Քթի պոլիպ

Քթի պոլիպ
Nasal polyp
ՏեսակՕրթոռինոլարինգոլոգիա
Հիվանդության ախտանշաններՔթային դժվարաշնչություն, հոտառության կորուստ, համի զգացողության նվազում, քթում ծանրության զգացողություն, քթից արտադրություն
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն և ականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9471
ՀՄԴ-10J33
Ռիսկի գործոններԱլերգիաներ, մուկովիսցիդոզ, ասպիրինային զգայունություն, վարակներ
ԱխտորոշումՖիզիկական հետազոտություն, համակարգչային շերտագրություն
ԲուժումՔթի ստերոիդ սփրեյներ, վիրահատական միջամտություն, հակահիստամիններ
ԲարդություններՍինուսիտ
Հաճախություն~4%
 Nasal polyp Վիքիպահեստում

Քթի պոլիպներ, քթի կամ քթային սինուսի բարորակ ուռուցքներ[1]։ Սիմպտոմները ներառում են քթային դժվարաշնչությունը, հոտառության կորուստը, համի զգացողության նվազումը, քթում ծանրության զգացողությունը և քթից արտադրությունը[1]։ Գոյացությունները պոլիպներ են, դրանք դյուրաշարժ են, կոշտ, երբեմն դրա առկայության արդյունքում կարող է դեմքը ցավել[1]։ Տուժածների մոտ դրանք սովորաբար հանդիպում են երկու քթանցքերում[1]։ Բարդությունները կարող են ներառել սինուսիտը և քթի լայնացումը[2]։

Պոլիպի առաջաման հստակ պատճառն անհայտ է[1]։ Դրանք կարող են կապված լինել սինուսների ծածկույթների քրոնիկ բորբոքման հետ[1]։ Ավելի տարածված են այն մարդկանց շրջանում, որոնք ունեն ալերգիա, մուկովիսցիդոզ, ասպիրինի հանդեպ զգայունություն կամ որոշակի վարակներ[1]։ Պոլիպն իրենից ներկայացնում է լորձաթաղանթի գերաճ[1]։ Ախտորոշումը կարելի է իրականացնել հետազոտելով քիթը[1]։ Համակարգչային շերտագրությունը կարող է օգնել պոլիպների քանակի որոշման և վիրահատության նախագծման հարցում[1]։

Բուժումը սովորաբար իրականացվում է ստերոիդներով, հաճախ` քթի սփրեյների օգտագործմամբ[1]։ Եթե դա արդյունավետ չի լինում, այդ դեպքում կարելի է կատարել վիրահատական միջամտություն[1]։ Հիվանդությունը վիրահատությունից հետո կարող է կրկնվել, այդ իսկ պատճառով հիմնականում կիրառում են քթի ստերոիդային սփրեյները[1]։ Հակահիստամինները կարող են նպաստել ախտանիշների թեթևացմանը, բայց չեն կանխում հիվանդությունը[1]։ Բուժման համար հակաբիոտիկներ չեն պահանջվում. դրանք կիրառվում են միայն վարակի առկայության դեպքում։

Մարդկանց մոտ 4%-ն ի ծնե ունեն քթի պոլիպներ, մինչդեռ 40%-ի մոտ այն առաջանում է կյանքի կեսում[1]։ Դրանք հաճախ հանդիպում են քսան տարեկանից հետո, տղամարդկանց մոտ հանդիպման հաճախականությունն ավելի մեծ է։ Քթի պոլիպները նկարագրված են հին եգիպտացիների ժամանակներից։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի պոլիպի սիմպտոմներ են հանդիսանում քթից արյունահոսությունները, սինուսիտը, հոտառության վատացումը մինչև կորուստ (անօսմիա), քթից թանձր նյութի արտադրությունը, դիմային լարվածությունը, ռնգային խոսքը և բերանով շնչառությունը[3]։ Կրկնվող սինուսիտը կարող է հանգեցնել պոլիպների առաջաման[2]։ Երկար ժամանակ մնալով՝ պոլիպները կարող են հանգեցնել քթի ոսկորների ոչնչացմանը և քթի լայնացմանը[2]։

Քանի որ պոլիպները ժամանակի ընթացքում մեծանում են, դրանք ի վերջո տարածվում են քթային խոռոչի մեջ, որի հետևանքով էլ առաջանում են ախտանիշները[4]։ Քթային պոլիպի ամենատարածված ախտանիշները հանգեցնում են քթի փակմանը[5]։

Քթի պոլիպներ ունեցող այն մարդիկ, ովքեր ունեն ասպիրինի հանդեպ անհանդուրժողականություն, բնորոշվում են սիմպտոմներով, որոնք հայտնի են որպես Սամթերի եռյակ։ Դրանք են՝ ասթման, մաշկի ցանը և քթի քրոնիկ պոլիպները[3]։

Առաջացման պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի պոլիպի առաջացման ճշգրիտ պատճառը պարզ չէ[1], սակայն դրանց առաջացումը սովորաբար կապված է սինուսների երկարատև բորբոքում առաջացնող պայմանների հետ[6]։ Սա ներառում է քթի քրոնիկ սինուսիտը, ասթման, ասպիրինի հանդեպ զգայունությունը և մուկովիսցիդոզը[6]։

Պոլիպների ձևավորման հետ կապված այլ լրացուցիչ հիվանդություններ են[7]

Քթի քրոնիկ սինուսիտը ընդհանուր բժշկական վիճակ է, որը բնութագրվում է սինուսիտի ախտանիշներով և տևում է առնվազն տասներկու շաբաթ։ Պատճառը անհայտ է, և միկրոօրգանիզմների դերը մնում է անորոշ։ Այն կարող է ուղեկցվել քթի պոլիպի առկայութամբ կամ առանց դրա[6]։

Երեխաների մոտ քթի պոլիպի առաջացման ամենատարածված պատճառը մաստոցիտոզն է։ Հետևաբար, տասներկուսից մինչև քսան տարեկան անձիք պետք է ախտորոշվեն դրա առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար։ Մուկովիսցիդոզ ունեցող մարդկանց կեսի մոտ քրոնիկական խանգարումները խորանում են և պոլիպների քանակը մեծանում է[5][8]։ Մուկովիսցիդոզով հիվանդների կեսի մոտ հանդիպում են պոլիպներ, ինչը պայմանավորված է քթի օբստրուկցիայով և հիվանդության բուժման համար նախատեսված ագրեսիվ միջոցներով[5]։

Հարքթային սինուսներ։ 1.ճակատային սինուսներ, 2.մաղոսկրային սինուսներ (մաղոսկրի օդային խորշիկներ), 3.սեպոսկրային սինուսներ, 4.վերծնոտային սինուսներ

Կան երկու հիմնական տիպի քթի պոլիպներ` մաղոսկրային և խոանային։ Մաղոսկրային պոլիպները առաջանում են խորշիկավոր սինուսներում և տարածվում են դեպի քթի խոռոչ՝ քթի բացվածքի միջոցով։ Խոանային պոլիպները սովորաբար առաջանում են վերծնոտային սինուսում և տարածվում են դեպի քթըմպան։ Վերջինս կազմում է քթի պոլիպների միայն 4-6%-ը[5]։

Այնուամենայնիվ, խոանային պոլիպները առավել տարածված են երեխաների մոտ։ Դրանք կազմում են բնակչության մեջ պոլիպների տարածվածության մեկ երրորդ մասը[5]։

Ախտաբանական ֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի պոլիպների առաջացման իրական պատճառը անհայտ է, սակայն ենթադրվում է, որ դրանք առաջանում են կրկնվող վարակի կամ բորբոքման պատճառով[2]։ Պոլիպները ծագում են սինուսների ծածկույթներից։ Արտաբջջային հեղուկի հավաքման պատճառով քթի լորձաթաղանթը, հատկապես միջին բացվածքի շրջանում, այտուցվում է։ Արտաբջջային հեղուկի կուտակման հետևանքով քթի խոռոչում կամ սինուսներում առաջանում է քթի պոլիպ և անցնում քթի խոռոչ։ Պոլիպները, որոնք սկզբում գնդաձև են, ձգողության ուժի հետևանքով դառնում են ոտիկանման[9]։

Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ասպիրինի կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների հանդեպ զգայունություն, արախիդոնաթթվի նյութափոխանակությունը խանգարված է։ Ցիկլօքսիգենազների ազդեցությամբ, ինչպիսիք են ասպիրինը և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ակտիվանում է լիպօքսիգենազaների ակտիվությունը, ինչն էլ հանգեցնում է բորբոքային պրոցեսների առաջացման։ Բորբոքային արտադրուկի առկայության պատճառով նման մարդկանց մոտ ինքնաթիռում առաջանում է բրոնխիալ ասթմայի սիմպտոմներ, օրինակ՝ դժվարաշնչություն, ինչպես նաև կարող է գոյանալ քթի պոլիպ[10]։

Էնդոսկոպիայի միջոցով տեսանելի խոնային մեծ պոլիպ

Քթի պոլիպը կարող է հայտնաբերվել՝ քթում ֆիզիկական հետազոտությունների միջոցով և հաճախ հայտնաբերվում է հենց սիմպտոմների զարգացման ընթացքում։ Հետազոտության ընթացքում պոլիպը տեսանելի է քթանցքում[3]։ Որոշ պոլիպներ տեսանելի են առաջնային ռինոսկոպիայի միջոցով (հետազոտություն քթի հայելու և լույսի միջոցով), իսկ որոշներն էլ ավելի խորքային են և տեսանելի են միայն քթի էնդոսկոպիայի միջոցով[10]։ Վերջինս ներառում է փոքր, կոշտ տեսախցիկ և լույսի աղբյուր։ Պատկերը միաժամանակ ցուցադրվում է էկրանին, որպեսզի բժիշկը մանրամասն կարողանա ուսումնասիրել քթի ուղիները և սինուսները։ Գործընթացն ընդհանուր առմամբ ցավոտ չէ, բայց հիվանդը կարող է օգտագործել անզգայացնող սփրեյ՝ անհանգստությունը նվազեցնելու համար[11]։

Փորձեր են արվում զարգացնել համակարգեր քթի պոլիպների ծանրության աստիճանը որոշելու համար։ Առաջարկվող համակարգերում հաշվի են առնում պոլիպների՝ էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ պարզած չափերը և ախտահարված սինուսների քանակը։ Այս համակարգը միայն մասամբ է վավերացված, սակայն այն հետագայում կարող է օգտակար լինել հիվանդության ծանրության որոշման, բուժման արդյունավետության գնահատման և բուժման պլանավորման համար[4]։

Համակարգչային շերտագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային շերտագրությունը լիարժեք կարող է ցույց տալ պոլիպի տարածվածությունը, ինչը հնարավոր չէ ֆիզիկական հետազոտության միջոցով։ Վիրահատական միջամտության նախապատրաստման համար անհրաժեշտ է հետազոտությունն անցկացնել էկրանավորման միջոցով[5]։ Համակարգչային շերտագրությամբ հետազոտության ընթացքում քթի պոլիպը ունի 10-18 Հաունսֆիլդի միավորների բաժանված մարմնի տեսք։ Քթի պոլիպները կարող են կալցիֆիկացված լինել[12]։

Հյուսվածաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քթի պոլիպի հյուսվածաբանությունը, խոշորացումը՝ 25x(ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով)

Հյուսվածաբանական մակարդակով քթի պոլիպներն իրենցից ներկայացնում են հիպերպլաստիկ այտուցներով (ավելցուկային հեղուկով) շարակցական հյուսվածք։ Պարունակում են որոշ շճալորձային գեղձեր և բորբոքային գործընթացի առկայության մասին վկայող բջիջներ (հիմնականում՝ նեյտրոֆիլներ և էոզինոֆիլներ)։ Պոլիպը նեյրոններ չունի, հետևաբար հյուսվածքները, որոնք կազմում են պոլիպը, զգայունություն չունեն, և պոլիպը չի կարող ցավել[4]։ Վաղ փուլերում քթի պոլիպի մակերևույթը ծածկված է նորմալ շնչառական էպիթելով, սակայն հետագայում այն մետապլաստիկ փոփոխության ենթարկվելով դառնում է եղջերացող էպիթել. բնորոշվում է անընդհատ գրգռվածությամբ և բորբոքմամբ։ Ենթալորձային թաղանթում երևում են շճային հեղուկով լցված միջբջջային տարածությունները[13]։

Դիֆերենցիալ ախտորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն այլ հիվանդությունների սիմպտոմներ կարող են նմանվել քթի պոլիպի սիմպտոմներին, այդ պատճառով հետազոտության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել պոլիպի առկայությանը։ Օրինակները ներառում են էնցեֆալոցելեն (գլխուղեղի ճողվածք), գլիոման, պապիլոման և քաղցկեղը[8]։ Միակողմանի պոլիպների դեպքում խորհուրդ է տրվում կատարել նախնական բիոպսիա ավելի լուրջ հիվանդությունների առաջացումը բացառելու համար (քաղցկեղ, պապիլոմա, սնկային սինուսիտ)[3]։

Քթի պոլիպի բուժման առաջին քայլը ստերոիդների օգտագործումն է[10]։ Ստերոիդները նվազեցնում են սինուսի լորձաթաղանթի բորբոքման չափը` նպաստելով պոլիպի չափի փոքրացմանը և ախտանիշների բարելավմանը[10]։ Հաճախ օգտագործվում են քթի սփրեյներ, բայց հիմնականում դրանք անուրդյավետ են բուժման համար։ Սիմպտոմների կտրուկ զարգացման դեպքում ստերոիդները օգտագործվում են բերանային ուղիով, սակայն դրանք երկար ժամանակ օգտագործել չի կարելի՝ կողմնակի ազդեցությունների պատճառով։ Քանի որ ստերոիդները միայն փոքրացնում են պոլիպի չափը և այտուցվածությունը, դրանց օգտագործումը դադարեցնելիս հիվանդներն ունենում են սիմպտոմների կրկնություն[10] : Դեկոնգեստանտները չեն փոքրացնում պոլիպը, բայց կարող են նվազեցնել այտուցվածությունը և որոշակիորեն օգնել[5]։ Հակաբիոտիկները խորհուրդ են տրվում միայն այն մարդկանց, ովքեր բակտերիալ վարակ ունեն[4]։

Ասպիրինի կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների պատճառով առաջացած քթի պոլիպի սիմպտոմների նվազեցմանը կօգնի տվյալ դեղորայքից խուսափումը[10]։

Վիրահատական միջամտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինուսի էնդոսկոպիկ վիրահատությունը՝ պոլիպի հեռացումով, հաճախ արդյունավետ է շատ մարդկանց համար, քանի որ ապահովում է սիմպտոմների արագ բարելավումը։ Այն մինիմալ ինվազիվ վիրահատություն է։ Վիրահատության ժամանակ պետք է հաշվի առնել քթի խնդիրները՝ անընդհատ արտադրությունը, քթի՝ պոլիպի պատճառով առաջացած դեֆորմացիան, շարունակական սիմպտոմները՝ չնայած բժշկական միջամտութանը[5]։ Վիրահատութան նպատակն է հեռացնել պոլիպը, ինչպես նաև այն շրջապատող բորբոքված լորձաթաղանթը, բացել խցանված ուղիները և մաքրել սինուսները։ Սա ոչ միայն վերացնում է պոլիպների կողմից առաջացրած խոչընդոտները, այլև նպաստում է դեղանյութերի (օրինակ՝ լվացող հեղուկներ, ստերոիդներ) ավելի արդյունավետ օգտագործմանը[14]։

Վիրահատությունը տևում է մոտավորապես քառասունհինգ րոպեից մեկ ժամ և կարող է կատարվել ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ[14]։ Շատ հիվանդների մոտ, նրանց ցանկությամբ, վիրահատությունը կատարվում է առանց անզգայացման։ Վիրահատությունից հետո ժամանակավորապես դիտվում է քթում անհանգստութան զգացողություն։ Վիրահատական բարդություններ հազվադեպ են հանդիպում, սակայն երբեմն կարող են լինել արյունահոոություններ, բացի այդ, այն կարող է բացասական ազդեցություն թողնել ուղեղի և աչքերի վրա[15]։

Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս վիրահատությունից առաջ օգտագործել բերանային ուղիով տրվող ստերոիդներ՝ լորձի բորբոքումը և վիրահատության ժամանակ արյունահոսությունը նվազեցնելու նպատակով[10]։ Վիրահատությունից հետո նույնպես պետք է օգտագործել քթի ստերոիդ սփրեյներ՝ հիվանդության կրկնությունը կանխարգելելու համար, քանի որ վիրահատությունից հետո դրանք հաճախ կրկնվում են[5]։ Հետևաբար՝ համատեղելով բժշկական և վիրաբուժական բուժումը կստացվի դրական արդյունք[10]։

Համաճարակաբանութոուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի քրոնիկ սինուսիտը հանդիպում է բնակչության 4.3%-ի մոտ[4]։ Այն տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց, և տղամարդկանց մոտ քառասուն տարեկանից հետո դրա հանդիպման հաճախականությունը կտրուկ աճում է[4]։

Քթի քրոնիկ սինուսիտ ունեցող մարդկանց 10-54%-ը ունեն ալերգիա։ Ասպիրինի զգայունությամբ մարդկանց մոտավորապես 40-80%-ի մոտ առաջանում է քթի պոլիպ[4]։ Մուկովիսցիդոզ ունեցող մարդկանց 37-48%-ի մոտ հանդիպում է քթի պոլիպ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Newton, JR; Ah-See, KW (2008 թ․ ապրիլ). «A review of nasal polyposis». Therapeutics and Clinical Risk Management. 4 (2): 507–12. doi:10.2147/tcrm.s2379. PMC 2504067. PMID 18728843.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Yellon, Robert (2018). Zitelli and Davis' Atlas of Pediatric Physical Diagnosis. էջեր 868–915. ISBN 978-0323079327.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Murr, Andrew (2016). Approach to the Patient with Nose, Sinus, and Ear Disorders. էջեր 2585–2592. ISBN 978-1455750177.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Bachert, Claus (2014). Middleton's Allergy: Principles and Practice. էջեր 686–699. ISBN 9780323113328.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Haddad, Joseph (2016). Nelson Textbook of Pediatrics. էջեր 2010=2011. ISBN 978-1455775668.
  6. 6,0 6,1 6,2 DeMuri, Gregory (2015). Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases. էջեր 774–784. ISBN 978-0443068393.
  7. Behrbohm, Hans; Kaschke, Oliver (2011 թ․ հունվարի 1). Ear, Nose, and Throat Diseases: With Head and Neck Surgery (անգլերեն). Thieme. ISBN 9783131702135.
  8. 8,0 8,1 Insalaco, Louis (2017). Ferri's Clinical Advisor. էջ 885.
  9. Wilkins, Lippincott Williams & (2009). Professional Guide to Diseases (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. ISBN 9780781778992.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Courey, Mark (2016). Upper Airway Disorders. էջեր 877–896. ISBN 978-1455733835.
  11. «Nasal Endoscopy». care.american-rhinologic.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. Richard M. Berger. «Diagnosis: Antral choanal polyp». University of Kansas School of Medicine. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  13. Michaels, Leslie (2012 թ․ դեկտեմբերի 6). Ear, Nose and Throat Histopathology (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 168. ISBN 9781447133322.
  14. 14,0 14,1 Soler, Zachary (2015). Cummings Otolaryngology. էջեր 702–713. ISBN 978-0323052832.
  15. «Endoscopic Nasal & Sinus Surgery». care.american-rhinologic.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթի պոլիպ» հոդվածին։