Քեթրին Էլիզաբեթ Մաքրեդի Պերուջինի, (հոկտեմբերի 29, 1839[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մայիսի 9, 1929[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն) Վիկտորյական դարաշրջանի նկարչուհի, Քեթրին և Չարլզ Դիքենսների դուստրը[4]։
Իսկական անունը Քեթրին Դիքենս է, մականունը՝ Քեյթ կամ Քեյթի, նա Չարլզ Դիքենսի կրտսեր դուստրն էր, և ըստ քույրերի՝ ամենասիրելին[5]։ Դիքենսը նրան անվանել է իր ընկերոջ՝ դերասան Ուիլյամ Մաքրեդիի պատվին[6]։ Իր տաքարյունության համար նա ստացել էր «Lucifer Box» մականունը[7]։
Նա փոքր տարիքում շատ է ճամփորդել ընտանիքի հետ և խաղացել է հոր մշակած սիրողական թատերական բեմադրություններում, ներառյալ 1857 թվականին Ուիլկի Քոլինզի «The Frozen Deep»-ում՝ Վիկտորյա թագուհու առջև[8]։ 1858 թվականին ծնողները բաժանվեցին, և երեխաները մնացին իրենց հոր հետ։ Բաժանման պատճառը մնում է անհայտ, թեև, ըստ բամբասանքների, պատճառը Դիքենսի և իրենից շատ փոքր դերասանուհի Էլեն Թերնանի և/կամ Ջորջինա Հոգարթի սիրային հարաբերություններն էր[6]։
Նրա առաջին ամուսինը եղել է արվեստագետ և գրող Չարլզ Օլսթըն Քոլինզը՝ Ուիլկի Քոլինզի կրտսեր եղբայրը։ Նրանք ամուսնացել են 1860 թվականի հուլիսի 17-ին։ Քոլինզի հետ ամուսնության ժամանակ Պերուջինին սիրային կապ է ունեցել Վալենտին Պրինսեպի հետ[8]։ 1873 թվականին՝ ամուսնու մահվանից հետո, Քեյթն ամուսնացել է արվեստագետ Չարլզ Էդվարդ Պերուջինիի հետ։ 1873 թվականին զույգն ամուսնացել է գաղտնի, իսկ 1874 թվականին տեղի է ունեցել պաշտոնական արարողությունը։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Լեոնարդ Ռալֆ Դիքենս Պերուջինին։ Նա մահացել է 1876 թվականի հուլիսի 24-ին՝ յոթ ամսականում։ Պերուջինիները ակտիվ էին գեղարվեստական հասարակության մեջ և պահպանում էին ընկերական կապերը Ջեյմս Մեթյու Բարրիի և Ջորջ Բեռնարդ Շոուի, ինչպես նաև դարարջանի այլ հայտնի մարդկանց հետ[9]։ Ինչպես իր առաջին ամուսինը, նա էլ նկարչության հետ մեկտեղ զբաղվել է գրական գործունեությամբ[10][11][12]։
Քեյթը կենսագիր Գլադիս Սթորիի «Դիքենս և դուստր» գրքի հիմնական տեղեկատվական աբյուրն էր։ Գրքում հաստատվում է Դիքենսի և Էլեն Թերնանի սիրային կապը[13]։ Չարլզ Դիքենսի աջակիցները գիրքը համարել են անվստահելի, հատկապես Էլեն Թերնանի և երեխայի ծննդի մասին հատվածները։ Սակայն Ջորջ Բեռնարդ Շոուն գրել է «The Times Literary Supplement»-ը, որտեղ ասում էր, որ Քեյթը գրքում գրվածի մասին իրեն պատմել է քառասուն տարի առաջ[14]։
Չարլզ Պերուջինին մահացել է 1918 թվականին և թաղվել՝ որդու կողքին։ Քեյթն ապրել է ևս տասը տարի և մահացել՝ 89 տարեկանում։ Մահվան պատճառներից մեկն էլ, ինչպես նշված էր վկայականում, եղել է գերհոգնածությունը։
12 տարեկանում Քեյթ Դիքենսն սկսել է սովորել արվեստ Բեդֆորդ քոլեջում՝ Բրիտանիայի՝ կանանց համար նախատեսված առաջին բարձրագույն ուսունական հաստատությունում։ Նա դարձավ հաջողակ դիմանկարչուհի և ժանրային գեղանկարչուհի, երբեմն համագործակցելով իր ամուսնու՝ Չարլզ Պերուջինիի հետ։ Քեյթը ձգտում էր տարբերվել հորից՝ չցանկանալով ճանաչվել միայն նրա փառքի շնորհիվ[15]։
1880 թվականին Ջոն Էվերեթ Միլլեն պատկերել է նրան իր «ամենազարմանալի դիմանկարներից» մեկում[16]։ 1881 թվականին այն ցուցադրվել է Գրոսվենոր պատկերասրահում՝ ամառային ցուցահանդեսում։ Նկարում Պերուջինին մեջքով է կանգնած նկարչին, սակայն ուրվագծվում են նրան բնորոշ հատկությունները։ Պերուջինիի՝ Գրոսվենոր պատկերասրահում ցուցադրված դիմանկարը եղել է ամուսնական նվեր Միլլեի կողմից։ Դա Միլլեի հետագա դիմանկարչական ոճի օրինակ էր․ ավելի ազատ, շքեղ և էսքիզային, քան պրեռաֆայելիտների նատուրալիզմը։ Գրոսվենորում ցուցադրության ժամանակ «Պերուջինին իրեն ներկայացնում է բարեկիրթ, զարգացած և արտիստական ընտանիքի անդամ»[17]։ Նախկինում նա եղել էր Միլլեի «The Black Brunswicker» (1860) նկարի բնորդուհին .
1877 թվականին նա սկսել է ցուցադրել իր աշխատանքները Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Նա նաև պարբերաբար ցուցադրել է իր աշխատանքները «Ջրանկարիչների միությունում» և «Կին արվեստագետների միությունում»։ 1880 և 1882 թվականներին Պերուջինին երեք աշխատանք է ուղարկել Գրոսվենոր պատկերասրահ։ Մեկը՝ վերնագրված «Civettina» (1880), իտալական ժանրային գեղանկար է, որը պատկերում է մեջքով կանգնած աղջկա ուրվագիծ, ինչպես Միլլեի նկարածը[17]։ Պերուջինին 1893 թվականին ցուցադրել է իր գործերը Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում և Կնոջ շենքում[18]։
Պերուջինին հատկապես հայտնի է իր մանկական դիմանկարների շնորհիվ, դրանցից են՝ «Փոքրիկ տիկինը» (1879), «Ճագարներին կերակրողը» (1884), «Դորոթի դը Միշել»-ը (1892) և «Ծաղկավաճառը»[19]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Պերուջինի» հոդվածին։ |
|