումների մի մասն է կազմել[15]։
2020 թվականի հոկտեմբերին խորհրդարանը քննարկել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության և «Իրավունքների և ազատությունների շարժման» 96 անդամների կողմից ներկայացված խնդրանքը՝ նրան հեռացնելու մասին, պատճառաբանելով, որ նա խախտել է օրենսդրական գործընթացի կանոնները և անտեղյակ է Սահմանադրությանը[16][17][18]։ «Գերբ» խորհրդարանական խմբի փոխնախագահ Կրասիմիր Ցիպովը մերժել է խնդրանքը[16]։
Կարայանչևան հրավեր է ուղարկել Եվրահանձնաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն, «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողով ու Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ՝ արդարության մասին շահարկումներից հետո 2021 թվականի ընտրություններին դիտորդներ ուղարկելու համար[19]։ 2021 թվականի հունվարին քննադատել է նախագահ Ռումեն Ռադևին 2021 թվականի ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը խաթարող խոսակցությունների համար[20]։ Նա վարչապետ Բոյկո Բորիսովի մերձավորներից է ու երբ լուրեր են տարածվել, որ Իսպանիայում նա հետաքննվում է փողերի լվացման համար, նա սկզբում դա հերքել է որպես «կեղծ լուրեր»[21]։
Ավելի քան երեսուն տարի ամուսնացած է Իլյա Կարայանչևի հետ, որին հանդիպել է դեռևս ուսանողության տարիներին[3]։ Երկու թոռնիկների տատիկ է[22]։ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին Խիտրինոյի մոտ Կարայանչևայի վարած մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, որի վարորդը կորցրել էր կառավարումը։ Կարայանչևան կոտրված ողնաշարով և վնասված ողերով տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդին մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը կարճվել է այն բանից հետո, երբ Կարայանչևան ցանկություն է հայտնել, որ նա չպատժվի[23]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ցվետա Կարայանչևա կատեգորիայում։ |