Փսիխասթենիա | |
---|---|
ՀՄԴ-9 | 300.89 |
ՀՄԴ-10 | F48.8 |
Փսիխասթենիան ֆոբիաներով, կպչուն մտքերով, սևեռուն մղումներով կամ չափազանց տագնապայնությամբ բնորոշվող հոգեբանական խանգարում էր[1]։ Տերմինն այլևս չի կիրառվում որպես հոգեբուժական ախտորոշում, թեև այն դեռևս մեկն է ամենահայտնի անձնային ինքնագնահատողական հարցարաններ MMPI և MMPI-2-ի (Մինեսոտայի անձնային բազմափուլ հարցարան) տասը կլինիկական ենթասանդղակներից։ Այն նաև մեկն է Կարոլինսկայի տասնհինգ անձնային սանդղակներից։
ՄԱԲՀ 7-րդ ենթասանդղակը սերտորեն կապում է փսիխասթենիան օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը, որին բնորոշ են չափից շատ կասկածամտությունը, սևեռուն մղումները, կպչուն մտքերը և անհիմն վախերը։ Փսիխասթենիկն անկարող է դիմակայել որոշակի գործողությունների կամ մտքերի՝ անկախ նրանց վնասակար բնույթից։ Ի հավելում օբսեսիվ-կոմպուլսիվ հատկանիշներին՝ սանդղակը գնահատում է ոչ նորմալ վախերը, ինքնաքննադատությունը, կենտրոնանալու դժվարությունը և մեղքի զգացումը։ Սանդղակը գնահատում է երկարաժամկետ (բնորոշ) տագնապը, թեև այն արձագանքում է նաև իրավիճակային ստրեսին։
Փսիխասթենիկը չունի բավարար վերահսկողություն իր գիտակից մտածողության և հիշողության վրա և երբեմն աննպատակ թափառում է և (կամ) մոռանում անելիքը։ Մտքերը ցրված են, և կանոնակարգելը մեծ ջանքեր է պահանջում՝ հաճախ հանգեցնելով չնախատեսված նախադասությունների, որոնք, հետևաբար, թերիմաստ են այլոց համար։ Չընդհատվող մտավոր ջանքերն ու բնորոշ անքնությունը առաջացնում են գերհոգնածություն, ինչն ավելի է բարդացնում վիճակը։ Ախտանշանները հնարավոր է մեծապես նվազեցնել կենտրոնացման վարժությունների և թերապիայի միջոցով՝ կախված նրանից, թե հիվանդությունը հոգեբանական է, թե կենսաբանական[2]։
«Փսիխասթենիա» տերմինն սկզբում հիմնականում ասոցացվում էր ֆրանսիացի հոգեբույժ Պիեր Ժանեի հետ[3], որը նևրոզները բաժանեց փսիխասթենիաների և հիստերիաների։ (Նա հրաժարվեց այն ժամանակ տարածված «նևրասթենիա» (թույլ նյարդեր) տերմինից, քանի որ այն առաջ էր քաշում նյարդաբանական տեսություն, երբ այն գոյություն չուներ)[4]։ Մինչ հիստերիաների հիմնապատճառն ընդգրկում էր գիտակցական դաշտի նեղացում, փսիխասթենիաների հիմքում ընդգրկված էր fonction du reél («իրականության գործառույթի») խանգարում՝ թուլության մի տեսակ՝ սեփական փոփոխվող փորձառություններին հետևելու, հարմարվելու և այդ ամենը համադրելու կարողության մեջ (հմմտ. կատարողական ֆունկցիան այժմյան էմպիրիկ հոգեբանության մեջ)։ Հետագայում շվեյցարացի հոգեբույժ Կարլ Յունգը Ժանեի հիստերիկ և փսիխասթենիկ տիպերը դարձրեց իր առաջ քաշած էքստրավերտ և ինտրովերտ անձերի նախատիպը[5]։
Գերմանաշվեյցարացի հոգեբույժ Կարլ Յասպերսը, հետևելով Ժանեին, փսիխասթենիան նկարագրեց որպես ««հոգեկան էներգիայի նվազեցում» տեսական եզրույթով համակցված» երևույթների բազմություն։ Փսիխասթենիկ անձը նախընտրում է «մեկուսանալ իր ընկերներից և չառնչվել այնպիսի իրավիճակների, որտեղ իր չափազանց խոր «բարդույթները» զրկում են իրեն ինքնատիրապետումից, հիշողությունից և հավասարակշռությունից»։ Փսիխասթենիկն անվստահ է, հակված սևեռուն մտքերի, անհիմն վախերի, ինքնավերլուծության և անվճռականության։ Այս դրությունն իր հերթին նպաստում է աշխարհից մեկուսանալուն և երազկոտությանը, թեև սա ամեն ինչ ավելի է բարդացնում։ «Հոգեկանը հիմնականում անկարող է լինում ներդաշնակություն ստեղծել կյանքում կամ համակարգել բազմազան փորձառությունները, չի կարողանում զարգացնել իր անհատականությունը և ապահովել կայուն աճ»։ Յասպերսի կարծիքով Ժանեի՝ փսիխասթենիայի որոշ առավել ծայրահեղ դեպքերը շիզոֆրենիայի դեպքեր էին[6]։ Յասպերսը տարբերակում և հակադրում է փսիխասթենիան և նևրասթենիան՝ վերջինս սահմանելով որպես «դյուրագրգիռ թուլություն», և նկարագրելով երևույթներ, ինչպիսիք են դյուրագրգռություն, զգայունություն, ցավոտ զգայունություն, արտասովոր արձագանք ազդակների նկատմամբ, մարմնական ցավեր, սաստիկ գերհոգնածության զգացում և այլն։