«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013 թ. որոշում՝ կապված Դողու Փերինչեքի (ուլտրանացիոնալ քաղաքական ակտիվիստ, Թալեաթ փաշայի կոմիտեի անդամ) կողմից արված հրապարակային հայտարարությունների հետ, որոնց պատճառով Շվեյցարիայի դատարանը վերջինիս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը հրապարակավ հերքելու հիմքով։
Գործով Շվեյցարիայի կողմից բողոքարկման նախնական լսումներն անցկացվել են 2015թ․հունվարի 28-ին։ Այնուհետև 2015թ․ հոկտեմբերի 15-ին Մեծ պալատը որոշում կայացրեց Փերինչեքի օգտին, ով պնդում էր, որ խախտվել է խոսքի ազատության իր իրավունքը։
Խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու համար վճիռը գովերգվեց որոշ իրավագետների կողմից։ Մյուս կողմից, այն լայնորեն քննադատվեց հայատյացությունը անտեսելու, ինչպես նաև Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների միջև խտրական մոտեցում ցուցաբերելու, այլ կերպ՝ երկակի ստանդարի համար։ Թուրք ազգայնականները, բարձր գնահատելով վճիռը, սկսեցին սխալ մեկնաբանել այն՝ որպես արդարացում իրենց այն պնդումների, որ Հայոց ցեղասպանություն երբեք էլ տեղի չի ունեցել։
Դողու Փերինչեքը թուրք քաղաքական գործիչ է և «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամ։ Կոմիտեն ծայրահեղ ազգայնական կազմակերպություն է և կրում է Հայոց ցեղասպանությունն իրականացրած գլխավոր ոճրագործի անունը։ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ շվեյցարական օրենքը «ստուգելու» նպատակով Փերինչեքն իր Շվեյցարիա կատարած այցի ժամանակ բազմիցս պնդում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է[1][2]։ 2007թ․ մարտին Լոզանում գտնվող Շվեյցարիայի շրջանային դատարանը նրան մեղադրում է ռասայական խտրականության մեջ: Արդյունքում Փերինչեքը դատապարտվում է 90 օր ազատազրկման և տուգանվում 3000 շվեյցարական ֆրանկով[3]։ Դատավարության ժամանակ Փերինչեքը, սակայն, մերժում է իրեն առաջադրված մեղադրանքը. «Ես ցեղասպանությունը չեմ հերքել, քանի որ ցեղասպանություն տեղի չի ունեցել»։ Դատարանի որոշումից հետո նա ասաց. «Ես պաշտպանում եմ ազատ կամարտահայտման իմ իրավունքը»։ Փերինչեքը բողոքարկում է դատավճիռը։ 2007թ․ դեկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային դատարանը հաստատում է Փերինչեքին նշանակած պատիժը[4],որից հետո Փերինչեքը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
2013թ․ դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ստորին պալատը 5-2 ձայների մեծամասնությամբ վճռեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի ազատ կամարտահայտման իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով[5]։ Համաձայն վճռի՝ Փերինչեքը չէր չարաշահել իր իրավունքները Կոնվենցիայի 17-րդ հոդվածի իմաստով։ «Դատարանը գտնում է, որ 1915 թ. իրադարձությունների իրավական բնութագրման հերքումը ինքնին բավարար չէ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սադրելուն», - նշված է դատարանի վճռում։ «Դիմողը չի չարաշահել իր իրավունքը և չի ներգրավվել զգայուն և վիրավորանք պատճառող թեմաների շուրջ բաց քննարկման մեջ։ Այս իրավունքի ազատ իրացումը ազատ կամարտահայտման հիմնարար հայեցակետերից մեկն է և ժողովրդավարական, հանդուրժող և բազմակարծ հասարակությունը առանձնացնում է տոտալիտար կամ բռնապետական վարչակարգից»[6]։
Դատարանը մատնանշեց, որ «արված հայտարարությունները Հայոց ցեղասպանության իրավական բնութագրմանը չեն առնչվել։ «Ցեղասպանության» գոյությունը, որը հստակ սահմանված իրավական հասկացություն է, հեշտ ապացուցելի չէ։ Դատարանը կասկածի տակ դրեց այն, որ նման խնդրո առարկա դեպքերի համար կարող է ընդհանուր փոխզիջում գոյություն ունենալ՝ հաշվի առնելով, որ պատմական իրադարձությունը, ըստ սահմանման, բաց է քննարկման համար և կարող է դառնալ բանավեճի առարկա՝ առանց պարտադիր եզրահանգումների կամ օբյեկտիվ և բացարձակ ճշմարտության վերհանման»[7]։
Որոշումն ընդունելուց հետո Շվեյցարիայի կառավարությունը հայտարարեց Ստորին պալատի դատավճիռը բողոքարկելու մասին։ 2014թ. հունիսի 3-ին դատարանն ընդունեց դիմումը Մեծ պալատ տեղափոխվելու որոշումը` հստակեցնելու ռասիզմի դեմ պայքարի մասով Շվեյցարիայի քրեական օրենսգրքի կիրառման առկա շրջանակը[8][9]։
Առաջին լսումը տեղի ունեցավ 2015 թ. հունվարի 28-ին, որտեղ Փերինչեքի ներկայացուցիչը Լոնդոնի Միդլսեքս համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լորան Փեխն էր, իսկ Թուրքիան՝ որպես երրորդ կողմ, ներկայացնում էրՕքսֆորդի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ստեֆան Թալմոնը[10]։ Շվեյցարիան ներկայացնում էր փաստաբան Ֆրենկ Շյուրմանը, իսկ Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնում էին «Doughty Street Chambers» փաստաբանական խումբը` Ջեոֆրի Ռոբերտսոնի ԹԽ (QC) և Ամալ Քլունիի գլխավորությամբ։ Դատարանի հետագա քննարկումներն անցկացվել են դռնփակ։ Բողոքարկման առաջին նիստի տեսանյութը հասանելի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքում։
Դատարանը, լիովին տեղյակ լինելով, որ խնդրո առարկան հայ համայնքի համար չափազանց նուրբ հարց է, այնուամենայնիվ, հայտարարությունները չհամարեց ատելություն կամ անհանդուրժողականություն հրահրելու ձև։ Մեծ պալատի վճռում բազմիցս նշվում է, որ դիմողը արհամարհանք կամ ատելություն չի արտահայտել 1915թ․ և հետագա տարիների իրադարձությունների զոհերի նկատմամբ։ Մեծ պալատը 10-7 ձայների մեծամասնությամբ որոշեց, որ առկա է եղել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում[11], և 2015 թ. հոկտեմբերի 15-ին վճռեց հօգուտ Փերինչեքի[5]։
Հայաստանի ներկայացուցչի կողմից տարածած իրենց հայտարարության մեջ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին նշում են իրենց գոհունակությունը առ այն, որ Դատարանը Հայաստանի անունից հաստատել է իրենց փաստարկը։ Սույն վճռով չի վիճարկվել Հայոց ցեղասպանության փաստը, և հարգվել է հայերի` եվրոպական օրենսդրությամբ իրենց արժանապատվությունը հարգելու և պաշտպանելու իրավունքը, ներառյալ` համայնքի ինքնության ճանաչումը[12]։
Մեծ պալատը նաև հստակեցրեց, որ դատարանը պարտավոր չէ պարզել, թե արդյոք Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականից ի վեր հայ ժողովրդի կրած կոտորածներն ու զանգվածային տեղահանումները կարելի է որակել որպես ցեղասպանություն միջազգային իրավունքի սույն եզրույթի իմաստով։ Հավելվեց նաև, որ դատարանը չունի իրավաբանորեն պարտավորեցնող հայտարարություններով հանդես գալու իրավասություն։ Ավելին, 7 դատավոր, այդ թվում ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, իրենց մասամբ համընկնող, մասամբ չհամընկնող կարծիքի մեջ նշել են, որ ինքնին հասկանալի է, որ հայ ժողովրդի կրած ջարդերն ու տեղահանությունները հենց ցեղասպանություն են, և որ Հայոց ցեղասպանությունը հստակորեն հաստատված պատմական փաստ է։ «Խնդիրը պատմական ճշմարտության կամ 1915 թ․ իրադարձությունների իրավական բնութագրումը չէ», - նշված է կարծիքում։ Այնուհետև նրանք մանրամասնում են, թե ինչու չեն կարողացել հետևել մեծամասնության մոտեցմանը` կապված դիմողի հայտարարությունների գնահատման հետ[11]։
Սույն գործով դատարանի հիմնավորումները լայն քննադատության արժանացան[13]։ Քանի որ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել անդամ երկրների կողմից Հոլոքոստի ժխտումը քրեականացնելու վերաբերյալ, դատավճիռը քննադատվեց Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների միջև խտրական վերաբերմունքի, այլ կերպ՝ երկակի ստանդարտի պատճառով, ինչպես նաև հակահայկականությունը որպես ցեղասպանության ժխտման դրդապատճառ չճանաչելու համար[14]։ Շանթ Ն.Նաշալյանը հայտարարեց, որ սույն վճռով դատարանը անտեսեց այն փաստը, որ Փերինչեքը «ըստ երևույթին, նպատակ ուներ՝ հետագայում տարածելու թուրքական ժխտողական և ճնշման ծրագիրը` այդպիսով հավերժացնելով երիտթուրքերի և Աթաթուրքի կործանարար և ռեպրեսիվ գաղափարախոսությունը, որն այսօր էլ առկա է Թուրքիայում»[15]։ Իրավագիտության պրոֆեսոր Սեւան Գարիբյանի կարծիքով, դատավճիռը «հաղթանակ է ցեղասպանության ժխտման գաղափարախոսության համար»[16]։ Իսկ ահա Փերինչեքը և Թալեաթ փաշայի կոմիտեն, ինչպես նաև Թուրքիայի կառավարությունը սխալ մեկնաբանեցին դատավճիռը՝ պնդելով, որ դատարանը սույնով վերջ է դրել «ցեղասպանության վերաբերյալ հարյուրամյա սուտին»[1]։
Գենտի համալսարանի պրոֆեսոր Դիրկ Վուրհուֆը բարձր գնահատեց վճիռը՝ պնդելով, որ այն « Եվրոպայում ազատ կամարտահայտման համար անկասկած տխրուր կլիներ», եթե վճիռը հաջողությամբ բողոքարկվեր Մեծ պալատում[17]։
Հայազգի գրող Հարութ Սասունյանը Դատարանի 2013 թ. վճիռը որակեց՝ որպես Թուրքիայի և Փերինչեքի ժխտողական դիրքորոշման հաստատում[18]։ Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան նույնպես հայտնել է դատարանի հիմնավորմանն իր անհամաձայնության մասին.
{{cite journal}}
: Unknown parameter |lay-url=
ignored (օգնություն)