Փիթերը և Վենդին անգլ.՝ Peter Pan; or, the Boy Who Wouldn't Grow Up և ճապ.՝ ピーター・パンとウェンディ[1] | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջեյմս Բարրի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1911 |
Առաջին ներկայացում | դեկտեմբերի 27, 1904 |
Տեսարան | Լոնդոն |
Կերպարներ | Փիթեր Պեն, Wendy Darling?, John Darling?, Michael Darling?, Crocodile?, Curly?, Tootles?, Slightly?, The Twins? և Nibs? |
Նկարազարդող | Francis Donkin Bedford? |
Հրատարակչություն | Hodder & Stoughton և Charles Scribner's Sons |
Հրատարակվել է | 1911 |
Նախորդ | Փոքր սպիտակ թռչուն և Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում |
Հաջորդ | Peter Pan in Scarlet? |
Peter Pan |
Փիթերը և Վենդին (նաև «Փիթեր Փենը և Վենդին») Ջեյմս Բարրիի հեքիաթն է, Փիթեր Փենի մասին ամենահայտնի գործերից մեկը։ Փիթերը մի տղա է, ով ծնվելուց անմիջապես հետո փախել է տնից և չի ցանկացել դառնալ չափահաս։ Պատմվածքը լույս է տեսել 1911 թվականին և այն ժամանակից ի վեր դարձել է անգլերեն, իսկ այնուհետև համաշխարհային մանկական գրականության նմուշ։ Պատմության սյուժեն վերադառնում է 1904 թվականին Լոնդոնում բեմադրված «Փիթեր Փեն, կամ տղան, ով չէր ուզում մեծանալ» պիեսին («Փիթեր Փեն»)։ Իր հերթին, պիեսի և գրքի իրադարձությունները շարունակում են ավելի վաղ պատմություն՝ «Փիթեր Փենը Քենսինգթոնի այգիներում», որը հրատարակվել է 1902 թվականին որպես Բարրիի «Սպիտակ թռչունը» վեպի մի մաս[2]։
«Փիթերը և Վենդին» հեքիաթը թարգմանվել է շատ լեզուներով և բազմիցս ցուցադրվել է։ Կան մի քանի ռուսերեն թարգմանություններ, որոնցից ամենահայտնին Իրինա Տոկմակովայի համառոտ վերապատմումն է և Նինա Դեմուրովայի ամբողջական թարգմանությունը։ Պիեսը լույս է տեսել Բորիս Զախոդերի թարգմանությամբ։
Վենդին Դարլինգների ոչ հարուստ ընտանիքի ավագ երեխան է։ Նա ունի երկու փաքր եղբայր՝ Ջոնը և Մայքլը։ Դայակի դերը խաղում է նրանց շունը՝ Նենան[3]։ Մի օր տիկին Դարլինգը նկատում է, որ Փիթեր Փենը՝ տերևներով հագուստ հագած մի տղա, ով գիշերը նրանց մոտ է գալիս պատուհանից և փող նվագում, երեխաների մտքերում հաճախ է հայտնվել։ Մի անգամ Փիթերը, շտապ սենյակի պատուհանից դուրս գալով, թողնում է իր ստվերը տան մեջ։ Մի քանի օր անց՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ պարոն ու տիկին Դարլինգները գնում են իրենց հարևաններին այցելելու, Փիթերն ու նրա փերին՝ Զընգ-զնգը կեսգիշերին վերադառնում են ստվերի հետևից։ Արթնացած Վենդիին Փիթերը պատմում է, որ ինքը ծնվելու օրը թողել է ծնողներին, քանի որ չի ցանկանում մեծանալ, և ապրել է Քենսինգթոնի այգիներում՝ փերիների մեջ, իսկ հետո դարձել է Նևերլենդ կղզում ապրող կորած տղաների առաջնորդը։ Իմանալով, որ Վենդին շատ հեքիաթներ գիտի, Փիթերը, ով գիշերները թռչում էր նրանց մոտ՝ տիկին Դարլինգի պատմած հեքիաթները լսելու, համոզում է Վենդիին և նրա եղբայրներին իր հետ գնալ կղզի, և սովորեցնում է նրանց թռչել փերիի կախարդական փոշու օգնությամբ։ Երեխաները պատուհանով թռչում են Փիթերի հետևից, նախքան նրանց սենյակ հասցնում են վազել ծնողները՝ Նենայի հաչոցից գրավված։
Օդում երկար մնալուց հետո Փիթերը և երեք երեխաները վերջապես հանում են Նևերլենդ, սակայն ծովահենները նրանց թնդանոթով կրակում են և Փիթերին մի կողմ մղում։ Այդ ընթացքում Կորած տղաներին հետապնդում են ծովահենները, ծովահաններին՝ հնդիկները, իսկ հնդիկներին՝ վայրի գազանները։ Բացի այդ, ծովահենների առաջնորդը՝ նավապետ Հուկը, ում ձեռքը ժամանակին կտրել է Փիթեր Փենը, խուսափում է կոկորդիլոսից, որը կերել է նրա ձեռքը և երազում է ուտել հենց նրան՝ Հուկին։ Ժամացույցը, որը նա կուլ էր տվել, տկտկում է կոկորդիլոսի ստամոքսում, իսկ տկտկոցը թույլ է տալիս Հուկին խուսափել կենդանուց։ Մինչ Փիթերի հայտնվելը՝ Զընգ-զնգը Վենդիին տանում է տղաների գաղտնի տուն և առաջարկում նրանցից մեկին սպանել նրան։ Շատախոսը կրակում է Վենդիի վրա, բայց նա ողջ է մնում կաղինի շնորհիվ, որ Փիթերը տվել էր նրան։ Երբ Փիթերը գալիս է, տղաները Վենդիի համար տուն են կառուցում, և նա դառնում է նրանց մայրը․ պատրաստում է նրանց համար և ամեն կերպ հոգ տանում նրանց մասին։
Ժամանակ է անցնում։ Մի օր Փիթերն ու Վենդին ծովի ժայռից տեսնում են ծովահեններին, ովքեր ցանկանում են խեղդել Լիլիային՝ կարմրամորթների արքայադստերը։ Ընդօրինակելով Հուկի ձայնը՝ Փիթերը հրամայում է ծովահեններին բաց թողնել աղջկան։ Այսպիսով, հնդիկները դառնում են տղաների դաշնակիցները և պաշտպանում նրանց։ Բայց ծովահենները, կղզում պատերազմի կանոնները խախտելով հնդկացիների վրա են հարձակվում և տղաներին խաբեությամբ դուրս բերում իրենց թաքստոցից հենց այն ժամանակ, երբ Վենդին և նրա եղբայրները ցանկանում են վերադառնալ իրենց ծնողների մոտ։ Փիթերը, ով չէր ցանկանում լքել կղզին, մնում է տանը, որտեղ Հուկը փորձում է թունավորել նրան, սակայն Զընգ-զնգը խմում է Փիթերի համար նախատեսված թույնը՝ փրկելով նրան։ Փիթերը գաղտագողի բարձրանում է ծովահենների նավ, որտեղ Հուկը պատրաստվում է մահապատժի ենթարկել տղաներին։ Ազատելով տղաներին ձեռնաշղթաներից՝ Փիթերը ծովահենների հետ ճակատամարտում միանում է նրանց և հաղթանակում, իսկ Հուկը նավց ցած է ընկնում՝ հենց կոկորդիլոսի բերանը։
Ծովահենների նավով երեխաները նավարկում են դեպի Ազորյան կղզիներ, իսկ այնտեղից թռչում են Դարլինգների տուն, որտեղ պարոն և տիկին Դարլինգներն արդեն հուսահատվել էին իրենց նորից տեսնելուց։ Սկզբում ծնողների առջև հայտնվում են Վենդին, Ջոնը և Մայքլը, իսկ հետո կղզուց վեց տղաներ, որոնց Դարլինգները համաձայնում են որդեգրել։ Միայն Փիթերն է վերադառնում կղզի, բայց խոստանում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ և այցելել Վենդիին, որոշ ժամանակով նրան Նևերլենդ տանելու համար։
Անցնում են տարիներ։ Վենդին և տղաները մեծանում են։ Ծնվում է Վենդիի դուստրը՝ Ջեյնը, և մի օր, Վենդիի հետևից գալով, Փիթերը հասկանում է, որ նա չափահաս է դարձել և նրա դստերը՝ Ջեյնին իր հետ տանում է Նևերլենդ։ Երբ Ջեյնը մեծանա, Փիթերը նրա դստեր՝ Մարգարետի հետ կթռչի կղզի, և այդպես շարունակ, «մինչև երեխաները մոռանան, թե ինչպես լինել կենսուրախ, միամիտ և անսիրտ»[4]։
Գոյություն ունեն այս պատմության տարբեր էկրանավորումներ՝ սկսած 1924 թվականի սև-սպիտակ համր ֆիլմից։ Պատմության ոչ բոլոր էկրանավորումների սյուժեներն են համընկնում հիմնականին, իսկ դրանցից որոշնորում ներկայացված են հերոսների հետագա ճակատագրերը։
2004 թվականին Լոնդոնի Great Ormond Street մանկական հիվանդանոցի հոգաբարձուները, ում Բարրին փոխանցել էր Փիթեր Փենի բնօրինակ գրքի հեղինակային իրավունքները, անցկացրին մրցույթ՝ Բարրիի պատմվածքների լավագույն շարունակությունը, որին մասնակցեցին երկու հարյուր հեղինակ։ Մրցույթը հաղթեց Ջերալդին Մակորկրանը, ում «Փիթեր Փենը բոսորագույն գույներով» վեպը հրատարակվել է 2006 թվականի հոկտեմբերին՝ միանգամից 30 երկրներում և 34 լեզուներով։ Գիրքը պատմում է երկար տարիներ անց «Պիտեր և Վենդի» պատմվածքի հերոսների ճակատագրի մասին[5][6]։